ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳԱԶԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԸ
Արխիվ 12-16ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԳԱԶԱԳՈՂՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄՂՁԱՎԱՆՋԸ
Այն, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լուրջ հայտ է ներկայացրել իր իսկ երկրի քաղաքացիների կողմից ամերիկյան բոլոր նախկին նախագահների համեմատ վարկանիշի առումով բացասական ռեկորդակիր "պատվավոր տիտղոսը" ստանալու համար եւ կամաց-կամաց հասնում է իր նպատակին, նոր բան չէ: Ասենքª այն խայտառակությանը, որին նա բախվեց օրերս, հենց այդ մասին է վկայում:
ԵՎ ԻՆՉՈՒ ԲԱՐԱՔ ՀՈՒՍԵՅՆՈՎԻՉԻՆ
ԱՅԴՔԱՆ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ
Այսպեսª նախագահ Օբաման անցած շաբաթ որոշել էր աջակցել Մերլենդ նահանգում իր կուսակցական ընկերոջըª Էնթոնի Բրաունինª նահանգապետի պաշտոնի համար պայքարում, եւ անսպասելիորեն այցելել էր թեկնածուին պաշտպանող նախընտրական միջոցառմանը: Բայց հազիվ Օբաման սկսել էր ելույթ ունենալ, երբ միջոցառման մասնակիցների զգալի մասը դուրս էր եկել դահլիճիցª ցուցադրաբար հրաժարվելով լսել նախագահի խոսքը: Ընդ որումª Բրաունը, որ մինչ այդ վստահաբար գլխավորում էր ընտրարշավը, լուրջ խնդիրների առաջ է հայտնվել Օբամայի այդ "օգնությունից" հետո: Եվ ահա դրա հետ մեկտեղ խոսակցություններ կան, որ Օբաման ցանկանում է մասնակցել նաեւ Իլինոյիս նահանգում նահանգապետի թեկնածու Պետ Քուիննի նախընտրական միջոցառումներից մեկին, ինչը լուրջ մտահոգություն է առաջ բերել թեկնածուի նախընտրական շտաբում, թեեւ չեն էլ պատկերացնում, թե ինչպես կարող են խնդրել նախագահինª իրենց ոչ մի աջակցություն չցուցաբերի:
Թե որն է Բարաք Հուսեյնովիչի արդեն գրեթե ամենօրյա դարձած վարկանիշային հակառեկորդների պատճառը, իհարկե, կարելի է բացատրել: Բայց նկատենք, որ այս օրերին ոչ միայն ամերիկացիները, այլ նաեւ եվրոպական լիդերներն են օրեցօր աճող հակակրանքով նայում Օբամայինª վերջինիս այդքան սիրելի ուկրաինական "հեղափոխականների" շնորհիվ:
Այն, որ ուկրաինական այս մեծ խաղը ուղղված էր ոչ միայն ռուսների, այլեւ եվրոպական տնտեսության դեմ, ակնհայտ էր ի սկզբանե, եւ ասել, թե Եվրոպան դա չի գիտակցում, իհարկե, միամտություն կլիներ: Չնայած դրանª Օբամային հաջողվեց համոզել Գերմանիայինª գնալ Ռուսաստանի հետ եթե ոչ լայնամասշտաբ տնտեսական պատերազմի, այլ գոնե ժամանակավոր պատժամիջոցների: Թե ինչու կանցլեր Մերկելը գնաց այդ քայլին, առավել եւսª հայտնի լրտեսական սկանդալներից հետո, այս ամիսներին վարկածներ շատ են հնչել: Սակայն գործնականում գրեթե բոլոր վարկածներն էլ հանգում են այն մտքին, որ Մերկելը համաձայնել է միայն ժամանակավորապես Օբամայի առաջարկին: Այսինքն, որ մինչեւ տարվա վերջ ուկրաինական խնդիրը գործնականում կլուծվի եւ ձմռան շեմին որեւէ հանգամանք սպառնալիքի տակ չի առնի Եվրոպայի գազամատակարարումը: Եվ նկատենք, որ ուկրաինական ողջ պատերազմի ժամանակ, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը դադարեցրեց Ուկրաինային գազ տալ, այդ երկրով դեպի Եվրոպա գնացող գազատարների հետ կապված որեւէ խնդիր չեղավ:
Թեեւ ուկրաինական բենդերականները պետք է, որ գազատարները մշտապես իրենց հարձակումների թիրախում պահեին: Իսկ դա խոսում է այն մասին, որ գազամուղներն անվնաս պահելու հարցում կոնկրետ հանձնարականներ իջեցվել են:
Սակայն փաստն այն է, որ ամառային ամիսներին Կիեւին չհաջողվեց հասնել գլխավորինª ռուսամետ կողմնորոշում ունեցող Դոնբասի նկատմամբ վերահսկողությանը, այսինքնª ուկրաինական խնդիրն այդպես էլ չլուծվեց: Դրա հետ մեկտեղª ամռանը Կիեւը կարող էր իրեն թույլ տալ եվրոպական գազին ձեռք չտալ: Բայց ահա ձմռան շեմին գազի հարցում եվրոպական մտահոգությունները հասել են գագաթնակետին, այսինքն, եթե հստակ լուծում չլինի, ապա միանշանակ գազի հարցում լուրջ խնդիրներ են առաջ գալու: Առավել եւս, որ դեռ անցած շաբաթ, մինչ "Ասիա-Եվրոպա" ֆորումին մասնակցելու համար Միլան մեկնելը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հայտարարեց, որ կկրճատեն Եվրոպայի գազամատակարարումը ճիշտ այն չափով, որքանով Ուկրաինան գազ կգողանա:
ԵՎՐՈՊԱՆ "ՎԱՅԵԼՈՒՄ Է"
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՍՈՑԱՑՈՒՄԸ
Միլանյան ֆորումի ընթացքում եվրոպացիների անհանգստությունը, մեղմ ասած, ակնհայտ էր: Առավել եւս, որ Վ. Պուտինը եւս մեկ անգամ միանշանակ ֆիքսեց, որ ամենեւին էլ չի պատրաստվում խնդիրը լուծել Ռուսաստանի հաշվին: Այսինքնª քանի դեռ Ուկրաինան չի վճարել նախկինում օգտագործած գազի դիմաց կուտակված պարտքը եւ նոր մատակարարումների համար կանխավճարը, գազ չի ստանա: Հասկանալի էª բոլորը ենթադրում են, որ դրանից հետո տեղը-տեղին "դեմոկրատացած" Ուկրաինան, քանի դեռ խողովակաշարերում գազ կլինի, գողանալու է, որից հետո ռուսները պարզապես դադարեցնելու են նաեւ Եվրոպայի գազամատակարարումը: Իսկ դա արդեն մուլտիպլիկատիվ էֆեկտով հարյուրավոր միլիարդների վնաս է պատճառելու Եվրոպային:
Խնդրի գլոբալ լուծումն ուկրաինական ճգնաժամի կարգավորումն է, ինչին հասնել, բոլորն էլ հասկանում են, որ դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի: Իսկ գազի խնդիրն օրակարգային է, եւ ելքն այն է, որ Եվրոպան կա՛մ պետք է Ուկրաինային պարտադրի վճարել ռուսներին ունեցած 4,5 միլիարդ դոլար պարտքը եւ նոր մատակարարումների դիմաց կանխավճարը, կա՛մ իր գրպանից վճարի: Իհարկեª Միլանում նախ փորձեցին պարտադրել "շոկոլադե" նախագահ Պորոշենկոյինª վճարել: Բայց ամբողջ հարցն այն է, որ վճարելու դեպքում Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, միանգամից կհայտնվի դեֆոլտային վիճակում: Չվճարելու դեպքումª հաստատ լուրջ խնդիրներ կառաջանան Եվրոպայի հետ, որն Ուկրաինայի համար այս իրավիճակում դեֆոլտից էլ վատ է, էլ չասած, որ ձմռանն առանց գազի մնալովª Կիեւը հաստատ մի քանի նոր մայդանների հետ է գործ ունենալու: Արդյունքումª Պորոշենկոն Միլանում խոստացավ վճարել, բայց հիմա նույնիսկ բուքմեյքերյան խաղադրույքների թեմա է դարձել, թե նա փաստացի ինչպես կվարվի: Չվճարելու լավագույն պատրվակը կարող է Դոնբասում նոր պատերազմը լինել: Բայց դա բան չի փոխում. նախª ամռանն էին դժվարանում բանակ պահել, ուր մնաց` ձմռանը: Երկրորդը. ուկրաինական բանակում ներկայումս գնալով թափ են առնում դասալքությունները, իսկ մի շարք դեպքերում դասալիքներն անցնում են Դոնբասի զորքերի կողմը: Հետո. նոր պատերազմի դեպքում շատ մեծ է մինչեւ իսկ Կիեւը կորցնելու վտանգը: Եվ, վերջապես, պատերազմը գազի հարցը չի լուծում. այսինքնª ցրտահարության դատապարտված Կիեւում նոր մայդանների հեռանկարներն էլ ավելի կսրվեն, առավել եւս, եթե եղած ողջ պետական աղքատիկ միջոցներն ուղղվեն պատերազմական ծախսերին: Այսպիսովª կշեռքի նժարը թեքվում է վճարելու կողմը: Բայց այս դեպքում էլ դեֆոլտի խնդրին սկսել է գումարվել ԱՄՆ-ից ստացվող մեսիջներըª ռուսների հետ հարաբերությունների բարելավման առաջին իսկ ռեալ փորձի դեպքում ոչ կառավարական բոլոր զինված խմբավորումները կարող են շարժվել դեպի Կիեւ, եւ որ գազի դիմաց վճարելը Վաշինգտոնում կընկալվի ռուսների հանդեպ հենց նման բարեկամական ժեստ: Այսպիսովª Պորոշենկոն փակուղային վիճակում է եւ, թերեւս, ստիպված կլինի գնալ չվճարելու եւ եվրոպացիների գազը գողանալու ԱՄՆ-ի պարտադրած սցենարով: Բայց պակաս գազային փակուղում չէ Եվրոպան եւս, ինչը եթե ամառային ամիսներին Բրյուսելը փորձում էր չտեսնելու տալ, ապա ձմռանը, հայտնվելով նոր ճգնաժամ խոստացող տնտեսական բավականին լուրջ կորուստների վտանգի առաջ, արդեն կարող է բոլորովին այլ վերաբերմունք առաջ բերել ոչ միայն ուկրաինական ճգնաժամի, այլեւ Վաշինգտոնի նկատմամբ: Համենայնդեպսª կան խոսակցություններ, որ կանցլեր Մերկելը արդեն կնոջ դերից մինչեւ վերջ դուրս գալով է հիշում ժամանակին Օբամայի տված խոստումները, թե ուկրաինական խնդիրն այդքան չի երկարի: Բայց դե արդեն դա անցյալում է, պետք է մինչեւ վերջ խաղալ: Եվ, արդյունքում, եվրոպական օրակարգ է մտել երկու հարցադրում: Նախª շարունակե՞լ տնտեսական պատերազմը ռուսների հետ: Եվ միայն այն փաստը, որ այս հարցադրումը բաց տեքստով ներառվել է եվրոպական ամենաբարձր կառույցներում, արդեն իսկ նմանվում է Վաշինգտոնի նկատմամբ առնվազն կշտամբանքի: Եվ երկրորդը. ինչպե՞ս վարվել ուկրաինական պարտքի եւ, առհասարակ, ուկրաինական ճգնաժամի հետ: Այս առումով բավականին պերճախոս էր Մերկելին այս օրերին ընդունած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի բողոքը. "Ներողություն եմ խնդրում հյուրից, բայց ինձ մոտ այն տպավորությունն է, որ Ուկրաինան իր խնդիրների լուծումը բոլորից է սպասում, բայց ոչ երբեք իրենից": Դրա հետ համաձայնելովª Մերկելն ըստ էության հաստատեց, որ իրոք Ուկրաինայի ձեռքը կրակն են ընկել: Չնայածª հենց սա է էականը. Եվրոպան շատ էր ուզում Ուկրաինային իր հետ ասոցացնել: Դե թող հիմա "վայելեն" եւ քիչ-քիչ նախապատրաստվեն, որ հետայսու ոչ թե Վաշինգտոնը, այլ հենց իրենք են կերակրելու այդ 40-50 միլիոնանոց երկիրը: Իսկ որ ուկրաինական ախորժակը կպարտադրի եվրոպական առանցքային մայրաքաղաքներինª վերագնահատել Մոսկվայի եւ Վաշինգտոնի նկատմամբ իրենց ներկայիս մոտեցումները, ի սկզբանե էր ենթադրելի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

