ՀԱԿԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը գումարել-հանել էր ու նախորդ հանրահավաքին հայտարարել, թե միեւնույնն է` առանց ՀՅԴ-ի էլ, ոչ իշխանական ուժերը շարունակում են մնալ որպես հրաշալի "քառյակ", քանի որ իրենց է միացել ՀԺԿ-ն:
Սակայն ՀԱԿԿ ծեր կաղնու կոչերին այդպես էլ ականջալուր չեղան ոչ իշխանական "եռյակի" մաս կազմող ուժերը` "Ժառանգությունը", ԲՀԿ-ն եւ հենց ՀԱԿԿ-ն: Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ "եռյակի" հերթական քննարկումը, սակայն ՀԺԿ-ին չէին էլ հրավիրել: Այս մասին "Իրավունքը" հետաքրքրվեց ԱԺ "Ժառանգություն" խմբակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՑ, ով հավանաբար, ի գիտություն ԼՏՊ-ի` պնդեց. - "Եռյակի" ձեւաչափը մնում է "եռյակ": Որեւէ քաղաքական ուժ չի համալրել "եռյակը": Մենք իսկապես կողմ ենք, որ ձեւաչափը ավելի մեծանա, բայց միայն կմեծանա այն դեպքում, եթե քննարկվի երեք քաղաքական ուժերի կողմից եւ կոնսենսուսով որոշում կայացվի: Նման քննարկում չի ունեցել "եռյակը" եւ կրկնում եմ` "եռյակը", մնում է որպես "եռյակ": Ի դեպ, փորձեցինք նաեւ պարզաբանում ստանալ ՀԺԿ նախագահ ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՑ, ով հերթական անգամ ասաց, որ չի ցանկանում խոսել: Դե, իհարկե, այսքանից հետո էլ խոսելու տեղ թողեցի՞ն: