Եթե Ազգային ժողովում որոշ պատգամավորներ` իրենց դատավորի ու դատախազի տեղ դրած, ամբիոնից մեղադրանքներ ու դատավճիռներ են հնչեցնում, ապա նրանց չի զիջում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ, ով իրեն դրել է օնլայն գրոսմայստերի տեղ:
Արդեն երկու օր է Ազգային ժողովի նիստերի դահլիճում բոլոր ելույթների, հարց ու պատասխանների ժամանակ վերջինս անկաշկանդ օնլայն շախմատ է "գլորում"` մերթընդմերթ "գող` սիրտը դող" տարբերակով զգուշանալով լրագրողական օթյակից: Բայց արի ու տես, որ պարոն Վարդանյանն այնքան է տարվել իր խաղով ու շախմատում ձեռք բերած հաջողություններով, որ երեկ իր խաղով փորձում էր զարմացնել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, ով մի քանի րոպեով նստել էր ընդդիմադիր գործընկերոջ կողքին: Եվ այստեղ չենք կարող չհամաձայնել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ այն մտքի հետ, որ որոշ պատգամավորներ ճիշտ չեն ընկալել, թե ինչի համար են եկել ու որտեղ են: