Որքան մոտենում է 2015 թվականի հունվարի 1-ը, երբ Հայաստանը դառնալու է Եվրասիական միության լիիրավ անդամ, այնքան տեղի են տալիս իշխանության մեջ թաքնված 6-րդ շարասյան ներկայացուցիչների նյարդերը: Ինչպես հայտնի է, 6-րդ շարասյուն են անվանում նրանց, ովքեր թաքնվելով իշխանական դիմակի տակ, իրականում ամեն ինչ անում են իշխանությունների քաղաքական կուրսը սաբոտաժի ենթարկելու համար: Հասկանալի է, որ շուրջ 20 տարի Հայաստանի իշխանական համակարգը այս կամ այն չափով գտնվել է ամերիկյան եւ եվրոպական կառույցների վերահսկողության ներքո, հետեւաբար իշխանության բոլոր օղակներում աճել են արեւմտամետ հոգեբանություն, ինչպես նաեւ կախվածություն ունեցող կադրեր:
Անհանգստություն են ապրում նաեւ օլիգարխները, որոնք գիտակցում են, որ ԵՏՄ մտնելով` Հայաստանում էլ ավելի ազատ է դառնալու տնտեսական մրցակցությունը, եւ նրանք կզրկվեն իրենց համար ստեղծված ջերմոցային պայմաններից: Ու թեեւ մի շարք բիզնեսմեններ իրենց փորձում են դրսեւորել որպես իշխանության բարեկամներ ու համախոհներ, այնուամենայնիվ, նույնպես աշխատում են իշխանությունների դեմ: Վեցերորդ շարասյան նյարդայնացած վիճակը փոխանցվում է նաեւ այդ շարասյան վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներին, ինչպես նաեւ փորձեր են կատարվում իշխանամետ ԶԼՄ-ներում աշխատող ընդդիմադիր կադրերի միջոցով համապատասխան նյութեր անցկացնելու համար: Օրինակ, news.am կայքի մեր աղբյուրը փոխանցում է, որ որոշ աշխատակիցներին հանձնարարական է տրված` բոլոր հնարավոր միջոցներով վարկաբեկել ՀՀԿ խմբակցության այն պատգամավորներին, ովքեր հուժկու հակահարված են տալիս ՀՀՇ-ի ու ԲՀԿ-ի հարձակումներին: