ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲՀԿ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՀԱՅՏՆԻ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲՀԿ-Ի ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՀԱՅՏՆԻ ՉԻ ԴԱՌՆՈՒՄ
Հայաստանն արդեն ստորագրել է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը, որն առաջիկայում քննարկվելու է խորհրդարանում: "Իրավունքը" այսօր ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՑ պարզեց` ի վերջո, որն է ԲՀԿ-ի դիրքորոշումը` Հայաստանի` ԵՏՄ անդամակցության վերաբերյալ: "Ես չունեմ լիազորություն` ձեզ պաշտոնական դիրքորոշում հայտնելու",- ասաց ԲՀԿ մամլո խոսնակը:
Հիշեցնենք` ԲՀԿ պատգամավորները բազմիցս ասել են, որ ԲՀԿ-ն Հայաստանի` ԵՏՄ անդամակցության մասին դիրքորոշում կհայտնի այն ժամանակ, երբ կհրապարակվի ԵՏՄ պայմանագիրը:
ԲՀԿ պատգամավորը ԵՏՄ անդամակցության մասին արտահայտեց անձամբ իրեն հուզող ու մտահոգող որոշակի հարցեր: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանին տրված արտոնություններից ճիշտ օգտվելուն, 800 անուն ապրանքների ներմուծման ժամանակ արդյո՞ք կբազմապատկվի պետական բյուջեն, թե՞ դրանից կշահեն մենաշնորհային դիրք ունեցողները, ի՞նչ է լինելու աբխազական երկաթգծի շահագործման հետ: "Սրանք հարցեր են, որոնք ինձ համար դեռ անպատասխան են",- եզրափակեց Տիգրան Ուրիխանյանը:
Իհարկե, այս հարցերից մի քանիսն արդեն իսկ իրենց պատասխաններն ունեն, մի քանիսն էլ, ասենք` աբխազական երկաթգծի հարցը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շրջանակներում չէ, որ լուծում կստանա. ԵՏՄ-ի գործոնը պարզապես կարող է արագացնել այդ գործընթացը: Համոզված ենք նաեւ, որ բավականին լավ փորձ եւ պատրաստվածություն ունեցող պարոն Ուրիխանյանն էլ քաջ տեղյակ է այդ ամենին: Այլ հարց, որ արդեն պարզապես տպավորություն է առաջանում, որ մեր ժամանակներում ամեն մանր հարցի շուրջ անգամ իր կարծիքը ներկայացնել չհապաղող ԲՀԿ-ն այնպիսի գլոբալ հարցի շուրջ, ինչպիսին է ԵՏՄ-ի կարգի խոշոր համակարգին Հայաստանի միանալը, պարզապես չի ուզում իր կարծիքը հայտնել: Այն պարզ պատճառով, որ եթե ԵՏՄ-ին միանշանակ կողմ արտահայտվի, ապա ԲՀԿ-ականների մի մասը կարող են դա չընդունել: Իսկ եթե ԵՏՄ-ի դեմ կարծիք հնչի, ապա ԲՀԿ-ականների մյուս մասը կարող են այն չընդունել: Սրան գումարենք նաեւ արտաքին գործոնը, ու կստացվի, որ ճիշտն այս պահին լռելն է: Բայց միշտ չէ, որ լռությունը ոսկի է, առավել եւս, որ այն պահին, երբ ԵՏՄ-ի հարցը մտնի խորհրդարանական օրակարգ, արդեն ուզած-չուզած բոլորն են իրենց կարծիքները հստակեցնելու:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

