"ՄՈՏԱԿԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՄԲ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ"
Արխիվ 12-16"ՄՈՏԱԿԱ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ԿԻՍՎԵՔ
ՁԵՐ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՄԲ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ"
Երեկ Ազգային ժողովում, Մարդու իրավունքների պաշտպանի "2013 թվականի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին" զեկույցից հետո պատգամավորները ելույթ ունենալով` արտահայտեցին իրենց դիտարկումները` դրա հետ կապված: Մինչ այդ, իր լալահառաչ ելույթում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սկսեց դոշ տալ Շանթ Հարությունյանի եւ մի քանի այլ բանտարկյալների համար, ովքեր այսօր իրենց ոչ ադեկվատ գործողությունների արդյունքում հայտնվել են ճաղերից այն կողմ: Սակայն հերթական անգամ տիկնոջ խոսափողն անջատվեց, քանի որ ելույթը նման էր հանրահավաքի:Այնուհետ Աժ պատգամավոր ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ իր ելույթում անդրադառնալով դրան` նախ նշեց.
- Ես չգիտեմ Միացյալ Նահանգներում ինչ են սովորեցնում այնտեղ մեկնած որոշ ուսանողներին, բայց գիտեմ, որ նման միտինգախառը հիսթերիաները առաջին հայացքից տպավորություն են ստեղծում, ինչպես կասեր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ այլ մասնագետի կարիք է զգացվում: Սա իսկապես դավաճանության դրսեւորում է, եւ մենք գործ ունենք դավաճանական դրսեւորումների հետ: Երբ մեր երկիրը գտնվում է ճակատագրական փուլում, մեր սահմաններին ավելի մոտենում է պատերազմը, երբ աշխարհը մոտենում է հակամարտող եւ անտագոնիստական բնույթ կրող դաշինքների փուլին, այս պահին նման որակավորումները ես համարում եմ դավաճանական: Առավել եւս, որ կարծես ՄԻՊ-ի 2013 թվականի զեկույցը որեւէ առիթ չէր տալիս` քաղաքականացնելու հիսթերիայի մակարդակի: Սակայն արդեն տխուր ավանդույթ է, որ մենք փոխանակ աշխատենք` միտինգ ենք անում, որի միակ նպատակը հետեւյալն է. "Դուք իջեք այդ աթոռներից, մենք ուզում ենք գալ նստել այդտեղ": Ինչի՞ համար, ո՞ւմ համար, ո՞վ է գալու: Ցավում եմ, որ ժամանակ ենք կորցնում միտինգային դրսեւորումների վրա, փոխանակ քննարկենք մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրները, որոնց մի մասը արդարացիորեն, մի մասը սուբյեկտիվորեն նշված են համապատասխան զեկույցում: Չի կարելի խոսել մարդու իրավունքների մասին, որ պաշտպանես յուրայիններիդ, ընկերներիդ, հարազատներիդ, բայց անտեսես մյուսներին` ասելով, որ իմ ընկերոջը, իմ կուսակցին, իմ փայակցին կարելի է ամեն ինչ եւ կարելի է արդարացնել ու չտեսնելու տալ, իսկ մնացածների դեպքում դրանք դարձնել անտրամաբանական եզրակացություններ ու վիրավորանքներ, պախարակումներ, պիտակավորումներ կատարել: Շնորհակալ եմ պարոն Նիկոլ Փաշինյանին, ով ԱԺ դահլիճից իր ելույթում հիշեցրեց, թե ինչ էր տեղի ունենում 20, 10 տարի առաջ. սպանված պաշտոնյա մարդկանց անուններ` ամսաթվերով: Ես կարող եմ այդ տխուր ցանկը շարունակել երկար, քանի որ 25 տարի զբաղվում եմ մարդու իրավունքների պաշտպանությամբ: Անձամբ շատ եմ տուժել` ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ բարոյապես, որովհետեւ որոշել եմ պաշտպանել մարդու իրավունքները այն ռեժիմներից, ում ներկայացուցիչներն այսօր դատավորի կեցվածք են ձեռք բերում եւ փորձում են համեմատել, ասենք, 2013 թվականը 2012 թվականի հետ: Դուք լավ կլինի 2013 թվականը համեմատեք 1995-96-98-2001-02-03-06 թվականների հետ, երբ ընդդիմախոսներին գնդակահարում էին, իսկ բանտ նստելը բարեբախտություն էր: Երբ տանկերով ճզմում էին ընդդիմադիրների ցույցը, երբ ընդդիմադիր ելույթ ունեցողներին դանակահարում էին` այ դրա հետ համեմատեք, կամ երբ մամուլում դրա մասին գրվում էր` ջախջախվում էր խմբագրությունը:
"ԵՍ ԷԼ ԵՄ ԶԶՎՈՒՄ ԿՈՆՉԻՏԱՅԻՑ"
-Ես կարող եմ խոսել նաեւ Մարտի 1-ի մասին եւ ասել, որ, այո, ես դժգոհ եմ, եւ իսկապես կան հարցեր, որոնք մնացին բաց: Կար մի խումբ, որը սադրում էր մարդկանց, որպեսզի գնային հակաօրինական գործողությունների, զանգվածային ապօրինի գործողությունների, կար մարդկանց այլ խումբ, ով սադրանքի ենթարկված մարդկանց էր ճնշում: Մի ժամանակ, կարծես, դուք` տիկնայք եւ պարոնայք, միմյանց մեղադրում էիք մարտի 1-ի գործողությունների մեջ, իսկ այսօր կողք կողքի կանգնած` պահանջում եք Մարտի 1-ի բացահայտումը: Այո, ես էլ եմ պահանջում եւ հարցնում, թե ի՞նչ նպատակ ունեին այդ սադրանքները, որովհետեւ այսօր նույնպես փորձում եք սադրել մարդկանց նույն արատավոր, սխալ ձեւերով: Այդ տասը զոհը մնացին որպես մեր երկրի խարանը, դժբախտությունը եւ իրենց ծնողների անվերջ լացը: Իսկ մնացածը քաղաքական շահարկումներ են` արյան գնի վրա: Խոսում են դատական պատվերների ու կեղծված ընտրությունների մասին նրանք, ովքեր անձամբ կեղծում էին եւ անձամբ խառնվում էին դատական գործերին: Խոսում են կոռուպցիայի մասին նրանք, ում պաշտոնական հրապարակված եկամուտներն ու դղյակները իրար հետ չեն համապատասխանում: Ամենահարուստ ֆրակցիայի` ԲՀԿ-ի ներկայացուցիչը, հարց է բարձրացնում, ասելով` ի՞նչ անել աղքատների հետ: Օրինակ, առաջարկում եմ հաջորդ միտինգին կիսվեք ձեր հարստությամբ: Ժամանակին կար էքսպրոպրիացիա, երբ խլվեց ժողովրդական հարստությունը` տրվեց որոշ անհատների, իսկ ժողովուրդը աղքատացավ, լյումպենացավ: Եկեք տեսնենք, թե ինչպե՞ս սեփականաշնորհվեց Երեւանի կոնյակի գործարանը, կամ հումքահանքային արդյունաբերության շատ կարեւոր մասը, եկեք ուսումնասիրենք, հետո անցնենք էքսպրոպրիացիաներին:
Այո, մենք մարդու իրավունքների հարցում ունենք բազմապիսի խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել մեկ օրում, երբ երկիրը ծանր ժառանգություն է ստացել նախորդ երկու ռեժիմներից: Պետք է աջակցենք ՄԻՊ-ին, բայց այնտեղ, որտեղ կա ռացիոնալ վրդովմունք, բողոք: Այո, կան խնդիրներ ոստիկանությունում, դատախազությունում, տնտեսական մրցակցության հարցերում: Բայց մենք չենք կարող աջակցել ՄԻՊ-ին այնպիսի ոլորտներում, ինչպիսին ձեր փոխըմբռնման հուշագիրն է` նույնասեռական, երկսեռական, գենդերային անձանց իրավունքների պաշտպանության մասին, որտեղ ներգրավված են մի շարք կազմակերպություններ, որը ՄԻՊ-ը կնքել է 2011 թվականի հունիսի 4-ին Ծաղկաձորում: Այդ կազմակերպությունները պարզապես հետապնդում էին երկու աղջիկների` Ինգա եւ Անուշ Արշակյաններին, միայն նրա համար, որ քույրերը իրենց թույլ տվեցին ասել, որ զզվում են Կոնչիտայից: Ես էլ եմ զզվում Կոնչիտայից, հետո՞: Դա չի նշանակում, որ իրենց` կարծիքն արտահայտելու իրավունքը պետք է ոտնահարեն այն կազմակերպությունները, որոնց հետ ՄԻՊ-ը կնքել է փոխըմբռնման հուշագիր:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

