ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ. "ԵՍ ԳՆԱՀԱՏՎԵԼՈՒՆ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՍՊԱՍԵԼ"
Արխիվ 12-16ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ. "ԵՍ ԳՆԱՀԱՏՎԵԼՈՒՆ
ԵՐԲԵՔ ՉԵՄ ՍՊԱՍԵԼ"
Հաճախ է խոսվում Մնջախաղի թատրոնի սեփական տանիք ու տարածք ունենալու խնդրի մասին, բայց քչերն են կենտրոնանում թատրոնի կադրերին ու անհատականություններին: Օրինակ, վերջերս Ծաղկաձորում տեղի ունեցած Մնջախաղի փառատոնի ժամանակ օտարերկրյա մնջախաղացների կողքին կրկին բեմում փայլեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ, 67-ամյա մնջախաղաց Յուրի Կոստանյանը, ով ցույց տվեց մեր հյուրերին ու հանդիսատեսին, թե ինչպես պետք է մնջախաղացը շարժվի եւ մինչեւ որ տարիքը կարող է շարժվել բեմում: Էլ չենք ասում, թե ինչպես վերջինս ներկայացման վերջում նետեց իրեն մոտակա շատրվանների մեջ ու իմպրովիզային յուրահատուկ էֆեկտ հաղորդեց երեկոյին:
Եկեք համաձայնենք, որ մեր երիտասարդ մնջախաղացներից ու դերասաններից ոչ բոլորն են դեռեւս երիտասարդ տարիքում նման առույգությամբ խաղում, ինչ մնաց թե հասնեն այդ տարիքին: Այնուամենայնիվ, թե ինչն է պատճառը, որ նոր սերնդի մեջ չկան մրցակիցներ, "Իրավունքը" պարզեց հենց ՅՈՒՐԻ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՑ:"ՋՈՒՐՆ ԱՆԸՆԴՀԱՏ
ՄԻ ՏԵՂ ԿԱԹԻ` ՔԱՐԸ ԿԾԱԿԻ"
-Մրցակիցներ կան, պարզապես նոր սերունդը հետեւողական մի ուղղություն հասկացողությունը վերցնելու տեսանկյունից թերանում է, չհասկանալով, որ ջուրն անընդհատ մի տեղ կաթի` քարը կծակի: Իրենց պետք է համոզել, որ մտնեն այդ երեւույթի մեջ եւ շարունակական, չշտապեն ճանաչում, համբավ ունենալ, այն ինքն իրեն կլինի, եթե դու ամենօրյա գործընթացի մեջ լինես: Ասենք, ես քարտաշ եմ, ամեն օր քար եմ տաշում, ես մի տարում վարպետ կդառնամ, իսկ այն մեկը, ով չի ուզում մի ուղղությամբ գնալ, նա 5 տարում էլ վարպետ այդպես էլ չի դառնա:
- Պարոն Կոստանյան, Մնջախաղի փառատոնի ընթացքում Հայաստան էին եկել տարբեր երկրների մնջախաղացներ: Եթե համեմատականներ անցկացնենք, մենք շա՞տ հետ ենք:
- Մի քիչ դժվար է ինքդ քեզ համեմատել: Տեխնիկայի առումով ճապոնիան ավելի հարուստ է, ասելիքի խորության եւ այլնի տեսանկունից` չեմ կարող այդպես ասել, բայց մենք այդ առումով ուժեղ ենք: Օրինակ ճապոնացին շատ գեղեցիկ թեմա է վերցնում, բայց չի կարողանում մատուցել այնպես, ինչպես մենք ենք կարողանում մատուցել:
"ԿԱՆ ՆԱԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԻ
ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐ"
-Հարցազրույցներում պարոն Դադասյանը հաճախ է խոսում, որ մնջախաղի դերասանուհիներն ամուսնանալուց հետո երբեմն թողնում են կարիերան: Այդ խնդիրը կարծես հավերժակա՞ն է մնջախաղում:
- Այդ խնդիրը մշտական կլինի, բայց գոյություն ունեն տեսակներ: Օրինակ Նարինե Գրիգորյանը, ում հետ խաղում ենք "Շրջանակից դուրս" ներկայացման մեջ: Նա երիտասարդ դերասանուհի է, հետաքրքիր ռեժիսոր, բայց արդեն վաստակավոր արտիստ: Վերջերս մի ներկայացում բեմադրեց Համազգային թատրոնում "Լյու-Բոֆ", եւ գիտե՞ք, թե ինչպես է այդ ներկայացումը հանձնել, մինչեւ ծննդաբերության նախորդ օրը փորձել է հանձնել ներկայացումն ու գնացել ծննդաբերության: Եվ կարճ ժամանակ անց ծննդաբերելուց հետո կրկին վերադարձել թատրոն ու խաղացել ներկայացումը: Ես այդ օրինակը բերեցի, որ հասկանալի լինի` կան նաեւ այդ կարգի երեւույթներ:
"ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ
ՊԱՏՃԱՌԸ ՔՈ ՄԵՋ ՓՆՏՐԻՐ"
-Ասում են` Մնջախաղի թատրոնում վաստակ ունեցող արտիստները տեղ չունեն: Իսկ իրականո՞ւմ:
- Բացարձակ, ինքս արդեն օրինակ եմ, թույլ են տալիս, այն էլ ինչպես: Ես մի բան կասեմ, եթե ինչ-որ բան է տեղի ունենում, առաջին հերթին անդրադարձիր, թե որտեղ է գաղտնիքը, իսկ դժվարությունը կամ պատճառը քո մեջ փնտրիր, ոչ թե քեզնից դուրս: Եթե մեկը վատն ասաց իմ մասին, ես կփնտրեմ իմ մեջ, ոչ թե ասեմ` վատ մարդ է, որովհետեւ ինձ վատ բան ասաց: Ես մի հաղորդում էի ուզում անել` "Իսկ դո՞ւ" վերնագրով: Մեկն ասում է` այս հասարակության մեջ սա այսպես, նա` այնպես, իսկ դո՞ւ, դո՞ւ ինչպե՞ս ես ապրել, որ հիմա փնովում ես ու մատնացույց անում: Երբ քո մեջ փնտրում ես ճշմարտությունները, դադարում ես ուրիշներին քննադատել: Նույն էլ մեր թատրոնում: Գուցե ես ալեգորիկ կամ մետաֆորիկ եմ պատասխանում, բայց ամեն մարդ թող իր մեջ փնտրի, թե ինչու է ինքն այդպես` թախտի՞ վրա է, թե գահի: Պիտի վազենք կամ աշխատենք, ոչ թե ասենք` այս ինչ վատ հասարակություն է, ինձ գործ չի տալիս, որ աշխատեմ, կամ էլ` երկիրը երկիր չէ:
"ԱՐՎԵՍՏԻ ԱՐԺԵՔԸ ԹԱՔՆՎԱԾ Է ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ
ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ"
-Այնուամենայնիվ, այսօր բազմավաստակ գործիչը Հայաստանում գնահատվա՞ծ է, ու արդյո՞ք լավ ժամանակներ ենք ապրում` արվեստի առումով:
- Ես գնահատվելուն երբեք չեմ սպասել: Մի քիչ ինդիվիդուալ եմ պատասխանում, բայց սովորել եմ Նարեկացուց: Գուցե մի քիչ դաժան հնչի, բայց արվեստի արժեքը թաքնված է արվեստագետի տառապանքների մեջ, ոչ թե իր էյֆորիայի ու խնջույքների:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

