ՀՊՖՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Արխիվ 12-16ՀՊՖՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ԵՐԵՎԱՆՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, վերադառնալով Ավստրիայում և Գերմանիայում ունեցած հյուրախաղերից, ամփոփում է Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը, որով մեկնարկել էր իր 2014-2015թթ. համերգաշրջանը: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնը կայանում է ՀՀ Նախագահի Տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Ալեքսանդր Չաուշյանը:
Հոկտեմբերի 4-11-ը նվագախումբը հյուրախաղային երկու համերգ Է ունեցել Ավստրիայում և մեկ համերգ Գերմանիայում: Առաջինը տեղի է ունեցել Լինց քաղաքում` հոկտեմբերի 5-ին Բրուքներհաուս լեգենդար համերգասրահում, որտեղ Հայաստանի Ֆիլհարմոնիկին վստահվել է ներկայացնել մեծագույն կոմպոզիտոր Բրուքների անունը կրող շատ հեղինակավոր փառատոնի հանդիսավոր փակման համերգը: Իսկ հաջորդ օրը նվագախումբը հյուրընկալվել է Կլագենֆուրտի Մյուզիքվերեյն Կառնտեն համերգասրահում: Հյուրախաղային վերջին ելույթը Լյուբեկե քաղաքի Շտադհալե սրահում էր հոկտեմբերի 10-ին, երբ Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել գերմանացի հայտնի դաշնակահար Անդրեաս Ֆրյոլիխը: Ավստրո-գերմանական այս հյուրախաղերի ընթացքում ներկայացվեցին Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան, Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը, Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և սյուիտը Սպարտակ բալետից, Մուսորգսկու «Գիշերը լերկ լեռան վրա» և Միրզոյանի «Շուշանիկ» սիմֆոնիկ պոեմները: Նվագախմբի հետ որպես մենակատար հանդես է եկել նաև ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը: Շնորհիվ հյուրախաղային այս շրջայցի ՀՊՖՆ-ը ձեռք բերեց 2016-ին և 2017-ին արտերկրում համերգներով հանդես գալու նոր հնարավորություններ:
Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը ընթացող ամենամյա փառատոնի ծրագիրը ներառեց 9 համերգ: Նվագախմբի հետ հանդես են եկել այնպիսի անուններ, ինչպիսիք են Բորիս Բրովցինը, ջութակ (Մեծ Բրիտանիա), Էշլի Վոսը, դաշնամուր (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կրիլովը, ջութակ (Ռուսաստան), Կիրիլ Գերշտեյնը, դաշնամուր (ԱՄՆ/Ռուսաստան) և ուրիշներ: Կամերային համերգների շրջանակներում հանդես են եկել նաև Ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներ Յանա Դարյանը (ալտ) և Կարեն Խաչատրյանը (կոնտրաբաս): Այս տարի հայ երիտասարդ երաժիշտներին վարպետության դասեր են տվել Էշլի Վոսը, Բորիս Բրովցինը, Ալեքսանդր Չաուշյանը, Վահրամ Սարաջյանը, Դիմուտ Պոպպենը և Սիմոն Տրպչեսկին:
Փառատոնի եզրափակիչ հանդիսավոր համերգը կկայանա հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Երեկոն իրենց ելույթներով կնշանավորեն դաշնակահար Սիմոն Տրպչեսկին (Մակեդոնիա) և մեծ ճանաչում ունեցող բրազիլացի կիթառահար Ֆաբիո Զանոնը:
Հայտնենք նաև, որ համերգից առաջ նախասրահում կլինի լուսանկարիչ Սոնա Անդրեասյանի «Երաժշտության կադր» խորագրով ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն վերջին երկու տարիների Ֆիլհարմոնիկյան համերգների լավագույն ակնթարթները:
Համերգաշրջանի գլխավոր հովանավորն է ՎիվաՍելլ ՄՏՍ ընկերությունը:
Ֆաբիո Զանոն, կիթառ
Ծնվել է Բրազիլիայում: Կիթառ սկսել է պարապել հոր ղեկավարությամբ և ուսումը շարունակել Անտոնիո Գուեդեսի և Էնրիկե Պինտոյի մոտ: Ավարտել է Սան Պաուլոյի համալսարանը (նաև որպես կոմպոզիտոր և դիրիժոր): Կատարելագործվել է Մայքլ Լեվինի ղեկավարությամբ Լոնդոնի Royal Academy of Music-ում: Մասնակցել է Ջուլիան Բրիմի վարպետության դասընթացներին և ստացել Լոնդոնի համալսարանի մագիստրոսի աստիճան: 1995-ին հաջողությամբ կայացել է նրա մենահամերգը Լոնդոնի Wigmore Hall-ում:
Ֆաբիո Զանոնի լայն ճանաչումն սկսվել է 1996-ից, երբ նա Առաջին մրցանակներ շահեց Իսպանիայի և Ամերիկայի կիթառահարների միջազգային մրցույթներում: Դրան հաջորդեցին 56 համերգներ ԱՄՆ-ում և Կանադայում և առաջին երեք CD-ների թողարկումը, որոնք նշանավորեցին կիթառահարի մուտքը միջազգային ասպարեզ: Gramophone ամսագիրը լավագույնը համարեց Զանոնի` Վիլա-Լոբոսի գործերի ձայնագրությունը Naxos ֆիրմայում: Նրա նվագախմբային բեմելը կայացավ 1998-ին Լոնդոն Ֆիլհարմոնիկի հետ` Պիացոլայի Կիթառի կոնցերտի կատարմամբ:
Ֆաբիո Զանոնի նվագացանկը ներառում է կիթառի համար գրված ավելի քան 20 կոնցերտներ: Նրա մանկավարժական գործունեությունը կապված է հեղինակավոր համալսարանների, կոնսերվատորիաների և փառատոնների վարպետության դասընթացների հետ (Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա և Բրազիլիա):
Ներկայումս նախատեսված են Զանոնի ելույթները ԱՄՆ-ում, Կանադայում, Անգլիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Չեխիայում և Միջին Արևելքի երկրներում:
Սիմոն Տրպչեսկի, դաշնամուր (Մակեդոնիա)
Ծնվել է 1979-ին Մակեդոնիայում: Ավարտել է Սկոպիայի համալսարանի երաժշտական բաժինը (պրոֆ.Բորիս Ռոմանովի դասարան): Միջազգային մրցույթների դափնեկիր է (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Չեխիա): Եղել է BBC New Generation Scheme ծրագրի անդամ (2001-2003): Արժանացել է Թագավորական ֆիլհարմոնիկ կազմակերպության Young Artist մրցանակին, ինչպես նաև Մակեդոնիայի Նախագահի մրցանակին: 2011-ին նրան շնորհվել է Մակեդոնիայի Ազգային արտիստի կոչում:
Ելույթներ է ունեցել London Symphony, City of Birmingham Symphony, Philharmonia, Halle, Royal Liverpool Philharmonic, London Philharmonic, Royal Concertgebouw, Ռուսական ազգային, Մեծ թատրոնի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Բեռլինի Deutsches Symphonie-Orchester, Համբուրգի NDR Sinfonieorchester, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Ֆիլադելֆիայի, Քլիվլենդի, Բոստոնի, Ճապոնիայի, Կորեայի, Հոնգ Կոնգի ֆիլհարմոնիկ, Սիդնեյի և Մելբուրնի սիմֆոնիկ և այլ հայտնի նվագախմբերի հետ (դիրիժորներ` Մարին Էլսըփ, Վլադիմիր Աշկենազի, Լայընել Բրինգուիեր, Լորին Մաազել, Վասիլի Պետրենկո, Յան Պասկալ Տորտելիե, Ջանանդրեա Նոզեդա և ուրիշներ):
Մենահամերգներ է ունեցել Եվրոպայի և Ամերիկայի հեղինակավոր համերգասրահներում, ձայնագրություններ կատարել Classic FM, “Wigmore Hall Live”, EMI, Avie և այլ ֆիրմաներում` արժանանալով տարբեր մրցանակների (ձայնագրությունների թվում` Չայկովսկու, Ռախմանինովի,Սկրյաբինի, Ստրավինսկու, Պրոկոֆևի, Դեբյուսիի և այլ կոմպոզիտորների գործեր):
Մակեդոնիայի Մշակույթի նախարարության, Kultur Op առաջատար մշակութային կազմակերպության աջակցությամբ Սիմոն Տրպչեսկին մշտական աշխատանք է տանում Մակեդոնիայի երիտասարդ կատարողների նոր սերնդի դաստիարակման ուղղությամբ: 2014-ից համարվում է Լիվերպուլ ֆիլհարմոնիկի Artist in Residence-ը: Այստեղ նա հանդես է գալու կամերային երաժշտության ծրագրերով, մասնավորապես նվագելով և ղեկավարելով Շոստակովիչի թիվ 1 կոնցերտը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

