""ՀԱՅԱՍԻՆ" ԿՈՆԿՐԵՏ ԻՆՁ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ"
Արխիվ 12-16""ՀԱՅԱՍԻՆ" ԿՈՆԿՐԵՏ ԻՆՁ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍ Է ՀԱՍՑՐԵԼ"
"Իրավունքի" նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող "Հայասի գրուպ" ՍՊԸ-ի կողմից Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղին եւ գյուղի մոտով անցնող Շաղվարդ գետին հասցվելիք վնասների մասին խոսակցությունների թեմային, որն անցած տարվանից պարբերաբար վերաբացվում է: Խոսքն այն մասին է, որ, ըստ մի շարք, այդ թվումª Ոսկեվազի բնակիչների, "Հայասի" գործարանի թափոնները թափվում են Շաղվարդ գետը, որի պատճառով մեծ քանակությամբ ձկներ են սատկում:Եվ ահա այդ հրապարակումն ընթերցելուց հետո օրերս խմբագրություն էր դիմել Ոսկեվազ գյուղի բնակիչ Օմբերդ Բաղդասարյանըª իր հերթին պնդելով մոտավորապես նույն բանը, ավելացնելով նաեւ, թե գյուղին հասցված վնասի մեջ մեղքի իր բաժինն ունի նաեւ գյուղապետըª խնդրի վերաբերյալ իր անտարբերությամբ. "Էդ "Հայասին" իսկական չարիք է ոսկեվազցիների համար: Այսօր "Հայասիի" պատճառով Շաղվարդ գետն աղտոտված է: Գետում սատկում են ձկները, նույնիսկ գորտերը չեն ապրում, էլ չեմ ասում, որ անասուններն էդ գետի ջուրը չեն խմում: Մարդ չի կարողանում հյուր հրավիրի գյուղ` մի ահավոր, անտանելի գարշահոտ է գյուղով մեկ: Այս խնդիրը գյուղում ի հայտ է եկել այն օրվանից, երբ "Հայասիի" կոյուղին միացրեցին Շաղվարդ գետին, իսկ թե մինչ այդ ուր է գնացել "Հայասիի" կոյուղին, դա կիմանա միայն Արթուր Բաղդասարյանը եւ գյուղապետը: Եվ վիրավորականն ու զայրացնողն այն է, որ ոչ մեկը ոչ մի անգամ պատասխան չտվեց, թե ինչի համար գյուղացին` իր տան մեջ նստած, չի կարողանում ազատ մաքուր օդ շնչել: Չեք հավատա, բայց մեր գյուղից լիքը մարդիկ հենց դրա պատճառով հեռացան: Էսօր թե՛ ես, թե՛ գյուղի իննսուն տոկոսը, եթե հնարավորություն ունենանք, կթողենք կգնանք էս գյուղից: Մարդիկ կան գնացել են` ասել են` տվեք տանս փողը, թողեմ գնամ, բայց հանուն ո՞ւմ, ո՞ւմ պատճառով":
Մեր զրուցակցի խոսքով` խնդիրն անուշադրության է մատնված` առաջին հերթին հենց գյուղապետի կողմից. "Գյուղապետը առհասարակ չի հետաքրքրվում խնդրով, իր համար կարեւորը իր անձնական շահն է, այլ շահ չունի: Գյուղապետի համար ամենակարեւորը գործարանի բարգավաճումն է, գյուղացու հոգս ու դարդը գյուղապետին քիչ է հետաքրքրում: Դե պարզ է` մա՞շկն է մոտիկ, թե շապիկը":
Ընդ որում, մեր զրուցակիցը բավականին մանրամասներ պատմելով գործարանի կոյուղու եւ թափոնների մասինª իր քաջատեղյակությունը բացատրեց նաեւ նրանով, որ կոյուղագծի կառուցման ժամանակ փորձել են նաեւ իր հողամաս մտնել, որի հետ կապված բավականին ծանր վեճեր է ունեցել շինարարների հետ: Ի վերջո, ըստ նրա, կառուցվել է թափոնների կուտակման հոր, հենց որն էլ այդ խնդիրների հիմնական օջախն է դարձել. "Սկզբում ուզում էին իմ հողամասի կողքին սարքեին սեպտիկ հոր, բայց հետո իմ բազմաթիվ բողոքների արդյունքում այն, իրենց ասելով, իբր սարքել են գործարանում, բայց դա էլ հաստատ չգիտեմ: Բայց փաստը մնում է փաստ, որ գործարանի արտանետած թափոնները ուղիղ գալիս լցվում են Շաղվարդ գետը, ու դրան ոչ ոք տիրություն, պատասխան չի տալիս: Ես Ձեզ ավելին ասեմ` ես գետի տարածքում մոտ յոթ հարյուր խնձորենու տնկիներ էի դրել, բայց դրանք բոլորը սեւացան ու չորացան: Կարելի է ասել, որ "Հայասին" գյուղացիներին` կոնկրետ ինձ, նաեւ նյութական վնաս է հասցրել":
Նշենք, որ վերոնշյալի հետ կապված` փորձեցինք մեկ անգամ եւս կապվել "Հայասի գրուպի" տնօրինության հետ, սակայն, ընկերությունից մեզ պատասխանեցին, որ նրանք օրեր առաջ խնդրի վերաբերյալ պարզաբանում տվել են եւ ավելացնելու ոչինչ չունեն, քանի որ նման խնդիր չկա: Հավելենք, որ գրեթե նույն պատասխանը ստացանք նաեւ Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանից, ով մասնավորապես ասաց. "Խնդիր ունեն, թող գյուղապետարան գան, ինչ են ընկել լրատվամիջոցների դռները: Առավել եւս, որ "Հայասին" մեր գյուղին ոչ մի անհանգստություն չի պատճառում, հակառակը` գյուղացիներին աշխատատեղերով է ապահովել: Որ նման խնդիր լիներ, ես առաջինը դրա մասին կբարձրաձայնեի":
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

