ՓՈՐՁՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԸՆԿԱՎ ՔՐԴԱԿԱՆ ԹԱԿԱՐԴԸ
Արխիվ 12-16ՓՈՐՁՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԸ ԵՐԿՈՒ ՈՏՔՈՎ ԸՆԿԱՎ ՔՐԴԱԿԱՆ ԹԱԿԱՐԴԸ
Այն, որ այս օրերին Թուրքիան փորձում է "Իսլամական պետություն" խմբավորման միջոցով լուծել գնալով միայն իր համար վտանգավոր դարձող քրդական խնդիրը, հայտնի փաստ է: Մյուս կողմից էլ կարելի է նաեւ հակառակ երեւույթը նկատել. ԱՄՆ-ը ամիսներ առաջ դեպի Իրաք ուղղորդելով իր իսկ թողտվությամբ ներկայիս հզորությանը հասած ԻՊ-ին, հազիվ թե չգիտակցեր, որ այդ կառույցը ժամանակի ընթացքում նաեւ քրդերի հետ է հակասությունների եւ բախումների մեջ մտնելու: Թեկուզեւ այն պատճառով, որ իրաքյան, ասենք նաեւ սիրիական քրդերը բնակվում են իսլամիստների երազած նոր Խալիֆաթի բավականին մեծ հատվածումª միաժամանակ տիրապետելով նաեւ այդ տարածքների էներգետիկ պաշարներին:
ԻՊ-Ն ԱՄՆ-Ի՞,
ԹԵ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕԳՏԻՆ Է ԽԱՂՈՒՄ
Այսպիսովª այն պահին, երբ իսլամիստները, թողած իրենց նախնական թիրախըª Բաղդադը, սկսեցին հարձակումները քրդերի դեմ, բավականին հետաքրքիր հակասություն առաջացավ թուրք-ամերիկյան հարաբերություններում: Գործնականում նրանց երկուսին էլ ձեռնտու էր քրդերի դեմ հարձակումները: Բայց դա մի կողմից ԱՄՆ-ին հնարավորություն է տալիս առանց քաշվելու քրդերին զինել մինչեւ ատամները, նրանցից կերտել չարիքիª միջազգային ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկի կերպար, որից հետո արդեն ոչ թե քրդական ինքնավարության, այլ Իրաքի եւ Սիրիայի քրդաբնակ տարածքների վրա Քուրդիստան պետության ստեղծման միանգամայն ռեալ հնարավորություն է առաջանում: Մյուս կողմից էլª Անկարան եւս մեծ ոգեւորությամբ ընդունեց հատկապես սիրիական քրդերի դեմ ԻՊ-ի արշավանքը, որը խոստանում էր ԱՄՆ-ի ցանկացածի ճիշտ հակառակըª Թուրքիային կից սիրիական տարածքները քրդերից ազատելը:
Այսպիսովª առաջ է գալիս այն հարցը, թե սկսելով հակաքրդական արշավանքըª ԻՊ-ն ԱՄՆ-ի՞, թե Թուրքիայի խաղն է առաջ տանում: Իսկ պատասխանը կախված է մեկ շատ պարզ հանգամանքից. կգրավի՞ ԻՊ-ն արդեն հանրահայտ դարձած Քոբանի քաղաքը, թեª ոչ: Իհարկեª Թուրքիան ամեն ինչ արեց այդ հարցում ԻՊ-ին օժանդակելու համարª մինչեւ իսկ Քոբանիի բնակչությանն օգնելու մեկնող ավելի քան 10 հազար թուրքական քրդերին ջարդելու միջոցով դրա հնարավորությունը չտալով: Իսկ Քոբանիի հարեւանությամբª թուրքական սահմանին կանգնած իր զորքերին հարձակվող ԻՊ-ի դեմն առնելու համար Անկարան ամերիկյան կոալիցիային ներկայացրեց պահանջներ, որոնց իրականացումը թույլ կտար թուրքական բանակին ոչ միայն իր վերահսկողության տակ առնել սիրիական այդª քրդաբնակ տարածքները, այլեւ փոխել սիրիական իշխող ռեժիմը:
Հենց այդ հաշվարկն էլ Էրդողանը դրել էր Քոբանիի վրա ԻՊ-ի հարձակման այդ ողջ օպերացիայի հիմքում, որ քրդերի ջարդերի շուրջ առաջացած համաշխարհային աղմուկը կհասնի հիստերիայի այն մակարդակին, որից հետո Վաշինգտոնին այլ ելք չի մնա, քան սիրիական եւ իրաքյան Քուրդիստաններին միաժամանակ սահմանակից այդ միակ պետությանըª Թուրքիային ԻՊ-ի դեպ զորքերը շարժելու "դաբրո" տալը:
Բայց երեւում է, որ գլոբալ հաշվարկները մի փոքր այլ էին. թուրքերին "դաբրո" տալու փոխարեն, ակնհայտորեն Վաշինգտոնի ծրագրմամբ, Քոբանիին օգնության հասան իրաքյան քրդերի շատ ավելի լավ կազմակերպված խմբերը: Դրանից զատª Ասադը եւս բավականին ակտիվացրեց այդ ուղղությամբ իր զորքերի գործողություններըª գիտակցելով, թե ինչ վտանգ է ստեղծվում, եթե թուրքերը մտնեն Սիրիայի տարածք:
Եվ,ամենահետաքրքիրը, ԱՄՆ-ն առաջ քաշեց Քոբանիի պաշտպաններին զենք-զինամթերքով աջակցելու ծրագիր: Եվ ահա Էրդողանը, ով Թուրքիան արդեն հասցրել էր հռչակել որպես հակաիսլամիստական կոալիցիայի անդամ, իրեն հարվածի տակ դնելու գնով ստիպված եղավ դեմ արտահայտվել բավականին անհեթեթ բացատրությամբ, թե Քոբանի քրդերի եւ գրոհող ԻՊ-ի ռազմական հնարավորությունները հավասար են, չնայած որ ընդամենը օրեր առաջ փորձում էր բոլորին համոզել, թե առանց Թուրքիայի օգնությանª քրդերին լիակատար բնաջնջում է սպասում: Էրդողանի այդ մերժումը հասկանալի էր. եթե Թուրքիան կոալիցիայի անդամ է եւ հայտարարել է, որ պատրաստ է իր տարածքը տրամադրել հակաիսլամիստական գործողությունների համար, ապա նաեւ պարտավոր էր այս դեպքում թույլ տալ հենց իր տարածքով Քոբանիին տրամադրվող ռազմական օգնության շարժն արտոնել: Բայց փաստն այն է, որ այս ուղղությամբ գործում է ԻՊ-ի հազիվ երկու-երեք հազարանոց հարվածային խմբավորում, որին համապատասխան զինվածություն ունենալու դեպքում տարածաշրջանի քրդական միավորումները կարող են հանգիստ չեզոքացնել: Առավել եւս, որ իրաքյան քրդերի օգնությունից հետո արդեն ԻՊ-ի հարձակումները ոչ միայն կասեցվել են, այլեւ քաղաքի մի զգալի մասն ազատագրվել է իսլամիստներից:
Ահա այստեղ էլ վրա հասավ այս մեծ խաղի շրջադարձային կետը. չնայած թուրքերի մերժմանըª ԱՄՆ-ը, այնուամենայնիվ, ավիացիայի միջոցով քրդերին ռազմական օգնություն տրամադրեց: Բայց նաեւª Պենտագոնը լուրջ "բազարներ" է սկսել Թուրքիայի հետ, թե այդ ինչպե՞ս են կոալիցիա մտել, որ հիմա օգնելու փոխարեն մի բան էլ խանգարում են: Եթե սրան գումարենք արեւմտյան տարբեր հեղինակավոր աղբյուրների այն անթաքույց մեղադրանքները, թե Անկարան "տակից" օգնում է ԻՊ-ին, ապա հանրագումարում Էրդողանը կարող է հայտնվել մինչեւ իսկ միջազգային ահաբեկչությանն օժանդակողի դերումª այս խառն օրերին դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ:
ՄԵԾ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Մի խոսքովª ակնհայտ է, որ փորձված Էրդողանը երկու ոտքով ընկավ Վաշինգտոնի լարած քրդական թակարդը: Թե ինչ ստվերային պայմաններ առաջ կքաշի ԱՄՆ-ըª նրան հնարավորինս անվնաս այդ ծուղակից բաց թողնելու համար, ժամանակը ցույց կտա: Բայց ամեն դեպքում իրավիճակը Թուրքիայի համար մնում է առավել քան ծանր: Նախª ԻՊ-ի "հաշվին" իրաքյան Քուրդիստանն արդեն իսկ վերածվել է ոչ միայն լուրջ ռազմական, այլեւª քաղաքական համակարգի: Իսկ միակ ուժը, որը մինչ այդ խանգարում էր նրանց լիակատար պետականության հաստատմանը, Իրաք պետությունն էր, որն արդեն փաստացի գոյություն չունի: Դրան զուգահեռª նույն ԻՊ-ի հարձակումների արդյունքում սիրիական քրդերը եւս, ուղղակի աչքի առաջ, իրենց հերթին են վերածվում լուրջ ռազմաքաղաքական միավորի, որի պետականության ճանաչմանն աշխարհը նախապատրաստվում է Քոբանիի այս լայնամասշտաբ քարոզարշավի շնորհիվ: Ընդ որումª իրաքյան քրդերի կողմից Քոբանիին ցուցաբերված օգնության պատմությունը հուշում է, որ իրաքյան եւ սիրիական քրդերը միավորվելու լուրջ հայտ են ներկայացնում: Այսպիսովª Թուրքիայի գրեթե ողջ հարավային սահմաններին զուգահեռ ի հայտ է եկել Իրաքի եւ Սիրիայի տարածքների հաշվին միասնական Քուրդիստանի ստեղծման աննախադեպ հնարավորություն: Ընդ որում, կարելի է մտածել, որ ԻՊ-ը հազիվ թե երկար կյանք ունենա, որից հետո այդ կառույցի կողմից վերահսկվող տարածքների մի մասն էլ կանցնի քրդերին:
Բայց նաեւ Քոբանիի այս պատմության ժամանակ թուրքական քրդերի հանդեպ թուրքական ճնշումները եւս հազիվ թե անհետեւանք մնան: Ամեն դեպքումª արդեն այս պահին քրդերն անթաքույց Անկարային դիտարկում են որպես իրենց նկատմամբ ցեղասպանության կամ գոնե դրա փորձի կազմակերպիչ: Եվ այն լարվածությունը, որը հերթական անգամ այս շաբաթներին ստեղծվեց թուրքական քրդերի եւ Անկարայի միջեւ, Թուրքիայի համար կարող է դառնալ մահացուª հաշվի առնելով Իրաքի եւ Սիրիայի տարածքներում ստեղծված քրդական այդ մեծ պոտենցիալը:
Հենց այս վտանգը հաշվի առնելով էր, որ Էրդողանն ամեն ինչ արեցª քրդերին ուղղակի օգնություն ցուցաբերելուց ԱՄՆ-ին հետ պահելու համար: Բայց նաեւª հենց այս հետեւանքներն աչքի առաջ ունենալով էր, որ Վաշինգտոնը գնաց նույն քրդերին հզորացնելու ճանապարհով: Այսինքնª շատ նման է այն բանին, որ ԱՄՆ-ը վերջապես որոշեց եռացող կաթսայի վերածված Մերձավոր Արեւելքը տանել քաղաքական վերաբաժանման ուղղությամբ, այն էլª տարածաշրջանի հենց կենտրոնում Մեծ Քուրդիստանի ստեղծման տարբերակով:
Կհաջողվի՞ արդեն ակնհայտորեն երեւացող այս ծրագրերն ավարտին հասցնել, դա կհանգեցնի՞ նաեւ Թուրքիայի մասնատմանը, նման վտանգի դեպքում Թուրքիան միանգամից չի՞ փորձի մինչեւ իսկ իր ՆԱՏՕ-ական վեկտորն ուղղորդել դեպի Ռուսաստան: Ի՞նչ վերաբերմունք կունենան Քուրդիստանի նկատմամբ տարածաշրջանի արաբական երկրները, Իրանը, որոնց համար նման պետությունը առնվազն մրցակից է, ընդ որումª ոչ միայն քաղաքական, այլեւ էներգետիկ առումով: Ասենքª նաեւ ռազմական, հաշվի առնելով, որ Իսրայելն էն գլխից էր իր աջակցությունը հայտնել Քուրդիստանի ստեղծման ծրագրերին: Եվ, վերջապես, ի՞նչ ռեակցիա կցուցաբերի Ռուսաստանը, հաշվի առնելով, որ Մեծ Քուրդիստանը, եթե ի հայտ գա, մեծ հավանականությամբ կդառնա Հայաստանին, այսինքնª Եվրասիական միությանը սահմանակից: Այս եւ նմանատիպ այլ հարցերի շուրջ էլ, թերեւս, կսկսի առաջիկայում ծավալվել Քուրդիստանի ստեղծման ծրագրերի հետագա ընթացքը: Այս պահին միայն փաստենք, որ այդ ծրագրերի մեկնարկն արդեն իսկ տրված է:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

