ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Հիշո՞ւմ եք ռուս դասականների ստեղծած մշտապես երազող, բայց ոչնչի չհասնող Մանիլովի կերպարը: Այ, զարմանալիորեն ՀՀ քաղաքական Մանիլովի դերը ստանձնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ. "Ժողովրդի մեջ մեծ հույս է արթնացել` ամբողջ հանրապետությունը, հանրությունը, ժողովուրդը ապրում է սկսված գործընթացով, եւ մենք ժամանակ չունենք սպասելու: Ժողովուրդը չի համբերում` մենք սկսել ենք գործընթացը, որը ոչ մի դեպքում չի կարելի ձգձգել": Անշուշտ, չարժե ծանրանալ ժողովրդի ասած այն ճշմարտության վրա, որ վռազողը տղա չի բերում, սակայն զարմանքով չենք կարող չհարցադրել` այդ ո՞ր գործընթացի մասին է խոսքը: Ազատության հրապարակում եւ խորհրդարանում սարքած կրկեսային ներկայացումների՞:
Ախր, որեւէ ժողովուրդ չի կարող երկար ժամանակ բավարարվել նույն "ցիրկով"` նույն ծաղրածուների կատարմամբ: Գոնե դեմքերը փոխեն, դեկորացիաները փոխեն, համարները փոխեն: Այնուամենայնիվ, Լ. Զուրաբյանը կարող է գլուխ գովել` մի փոքրիկ հաջողությամբ: Զարմանալի է, բայց փաստ` նրան հաջողվել է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ համոզել կազմակերպել խորհրդարանական լսումներ` քաղբանտարկյալների թեմայով: Ճիշտ է, նրան չհաջողվեց համոզել, որ տիկինն իր հանձնաժողովով Շանթ Հարությունյանին ու մյուսներին անհապաղ ճանաչի քաղբանտարկյալ: Բայց, զարմանալի է, թե ինչպես բավականին շատերը հասարակ մասսայական անկարգությունների կազմակերպչին ու մասնակիցներին քաղբանտարկյալի անուն են կպցրել: Ճիշտ է, դատարանում նրանք քաղաքական ելույթներ ունեցան, բայց դա չի նշանակում, որ քաղբանտարկյալ են: Բայց նաեւ զարմանալի է ինչ-որ տեղ եւ դատախազության ու դատարանի կեցվածքը, որ դատեցին ոչ թե զանգվածային անկարգությունների, այլ խուլիգանության համար: Համ էլ, ինչո՞ւ դատարանը մատնացույց չարեց նախաքննական մարմնին, որ առավելագույն դաժանությամբ ոստիկաններին հարվածող ՀԱԿ ակտիվիստները այդպես էլ քրգործի նյութերում չընդգրկվեցին որպես մեղադրյալ:
Որոշ քարոզիչներ ու նույնիսկ քաղաքական գործիչներ փորձում են ժողովրդին հեքիաթով կերակրել, իբր էսօր-էգուց Ադրբեջանը նույնպես կմտնի Եվրասիական միություն, եւ Մոսկվան սկուտեղի վրա նրան կմատունցի Արցախը: Բայց, զարմանալիորեն այդ հեքիաթները պսակազերծեց Ադրբեջանի միլիմեջլիսի առաջին փոխխոսնակ ԶԻԱՅԱՖԵՏ ԱՍԿԵՐՈՎԸ` հրապարակելով Բաքվի դիրքորոշումը. "Ոչ մի, այդ թվում Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու գնով Ադրբեջանը չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը, Ադրբեջանը գերադասում է երկկողմանի հարաբերությունները": Դե, իհարկե, մազութային սուլթանատի առաջնորդը շատ լավ հասկանում է, որ եթե սուլթանատը փորձի հայտնվել ԵՏՄ-ում, ապա հաջորդ իսկ օրը "Բրիթիշ Պետրոլիումը" Իլհամ Արձանիչին կկախի ամենաբարձր նավթային աշտարակից, այն էլ` գլխիվայր: Հո մարդը սեփական գլխից ձեռք չի՞ քաշել, ինչքան էլ սեփական ժողովրդին խաբի, թե շուտով կվերադարձնի Ղարաբաղը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

