ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ «ԲՈԲՈՆԵՐԻ» ԵՎ ՀՅԴ-Ի ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ «ԲՈԲՈՆԵՐԻ» ԵՎ ՀՅԴ-Ի ՄԱՍԻՆ
Հերթական անգամ տապալվեց ոչ իշխանական «եռյակի» արտահերթ նիստ հրավիրելու անասելի ցանկությունը: Այս անգամ նրանց նույնիսկ չաջակցեց ոչ վաղ անցյալում համախոհ համարվող ՀՅԴ-ն: Ավելին` նույնիսկ ՀՅԴ ղեկավարության կողմից այս նախաձեռնությունն արժանացավ քննադատության, քանի որ «եռյակը» ՀՅԴ-ին դեմ էր տվել մի փաստաթուղթ եւ պահանջել, որպեսզի ստորագրվի: «Եռյակի» ուրացումը ՀՅԴ-ի կողմից եւ վերջիններիս իրավացի նեղսրտումն ընդունեց նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով երեկ «եռյակի» ուժերի քննարկումից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց. «Չեմ կարող չասել, մենք իսկապես պայմանավորվել էինք Դաշնակցության հետ, որպեսզի 12 կետերի հետ կապված` «քառյակի» նիստ հրավիրեինք: Ցավոք սրտի, մենք չպաշտպանեցինք մեր այդ պայմանավորվածությունը, ինչը, բնականաբար, որոշակիորեն շատ ընդգծված լուրջ գնահատականի արժանացավ մեր գործընկերների` Դաշնակցության կողմից: Ինչ-որ տեղ հասկանալի է, եթե ինչ-որ փաստաթղթի տակ որեւէ մեկը պետք է ստորագրի, պետք է նախ այդ քաղաքական ուժը մասնակցի այդ փաստաթղթի ձեւավորմանը»: Ապա Ռ. Հակոբյանն անդրադարձավ ՀՅԴ-ական այն խոսակցություններին, թե «եռյակը» բանակցում է իշխանությունների հետ. «Եթե բանակցություններ չլինեն, չեմ պատկերացնում` ինչ կլինի այս պետության մեջ: Բայց մի ձեւակերպումը հետաքրքիր էր, որ ասել են, թե «նրանք էլ են բանակցում», այսինքն` մենք բանակցում ենք, նրանք էլ են բանակցում. մոտավորապես այսպես: Բայց ես դրա վրա չեմ կենտրոնանա, որովհետեւ մենք իսկապես չենք բանակցում: Համենայն դեպս, ես չեմ տեսել կամ գոնե տեղյակ չեմ: Եվ «Ժառանգության» անունից կարող եմ ասել, որ իշխանության հետ որեւէ բանակցային գործընթաց չկա: Բայց մյուս կողմից այդպես «բոբո» մի դիտեք բանակցությունը: Եթե վաղը անհրաժեշտ լինի միասին քննարկել պետությունն այս վիճակից դուրս հանելու հարցը, դա նորմալ քաղաքական մշակույթ է...»: Ի դեպ, ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, եթե անգամ «եռյակը» այս անգամ էլ միասնական ծրագիր չունենա, միեւնույնն է, հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին «Ժառանգությունն» ու կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու են: Այսքանից հետո մազոխիստական տպավորություն է թողնում վերոնշյալ կուսակցությունը: Ինչքա՞ն կարելի է կանգնել երկու ուժերի կողքին, ով ոչ թե քեզ փոքր եղբոր տեղ է դնում, այլ ընդհանրապես արհամարհում է, ինչպես ցույց տվեց հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

