ԵՌՅԱԿՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ԵՌՅԱԿՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՍՐՎՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ առաջացած վեճը վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Անցած երկու շաբաթում նրանց հարաբերությունները էլ ավելի են սրվել: Սակայն անհամաձայնություններ են ծագել նաեւ ԲՀԿ-ի եւ ՀՀՇ-ի (ՀԱԿ-ի) միջեւ այն կապակցությամբ, որ ԼՏՊ-ն առանց որեւէ մեկի հետ համաձայնեցնելու, հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը կապ չունի եռյակի հետ:
Այդ հայտարարությունը խիստ դժգոհություն է առաջացրել ԲՀԿ-ում, եւ հատկապես դրանից խիստ վրդովվել են պատգամավորներ Վարդան Օսկանյանը եւ Վահե Հովհաննիսյանը: Մեր տեղեկություններով, Ռոբերտ Քոչարյանի դերակատարության վերաբերյալ ԲՀԿ-ի ու ՀՀՇ-ի միջեւ բանավեճ է եղել դեռեւս մինչեւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը, երբ ԼՏՊ-ն այցելեց ԲՀԿ-ին, Գագիկ Ծառուկյանի մոտ` կոնյակի գործարան: Դեռ այն ժամանակ հանդիպման ընթացքում վեճ ծագեց Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, երբ առաջինը պնդում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ունենա մեծ դերակատարում գործընթացներում, իսկ ՀՀՇ-ի առաջնորդը հակադրվում էր դրան: Այնուամենայնիվ, այս հարցի շուրջ վերջնական որոշում ընդունված չէր, եւ հանրահավաքում ԼՏՊ-ի հայտարարությունը ԲՀԿ-ն դիտարկում է որպես պայմանավորվածությունների խախտում: Ըստ էության, Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է տարանջատել ԲՀԿ-ն Ռ. Քոչարյանից եւ օգտագործելով ԲՀԿ-ի ֆինանսական, մարդկային ռեսուրսները` ինքը դառնա ներկայիս եռյակի առաջնորդ, ունենալով շատ ավելի մեծ փորձ քաղաքական ինտրիգներում, քան Գագիկ Ծառուկյանը: Մյուս կողմից` ԼՏՊ-ն հասկանում է, որ իր ծրագիրը կձախողվի, եթե նա չկարողանա տարանջատել ԲՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանից: Այդ դեպքում X պահին, որպես շարժման առաջնորդ, ի հայտ կգա Ռոբերտ Քոչարյանը, իսկ իրեն` ԼՏՊ-ին, կմնա երկրորդական դերակատարությունը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

