ՊԱՅՔԱՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է "ՏՈՏԱԼ ԵՎ ԱՆԻՄԱՍՏ ԲՆՈՒՅԹ"
Արխիվ 12-16ՊԱՅՔԱՐԸ ՍՏԱՆՈՒՄ Է "ՏՈՏԱԼ ԵՎ ԱՆԻՄԱՍՏ ԲՆՈՒՅԹ"
Արդեն հայտնի է, թե երբ է տեղի ունենալու Հայաստանի` Եվրասիական միությանն անդամակցելու համաձայնագրի վավերացումը: Նոյեմբերի 17-18-ին տեղի է ունենալու արտահերթ նիստ, որի ընթացքում էլ կլինի վավերացումը: Այսպիսով` եվրասիական ինտեգրման գործընթացում առկա են երկու ուղենիշ` նոյեմբերի կեսը եւ 2015-ի սկիզբը: Առաջին ուղենիշը այն ժամկետն է, որի ընթացքում տեսականորեն հնարավոր է խոչընդոտել վավերացմանը, սակայն դրա գործնական հնարավորությունները չեն երեւում: Դե, իսկ մյուս տարվա սկզբից մեր երկիրն արդեն ԵՏՄ-ի լիիրավ անդամ է լինելու: ՀՈՒԺԿՈՒ ՊԱՅՔԱՐԻ ԻՄԻՏԱՑԻԱ
ՀԱԿ-իստները անընդհատ փորձում են տպավորություն ստեղծել, իբր հոկտեմբերի 24-ը դառնալու է սրընթաց իշխանափոխության սկիզբը, եւ իբր իշխանությունն ահավոր վախենում է այդ օրվանից: Սույն, մեղմ ասած, անհիմն պնդումը անընդհատ հնչում է տարբեր տրամաչափի ՀՀՇ-ականների ու հատկապես Լեւոն Զուրաբյանի շուրթերից, սակայն բացի ժպիտից էլ ուրիշ արձագանք չի կարող առաջացնել: Դրան կարող են հավատալ միայն նրանք, ովքեր շատ են ուզում հավատալ եւ խորասուզվել են ինքնախաբեության ճահճում: Մեկ էլ հույսեր կան, որ այդ հեքիաթով միգուցե հնարավոր է կերակրել բողոքավոր ընտրազանգվածի ամենադյուրահավատ մասին: Հենց դյուրահավատների որսով են զբաղված ՀԱԿ-իստները` խմբակցության ղեկավարով սկսած, դեղնակտուց ֆեյսբուքյան ակտիվիստներով վերջացրած, եւ ԲՀԿ-ի օսկանյանական թեւը, եւ այդ հեքիաթը տիրաժավորելու նպատակով իզուր տեղը վատնվել են համացանցային տարածքի բազում տերաբայթեր: Բայց նյութեղեն իրականությունը կտրուկ տարբերվում է վիրտուալ իրականությունից:
Այսպես` ՀԱԿ-ի եւ "Ժառանգության" միջեւ հարաբերությունն այն աստիճանի է սրվել, որ անհնարին է դարձել "եռյակի" առաջնորդների միասնական հանդիպումը, եւ ուզած-չուզած Գագիկ Ծառուկյանն առանձին-առանձին է հանդիպել Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ուշագրավ է եւ հետեւյալը` ԱԺ-ում "կառավարման ճգնաժամի մասին" արտահերթ նիստ հրավիրելու փորձին չի մասնակցել "Ժառանգությունը", ստորագրել են բացառապես ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի պատգամավորները: Բնականաբար, նախաձեռնողներն են Նաիրա Զոհրաբյանն ու Լեւոն Զուրաբյանը: Այսինքն` փաստացի "եռյակն" արդեն վերածվել է "երկյակի", եւ "Ժառանգության" հետ քաղաքական ապահարզանի պահը մոտ է:
Ավելորդ չէ նաեւ դիտարկել, թե արտահերթ նիստի համար հայտարարության ինչպիսի նախագիծ են պատրաստվել "երկյակում": Նախ` որպեսզի "հիմնավորեն", թե երկրում իրավիճակն ինչքան վատ է, նրանք վկայակոչել են բացառապես ամերիկյան կամ գրանտածիծ հաստատությունների տվյալները: Ինչեւէ, այդտեղ, այնուամենայնիվ, անդրադառնանք նրանց հիշատակած 2 թվերին: Աղքատության ցուցանիշ` 32-35%. հեղինակները մոռանում են, որ իրենց քաղաքական պապաների` Լեւոն Ակոպիչի