ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԱՍԽ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ ԿԻՆՈ ՄԵԾ ԷԿՐԱՆԻ ՎՐԱ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է 27 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից իրականացվող ամենամյա "Կինոաշուն" ազգային կինոյի ամիս" ծրագրի պատասխանատուներն այս տարի ցուցադրություններ են նախատեսել նաեւ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում: Ծրագրի հեղինակները կարեւորելով սահմանամերձ շրջանների նշանակությունն ու դերը մեր երկրի սահմանների ամրության գործում, այս տարի առաջին անգամ "Կինոաշնան" ցուցադրումների ցանկում ավելացրել են "սահմանապահ գյուղերը":
Առաջին ցուցադրությունը նախատեսված էր հենց Արարատի մարզի Երասխ գյուղում: Պատերազմից տուժած ու դեռեւս լիովին չվերականգնված դպրոցի բակում այդ օրը գյուղի համար անսովոր իրարանցում էր: Աշակերտները տոնական տրամադրությամբ հավաքվել էին դպրոցի բակում` կինո նայելու: Երասխցիների համար ընտրվել էին հին ու նոր հայկական ֆիլմեր` մեծերի ու փոքրերի համար: 800 բնակիչ ունեցող Երասխ սահմանամերձ գյուղում վերջին անգամ կինո մեծ էկրանի վրա ցուցադրվել էր 27 տարի առաջ` գյուղի ակումբում, որտեղ ժամանակին կար ֆիլմերի ցուցադրության համար անհրաժեշտ տեխնիկա ու դահլիճ: Երասխում նոր ֆիլմերն ամենաուշն էին հասնում` Արմաշից հետո, քանի որ ամենավերջին գյուղն էր` սահմանին շատ մոտիկ: Այս մասին պատմեց Երասխի միջնակարգ դպրոցի պահակը` Աբով Գրիգորյանը: Տարեց երասխցին մեղմ ժպիտով ու ակնածանքով խոսեց այն օրերից, երբ գյուղն ուներ մեծաթիվ բնակչություն, աշխույժ մշակութային կյանք, իսկ մարդիկ էլ ուրախ էին ու անհոգ: Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, որը վերջին երկու տարիներին է ղեկավարում համայնքը, նշեց, որ նման նախաձեռնությունները ոգեւորող են, հատկապես սահմանին ապրողների համար: "Նրանք ապրում են այստեղ ու իրենց գոյությամբ պահում սահմանը, նրանց հասու չեն մշակութային միջոցառումները, կինոն, թատրոնը, այնպես որ, այս ցուցադրությունը ուղղակի նվեր է բոլորիս",- նշեց գյուղի ղեկավարը: