ՄԻԱՅՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ 109 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՍՏԱՆԱ 270-280 ՄԻԼԻՈՆ
"Իրավունքն" արդեն առիթ ունեցել է ներկայացնելու տարբեր քաղաքական գործիչների տեսակետները այն մասին, թե ինչ ազդեցություն կունենա Հայաստանի 2015 թվականի բյուջեի վրա Եվրասիական միությանն անդամակցությունը, եւ արդյոք այդ փաստը հաշվի առնվե՞լ է բյուջեն կազմելիս, թե ոչ: Այս թեմայի շուրջ մեր հաջորդ զրուցակիցն է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ, ով համոզված է, որ ԵՏՄ-ին անդամագրվելով` պետբյուջեում, անշուշտ, դրական փոփոխություններ կլինեն.
-Ինչ խոսք, այդ հարցի պատասխանը ավելի հստակ կտրվի, երբ մենք վավերացնենք այդ պայմանագիրը: Օրինակª ավելացված արժեքի հարկը սահմանի չի գանձվելու: Կամ հասարակ օրինակ ես Ձեզ բերեմ, որպեսզի առայժմ այդքանով սահմանափակվեք, իսկ ավելի լայնածավալ տեղեկություն ես Ձեզ կտամ պայմանագիրը վավերացնելուց հետո: Տեսեք, մաքսատուրքերի մասնաբաժինը ՀՀ-ի բյուջեի մեջ կազմում է, եթե չեմ սխալվում, 3,8 տոկոս` 109 միլիոն դոլար: ԵՏՄ-ին միանալով միութենական ընդհանուր մաքսատուրքից մեզ հասնող մասնաաժինը կազմում է 1.13 տոկոս: Եկեք հաշվենք` անցած տարի այս երեք երկրները միմյանց մեջ վերաբաշխել են 226 միլիարդ դոլար, եթե անգամ համարենք, որ Հայաստանի մաքսային գումարները այնտեղ եւս կավելանան, եվ վերաբաշխման ժամանակ մենք կստանանք մոտավորապես 270-380 միլիոն դոլարի չափ գումար: Այսինքնª միայն այս մեկª մաքսատուրքի գծով եկամտային մասի տարբերությունը կազմում է մոտ 2,6 անգամ ավել. եթե մինչ ԵՏՄ-ին անդամակցությունը ստանում էինք 109 միլիոն դոլար, հիմա կստանանք առնվազն 270 միլիոն դոլար, որը մտնելու է պետբյուջեի մեջ: Մեկ այլ օրինակ եւս, այն ապրանքները, որոնք գալիս էին ԵՏՄ անդամ երկրներից եւ սահմանի վրա հարկերը գանձվում էին, ապա հիմա դրանք գանձվելու են հետագայում: Այսինքն, եթե հիմա մենք վճարում ենք միանգամից սահմանի վրա, ապա անդամագրվելուց հետո կվճարենք այդ ապրանքներն իրացնելուց հետո: - Ժամանակին հատկապես շատ խոսվեց ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերի տոկոսների սպասվող թռիչքի մասին, որը կհանգեցնի ներքին գների աճի... - Հիմա տոկոսներն այդքան էլ քիչ չեն` 32 տոկոս: Եթե հաշվի առնենք շքեղության հարկն էլ, որը հանեցինք, համարյա նույն բանն է: Եվ չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացու համար ամենամտահոգիչը մեքենաների վրա եկած մաքսատուրքերի խնդիրն է: