"ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՈՎ ՎԼԱՍՏԻ ՉԵՆ ԳԱ"
Արխիվ 12-16
Վերջին օրերի ներքաղաքական իրադարձությունների, ընդդիմության անցկացրած եւ անցկացնելիք հանրահավաքի, ինչպես նաեւ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամագրվելու հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ հետ:-Պարոն Սարոյան, ընդդիմության որոշ ներկայացուցիչներ վստահեցնում են, որ հոկտեմբերի 24-ին իսկական հեղափոխություն է լինելու: Ի՞նչ կասեք այդ առումով:
- Ես ասել ու նորից կասեմ` էս ազգը տասը-քսան հազարով չի, ցնցումներ պետք չի էս երկրին: Էդ քսան, լավ, հիսուն հազար ժողովրդով չի կարելի ըտենց բաների մասին խոսալ: Էդ հեղափոխություն անողները, եթե երկրի վիճակը լավացնելու ձեւը գիտեն, ավելի լավ ա` գան, միանան, դզեն` էդ խեղճ ժողովրդին էլ էս ցրտին ու անձրեւներին չքաշեն, կանգնեցնեն հրապարակում, գոռգոռացնեն: Էդ ժամանակը, ավելի լավ է, ժողովուրդը տրամադրի իրա հացին, օրվա խնդրին: Չի կարա ընտենց բան լինի: Մարդիկ մոռանում են, որ նրանք, ովքեր հեղափոխությամբ եկել են իշխանության, հետո էդ նույն վիճակին էլ իրենք են ընկնում: Չի կարելի հեղափոխությունով իշխանություն վերցնել: Թող սաղ նայեն մեր կողքի` վարդերով հեղափոխություն անող Սահակաշվիլուն, ով երկիրը բերեց հասցրեց եվրոպական ստանդարտների: Բայց էսօր ինքը իրա երկրում հետախուզման մեջ է. ո՞վ կպատկերացներ, որ Սահակաշվիլին ինքը իր իսկ երկրում պետք է հետախուզման մեջ լինի, հաստատ ոչ մեկի մտքով երբեք էդ չէր անցնի: Չեն ուզում մարդիկ հասկանան, որ չի կարելի ըտենց, հեղափոխությունով վլաստի չեն գա, դրա վերջը շատ վատ ա լինում:
Թող ընդդիմությանը չթվա, թե ժողովուրդը չի հասկանում` ով ինչ է ասում, երբ է ասում ու ինչի համար. ժողովրդից լավ դատավոր չկա: Հասկացանք, որ էսօր ով ինչ ասես ու ում մասին ասես` կարա խոսա, բայց ժողովուրդը հո լավ հասկանում է` ով ինչի է ընդունակ, կամ ինչի է ուզում հասնել: Հիմա էլ ոմանք թազա Ամերիկա են ուզում հայտնաբերեն ասելով, թե` տեսեք, ինչ են անում իշխանությունները, մտնում են ԵՏՄ, որ դառնանք Ռուսաստանի գաղութ: Բայց մի հատ նայեք` Եվրոպան, որ սաղ միացել են իրար, ո՞ր մեկն ա մեկի գաղութը, ըտենց բան ո՞նց կարելի է ասել, էսի, ո՞ր դարն է, ի՞նչ գաղութի մասին է խոսքը: Չէ, համաձայն եմ, որ էդ մենակ նախանձ մարդկանց խոսակցություն է, բայց բոլ ա էլի, հասկացանք... Զգալով, որ տնտեսությունը կարող ա լավանա, պիտի լավ լինի, սկսում են անիմաստ խոսել: Թե չէ էսօր ի՞նչ վիճակ է` երեք միլիոնից ավելի հայ կա Ռուսաստանում, ովքեր ամեն վայրկյան մտածմունքի մեջ են, որ կարող ա վերցնեն` դեպորտ անեն: Հիմա, որ մտնենք ԵՏՄ, մարդիկ ազատ կարան գնան-գան, ազատ աշխատեն: Հետո միշտ հիշի, արգելված պտուղը միշտ քաղցր ա: Հիմա որ Ռուսաստան գնալը, աշխատելը դժվար ա, ավելի շատ են ձգտում գնալ, բայց էգուց, որ ազատ եղավ, սկի չեն էլ գնալու, կամ գնալու են աշխատեն` հետ գան:
- Իսկ, ըստ Ձեզ, մեր իշխանությունները այսօր ունեն հնարավորություններ երկիրն ավելի լավ դարձնելու, բայց դրանցից չե՞ն օգտվում:
- Իհարկե ոչ, իշխանություններն ամեն ինչ անում են, աշխատում են, մենք էլ փորձում ենք նոր օրենքներ ընդունել, դրանով իսկ ժողովրդի համար նպաստավոր բաներ անել, ինչ խոսք, պարտավոր ենք անել: Ո՞ր իշխանությունը կուզենա, որ իրա ժողովուրդը վատ ապրի, եթե ժողովուրդը վատ ապրի, իշխանությունը չի կարա իրեն լավ զգա, էդ հաստատ: Բողոքավորներ ամեն տեղ էլ կան, իհարկե, պետք է բողոքավոր մասսա էլ լինի, չկա նման մի երկիր, որտեղ բողոքավոր չլինի: Ըտենց բան չկա, ես ըտենց երկիր չգիտեմ:
- Դուք եւս Ձեր խոսքում նշեցիք, որ շատերն այսօր շահարկում են ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները: Եվ այդ առումով կցանկանայինք նաեւ որպես գեներալիª Ձեր տեսակետն իմանալ կապված այն խոսակցությունների հետ, որ ՌԴ-ն մեզ համար այնքան էլ լուրջ ռազմավարական ընկեր չէ, քանի որ ռազմամթերք է վաճառում Ադրբեջանին:
- Ինչքան շատ զենք-զինամթերք Ռուսաստանը ծախի Ադրբեջանին, էնքան շատ Ադրբեջանը զինամթերք կտա մեզի, բա մենք ինչո՞վ պետք ա կռվենք: Կյանքը ցույց ա տվել, ինչքան Ադրբեջանը շատ ա զենք ունենում, էնքան շատ ենք մենք ձեռքներից վերցնում: Ռուսաստանին երբեք ձեռք չի տա, որ մենք թույլ լինենք, մենք իրոք Ռուսաստանի ռազմավարական ընկերն ենք:
- Ըստ Ձեզ, ո՞րն է ի վերջո ընդդիմության բուն նպատակը:
- Տո գիտես սկի իրենք գիտե՞ն, որ ես իմանամ: Կյանքը ցույց կտա, ժամանակը մարդու ռեալ դատավորն է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

