«ԱՅԴ Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»
Արխիվ 12-16«ԱՅԴ Ո՞ՒՄ ՀԵՏ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՀԱԿՅԱՆԸ խորհրդարանական հայտարարությունների ժամին ԱԺ ամբիոնից նշեց. «Օգտվելով այս բարձր ամբիոնի հնարավորություններից` կրկին իմ բոլոր գործընկերներին կոչ եմ անում իրենց մեջ համարձակություն գտնել եւ եւս մեկ անգամ, կամ գուցե առաջին անգամ, ընթերցել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որպեսզի մենք կարողանանք անցնել բովանդակային քննարկման:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացը նախ կդիտարկեի երկու ուղություններով՝ իրավական եւ քաղաքական: Իրավական առումով, իհարկե,
շեշտադրումները բազմաթիվ են, բայց այսօր ես կծանրանամ ընդամենը մեկ-երկու ուղղության վրա, այդ թվում` մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խնդրի եւ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերին վերահսկողական լծակներ տալու գաղափարի շուրջ: Այս ամբիոնից բազմիցս խոսվել է մարդու իրավունքներին առնչվող խնդիրների եւ մեր ընդդիմադիր գործընկերներին վերահսկողական լծակներ տալու մասին: Արդյո՞ք սրանք անհրաժեշտ են, արդյո՞ք կարեւոր են` թե՛ ժողովրդավարության եւ թե՛ մեր երկրի, մեր պետության զարգացման առումով: Իհարկե, կարեւոր են: Արդյո՞ք անհրաժեշտ է, որպեսզի դրանք սահմանադրորեն ամրագրվեն: Իհարկե, անհրաժեշտ է: Բայց քանի որ իմ որոշ գործընկերներ չեն կարդացել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, ես այս կոնտեքստում ավելին չեմ ծավալվի եւ կանցնեմ քաղաքական բաղադրիչին:
Քաղաքական բաղադրիչը մեր ոչ իշխանական գործընկերների դիրքորոշման մեջ ներառում է ընդամենը հետեւյալ սկզբունքը` «չե՞նք ուզում, որովհետեւ չենք կարդացել, չե՞նք կարդալու, որովհետեւ չենք ընդունում»: Ուրիշ որեւէ պատճառաբանություն չկա:
Նրանց կողմից բերվող մյուս պատճառաբանությունը, թերեւս, հետեւյալն է` «որովհետեւ ժողովուրդը կոռուպցիայի մեջ թաղված է»: Հիմնավորվա՞ծ է արդյոք այս թեզը: Մենք ինքներս երբեւէ չենք ասել, որ կոռուպցիան հիմնահատակ վերացվել է, բայց այդ ասողներին եւ կուրծք ծեծողներին խորհուրդ կտայի` այդ բարեփոխումները նախ սկսել իրենցից, քանզի նայելով իրենց ապրելակերպին, դրա անհրաժեշտությունն ավելի եմ տեսնում:
Խոսում են մարդու եւ քաղաքացու իրավունքների ոտնահարումից: Եվ ովքե՞ր են խոսացողները` միտինգից միտինգ հիշողները, ովքեր այդ միտինգներում սպասումով լեցուն մարդկանց ընդամենը դիմում են հետեւյալ արտահայտությամբ` «զսպեք դրան»: Եվ իրե՞նք են մարդու իրավունքների մասին մտածողները»: Ապա հավելեց. «Վերջում` հիշելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթներից մեկի ժամանակ հնչեցված հետեւյալ միտքը` «Ես պատրաստ եմ նույնիսկ համագործակցել սատանայի հետ…», հռետորական հարց հնչեցնեմ` այդ ո՞ւմ հետ է պատրաստվում համագործակցել Լեւոն Տեր-Պետրոսյանը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

