ԼՏՊ-Ն ՉԿԱՐՈՂԱՑԱՎ «ԵՌՅԱԿԻ» ՄԵՋ ՄՏՑՆԵԼ ՀԺԿ-ԻՆ
Արխիվ 12-16ԼՏՊ-Ն ՉԿԱՐՈՂԱՑԱՎ «ԵՌՅԱԿԻ» ՄԵՋ ՄՏՑՆԵԼ ՀԺԿ-ԻՆՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը գումարել-հանել էր ու նախորդ հանրահավաքին հայտարարել, թե միեւնույնն է` առանց ՀՅԴ-ի էլ, ոչ իշխանական ուժերը շարունակում են մնալ որպես հրաշալի «քառյակ», քանի որ իրենց է միացել ՀԺԿ-ն: Սակայն ՀԱԿԿ ծեր կաղնու կոչերին այդպես էլ ականջալուր չեղան ոչ իշխանական «եռյակի» մաս կազմող ուժերը` «Ժառանգությունը», ԲՀԿ-ն եւ հենց ՀԱԿԿ-ն: Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ «եռյակի» հերթական քննարկումը, սակայն ՀԺԿ-ին չէին էլ հրավիրել: Այս մասին «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ, ով հավանաբար, ի գիտություն ԼՏՊ-ի` պնդեց.
- «Եռյակի» ձեւաչափը մնում է «եռյակ»: Որեւէ քաղաքական ուժ չի համալրել «եռյակը»: Մենք իսկապես կողմ ենք, որ ձեւաչափը ավելի մեծանա, բայց միայն կմեծանա այն դեպքում, եթե քննարկվի երեք քաղաքական ուժերի կողմից եւ կոնսենսուսով որոշում կայացվի: Նման քննարկում չի ունեցել «եռյակը» եւ կրկնում եմ` «եռյակը», մնում է որպես «եռյակ»:
Ի դեպ, փորձեցինք նաեւ պարզաբանում ստանալ ՀԺԿ նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՑ, ով հերթական անգամ ասաց, որ չի ցանկանում խոսել: Դե, իհարկե, այսքանից հետո էլ խոսելու տեղ թողեցի՞ն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

