ԶՈՐԱՄԱՍԸ ԼՔԵԼª ՍԻՐԱԾ ԿՆՈՋԸ ԽԵՂԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԶՈՐԱՄԱՍԸ ԼՔԵԼª ՍԻՐԱԾ ԿՆՈՋԸ ԽԵՂԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ
"Ինձ համար Հայրենիքն սկսվում է իմ ընտանիքից...": Մեծն Անդրանիկ Օզանյանի շուրթերից հնչած այս խոստովանությունը հասցեագրված էր, հավանաբար, ոչ միայն Տիրոջը...Ցավալի է այն մարդու ճակատագիրը, ում ականջները մնացել են խուլ, իսկ աչքերը կույր` համամարդկային այդ ճշմարտությունը ընկալելու համար:
N ԶՈՐԱՄԱՍԻ "ԳՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ"
Զորամասի հրամանատարի 10.05.2014թ. հրամանով` Մ. Հարությունյանը զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու համար արձակվել էր պահեստազոր: Այդ հրամանին նախորդել էրª զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի կողմիցª 09.05.2014թ. տրված եզրակացությունը, ըստ որի` "Մ. Հարությունյանի մոտ ընտանեկան խնդիրների պատճառով առաջացած հոգեկան ապրումները խանգարում են ծառայողական պարտականությունների կատարմանը, որը կարող է հանգեցնել բացասական հետեւանքների, որի համար նա ենթակա է արձակման ՀՀ ԶՈՒ պահեստազոր":
Իսկ դրանց նախորդել էր ՀՀ ՊՆ վեցերորդ կայազորային քննչական բաժնի կողմից 08.05.2014թ. ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործի հարուցման մասին որոշումը. դասակի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով ավագ սերժանտ, 1981 թվականին ծնված Մերուժան Արշակի Հարությունյանը խախտել էր մարտական հերթապահություն կրելու կանոնները:
Իսկ դրանից հետո կատարվել էր սպանություն...
ՄԵՂԱԴՐՅԱ՞ԼՆ ԷՐ ԼՔԵԼ ԶՈՐԱՄԱՍԸ
Մարտական դիրքը լքելու եւ կնոջը, իր 3 երեխաների ներկայությամբ խեղդամահ անելու համար Մերուժան Հարությունյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Իրավական տեսակետից դատավճիռը, հավանաբար, անխոցելի է: Սակայն ցավոք դատական ակտը չի թողնում այն տպավորությունը, որ Մերուժանի հանցավոր արարքները կամ դրանցից առնվազն մեկն անխուսափելի էին, հետեւաբարª նշանակելով օրինական պատիժ, դատարանը, իմ համոզմամբ, անգամ չուրվագծեց այն դասերը, որոնք պետք է քաղվեին տեղի ունեցած ողբերգությունից:
Դատարանը հաստատված էր համարել, որ Մերուժանը մայիսի 2-ից մինչեւ մայիսի 16-ը նշանակված էր եղել մարտական հերթապահության: Պարզել էր նաեւ, որ նա մայիսի 6-ին` ժամը 21:00-ից մինչեւ 23:00-ը լքել էր մարտական դիրքըª տանելով իրեն ամրակցած ինքնաձիգը: Այս դրվագով, ինչպես նշված է վերեւում, քրեական գործը հարուցվել էր մայիսի 8-ին...
Մինչդեռ, դատարանում մի վկայի կողմից տրվել էր ցուցմունք, ըստ որի Մերուժանը մայիսի 9-ին վերադարձել էր զորամաս եւ կրկին լքել էր այն մայիսի 10-ին, բայց արդեն ոչ դիրքերից: "Երբ ցանկացել ենք միասին նախաճաշել, տեսել ենք, որ Մերուժանը կրկին չկա",- ասել էր այդ վկան: Հարց է ծագում. "Ո՞վ եւ ի՞նչ նպատակով էր "շփոթել" ամսաթվերը":
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԵՎ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ
ԳԻՏԵԻՆ, ՈՐ ՆԱ ԽԱՆԴՈՒՄ Է ԿՆՈՋԸ
"Մերուժան Հարությունյանը 12.05.2014-ի առավոտյան կնոջը` Հերմինե Չիլինգարյանին, կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ, Իծաքար գյուղում գտնվող իրենց տան ննջասենյակում` անկողնու մեջ, ձեռքերով խեղդամահ էր արել նրան": Այս փաստն էլ դատարանը համարել էր հաստատված: Միաժամանակ հարցաքննված վկաների ցուցմունքներով դատարանը հաստատել էր նաեւ, որ Մերուժանի ազգական-բարեկամներն ու ծառայակիցները տեղյակ էին, որ նա կասկածում է իր կնոջն ամուսնական անհավատարմության մեջ եւ խիստ խանդում է: Հետեւաբար, անգամ համարելով, որ զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալի տեղեկանքը այն մասին, որ "Մ. Հարությունյանի մոտ ընտանեկան խնդիրների պատճառով առաջացած հոգեկան ապրումները խանգարում են ծառայողական պարտականությունների կատարմանը...", իրոք գրվել էր մայիսի 9-ին, այն եղել է անթույլատրելի ուշացված:
ՄԵՂՍՈՒՆԱ՞Կ Է, ԱՐԴՅՈՔ,
ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Որոշ փիլիսոփաներ համարում են, որ սերըª հիվանդություն է: Այդ տեսանկյունից պետք է եզրակացնել, որ խանդնª այդ հիվանդության անդարձելի բարդությունն է:
Առաջադրված մեղադրանքում Մերուժան Հարությունյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել, զղջացել էր կատարվածի համար, ասել էր, որ իր կինն իր համար "մեծ նշանակություն է ունեցել", որ երբեւէ կնոջն սպանելու նպատակ չի ունեցել: "Ես նրան խնդրել էի նստել, զրուցել, սակայն Հերմինեն ինձ հունից հանել էր, ես էլ չեմ հասկացել, թե ինչպես ստացվեց, բայց սպանեցի... Այդ պահին ես չեմ գիտակցել նույնիսկ այն հանգամանքը, որ երեխաներս նույն սենյակում քնած են եղել...":
Եթեª ոչ սիրո, բայց մասնագետները չէին համաձայնել Մերուժանի հետ եւ հստակ եզրակացրել էին. "Ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս, նա կարող էր եւ կարող է գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը եւ ղեկավարել դրանք: Ուստի իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Մերուժան Արշակի Հարությունյանին հարկ է ճանաչել մեղսունակ":
"Ճիշտ-սխալ հանելը" լրագրողի գործը չէ, իսկ որպես կյանքից դասեր չքաղած քաղաքացի` թույլ կտամ ինձ խորհել մեկ հարցի մասին.
Ի՞նչ վիճակում պետք է լինի տղամարդը, որ ձեռքի տակ ունենալով ինքնաձիգըª խեղդամահ անի հավասարապես սիրած-ատած էակին: Կամª իրականում գոյություն ունե՞ր այն երրորդ անձնավորությունը, ով դարձել էր կնոջ հանդեպ Մերուժանի նման խանդի պատճառը: Միգուցե Մերուժա՞նն էր նրան հորինելª իր ահավոր արարքի ծանրությունը մեղմելու համար: Կամ եթե այդ մեկն իրոք կար, ապա մի՞թե նա նույնպես գոնե բարոյական պատժի արժանի չէր: Առավել եւս այն պատճառով, որ նա ուրիշի օջախն էր քայքայում այն ժամանակ, երբ ընտանիքի ղեկավարը հայրենիքի սահմանները, այդ թվումª իր տունը քանդողին եւ նրա ընտանիքն էր պաշտպանում: Այս հարցի պատասխանը իրավապահները, կարծես թե, այդպես էլ չեն տվել կամ չեն էլ փորձել տալ: Եվ հենց դա էլ, կարծում ենք, այս ողբերգության բացահայտման հիմնական թերություններից է:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