եւ Ռոբերտ Սեդրակիչի օրոք այդ ցուցանիշը 60-70% էր: Հաջորդը` վերջին 4 տարիների ընթացքում արտագաղթել է 213 հազար մարդ, բայց առաջին ու երկրորդ նախագահների օրոք ամեն տարի այդքան կամ դրանից ավելի էր մարդ արտագաղթում: Բայց ամենածիծաղելին նրանց հետեւյալ պնդումն է. "Այսպես կոչված նախաձեռնողական քաղաքականության ձախողումների արդյունքում տուժել է Հայաստանի Հանրապետության միջազգային վարկը: Սաստկանում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջազգային մեկուսացումը": Նախ` երբ նոր էր մեկնարկում հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը, Լեւոն Տեր-Պետրոսյանը յուրայիններին կոչ էր անում հանրահավաքներ չանել, որպեսզի հանկարծ չխանգարեն "հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը": Իսկ ԲՀԿ-ն այն ժամանակ կոալիցիայի կազմում էր, եւ ամենաակտիվ ձեւով դա ողջունում էր, եւ բողոքի նշույլ իսկ չկար: Այդ թեմայով արտահայտվելու իրավունք ունեն ՀՅԴ-ն, որը համաձայն չլինելով արձանագրություններին` լքեց կոալիցիան եւ ինչ-որ չափով "Ժառանգությունը": ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն այդ հարցում պետք է ամոթխածորեն լռեն: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, "միջազգային մեկուսացմանը", ապա ինչ մեկուսացման մասին է խոսքը` ԵՏՄ մտնելու պարագայում: Ստացվում է, որ, ըստ էության, միջազգային շփում ասելով` այդ երկու ուժերը նկատի ունեն միայն Արեւմո՞ւտքը: Եթե դրան գումարենք նաեւ այն, որ օգտվում են բացառապես ամերիկյան թվերից, ապա հարց է ծագում` արդյո՞ք Ռուսաստանին դեմ չլինելը եւ ԵՏՄ-ն "անշրջելի իրողություն" համարելը սոսկ կեղծավոր դիմակ չեն: Եվ այժմ իրենցից սրընթացորեն հեռացող "Ժառանգությունը" այդպիսի դիմակ չի կրում, այլ ուղղակիորեն դեմ է արտահայտվում ԵՏՄ-ին:
"ՔԵՌԻ ՍԵՄԸ"
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ Է ԱՆՈՒՄ "ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ"
ԴԱՇՏՈՒՄ
Բնականաբար, հարց է ծագում` ինչո՞ւ են ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կրում ԵՏՄ-ի եթե ոչ կողմնակցի, ապա դրան բացասաբար չվերաբերողի դիմակ: Պատճառներից մեկն անշուշտ այն է, որ ՀՀ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությանը բացահայտ հակառուսական կեցվածքը դուր չէր գա, բայց դա միակ պատճառը չէ: Երկրորդը թերեւս այն է, որ հեղափոխական կանաչ թղթադրամների հոսքը էլ բաժին չի հասնում ՀԱԿ-իստներին, առնվազն պակասել է եւ Վարդան Սիվիլիթասիչի հիմնարկի պարագայում, հետեւաբար նրանց հույսը մնում է ԲՀԿ-ի ֆինանսական ռեսուրսի հաշվին ապրելը: Բնականաբար, "սոդերժանկայի" կարգավիճակը նշանակում է, որ նրանք հեղափոխական մտքեր կարտահայտեն ուղիղ այնքան, ինչքան թույլ կտա ԲՀԿ-ն` որպես այդպիսին: Իսկ ամերիկյան հոսքերը ուղղվել են այլ ուղղությամբ:
Ի՞նչ տեսանք ԱԺ-ում` այս վերջին քառօրյայում: ՀԱԿ-իստները բավականին պասիվ էին հակադարձում կառավարության բերած օրենսդրական նախաձեռնություններին, փոխարենը չափազանց ակտիվ էին եւ ագրեսիվ ԼՏՊ-ից պոկվածները` իրենց արեւմտամետությամբ հայտնի Նիկոլ Փաշինյանը եւ Հրանտ Բագրատյանը, գումարած նաեւ լաչառության սահմաններն ընդարձակող Զարուհի Փոստանջյանը: Իսկ եթե դատենք քվեարկությունների արդյունքներով, ապա "Ժառանգության" ներկայացուցիչները ավելի շուտ կիսում են Զարուհի Փոստանջյանի, քան ԲՀԿ-ի ուղղակի տեսակետները: Այսինքն` կարելի է ենթադրել, որ հեղափոխական կանաչ թղթադրամները ուղղվելու են "Քաղաքացիական պայմանագիր" կոչվող կառույցին եւ "Ժառանգությանը": Ու, եթե "եռյակի" հանրահավաքային ալիքը շուտ փսկի, ապա Ազատության հրապարակի ամբիոն` իր կրակոտ ելույթներով, կբարձրանա Նիկոլ Փաշինյանը, եւ, բնականաբար, նրան մշտապես ուղեկցելու են Փոստանջյանն ու Բագրատյանը: Բայց կկարողանա՞ն արդյոք նրանք լուծել ԵՏՄ համաձայնագրի վավերացման տապալման խնդիրը: Դժվար թե, ավելի շուտ նրանց վերապահվելու է ընդդիմության արեւմտամետ թեւի դերը արդեն ԵՏՄ պայմաններում: Ճիշտ է, ֆինանսավորումը առատ կլինի, սակայն ռիսկերն էլ կաճեն: Քանզի ՀՀ իշխանությունները ունենալով եվրասիական քաղաքակրթական հովանոցը, գնալով ավելի ու ավելի քիչ են հաշվի առնելու Վաշինգտոնի, Ստրասբուրգի ու Բրյուսելի հեղինակավոր կարծիքները: Շպիոնօնիկ աշխատելը եկամտաբեր լինելով հանդերձ` այլեւս չի լինի նույնքան անվտանգ, որքան "նախաեվրասիական" տարիներին: Բնականաբար, այդ ամենը վերաբերում է եւ գրանտածիծ կառույցներին ու աղանդներին:
Սակայն վերադառնանք սրընթացորեն "երկյակ" դարձող "եռյակին": Կարեւոր հարցը, որը այսօր հնչում է` առաջիկա հանրահավաքին կամ դրանից հետո արդյո՞ք ԲՀԿ-ն կհատի կարմիր գիծը, թե ոչ: Դժվար թե, քանզի դա երկրի ամենահարուստ կուսակցությունն է, եւ եթե վերցնենք միայն ԲՀԿ խմբակցությունը, վերջինիս գումարային հարստությունը ավելի շատ է, քան ԱԺ-ն, կառավարությունը ու ՀՀԿ-ական բոլոր համայնքապետերը միասին վերցրած: Այդտեղ գտնվող բիզնես խավը արդյո՞ք կգնա այդպիսի ռիսկի, առավել եւս, որ աչքի առաջ ունեն օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի եւ ավելի փոքր մասշտաբի բիզնեսմենների փորձը 2008-ի լեւոնական խռովությունից հետո: Բնականաբար, Լեւոն Ակոպիչի համար դա ցանկալի տարբերակ է` դրդել ԲՀԿ-ին հատելու կարմիր գիծը, բայց դրա հավանականությունը բավականին ցածր է: Կարմիր գծի մասին խոսք կլինի եւ ԵՏՄ համաձայնագրի խորհրդարանական վավերացման պահին: Ըստ ամենայնի, ԲՀԿ-ի մեծամասնությունը կգերադասի սուսուփուս կողմ քվեարկել` բացառությամբ թերեւս օսկանյանական թեւի: Իսկ թե ինչպես կքվեարկի ՀԱԿ-ը, դա արդեն առանձնապես հետաքրքիր չէ:
Ի դեպ, ըստ օդերեւութաբանների, հենց այս կիրակիից հնարավոր է ջերմաստիճանի բավականին կտրուկ նվազում, ուժեղ անձրեւներ, իսկ մի շարք մարզերում` ձյուն: Այնպես որ, աշնան թեժությունից բան չի մնում ոչ միայն քաղաքական իմաստով, այլեւ զուտ եղանակի տեսակետից: Ինչպես ասվում է հայտնի ֆիլմում "Պայքարը ստանում է տոտալ եւ անիմաստ բնույթ":
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

