Հոկտեմբերի 10-ի հանրահավաքին իրենց մասնակցությունը ցուցաբերած նորաստեղծ "Ազատամարտի նվիրյալների միության" ներկայացուցիչ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանը հարցազրույցներից մեկում կարեւորել էր ժողովրդի համախմբվածությունը եւ մասնավորապես նշել. "Շարժմանը միացել են ազատամարտիկներ, որոնք 7 միլիոն ադրբեջանցի ծնկի բերեցին, ու միանշանակ կարող ենք ծնկի բերել իշխանություններին": Պատգամավորի վերոնշյալ արտահայտությունը մեկնաբանելով` ազատամարտիկ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆԸ մասնավորապես նշեց. -Բան չունեմ ասելու, որ հանրահավաքին մասնակցած ազատամարտիկների մեծամասնությունը պատերազմին մասնակցած անձինք են եղել: Բայց դա չի նշանակում, որ Ռուստամը կարա իրենց հրամանատարը լինի եւ իրենց անունից խոսա: Ինքը կարա միայն իր ջոկատի անունից խոսել, բայց ուրիշների անունից թող չխոսի:
Իսկ այն դժգոհությունները, որ իրենք արտահայտում են, մենք էլ ենք էդ դժգոհությունները արտահայտում, մենք էլ գիտենք, թե ինչումն է մեր ցավը: Բայց այդ ցավի մասին պետք է խոսեն այն մարդիկ, ովքեր դրա իրավունքը ունեն: Եվ այդ ցավերը մենք արդեն քսան տարի բուժելով` գալիս ենք, կարող է հիսուն տարի էլ բուժենք: Չկա էնպիսի մի պետություն, որ ինքը իր ցավերը չունենա, չկա մի ժողովուրդ, որ ինքը իր ցավերը չունենա: Բայց էդ ցավերը բուժել է պետք, եւ ոչ թե, ոնց որ ասում են` կրակի վրա բենզին լցնել: Էնպես որ, ազատամարտիկները հեղափոխություն անող չեն, ու էդ հեղափոխություն գոռացողները թող չոգեւորվեն, որ իրենք կարող են հեղափոխական դառնալ: