"ՀՅԴ-ԻՆ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՆՍՏԱՐԱՆԻՆ ՆՍՏԵՑՆԵԼ"
Սահմանադրական բարեփոխումների մասին հայեցակարգի նախագիծն արդեն հրապարակվել է: Բարեփոխումներին կողմնակից ՀՅԴ պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ հայտարարել էր, որ իր կարծիքը կհայտնի նախագծին ծանոթանալուց հետո միայն: "Իրավունքը" ՀՅԴ պատգամավորից պարզեց` արդյո՞ք սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծն այն է, ինչ ակնկալում էր ՀՅԴ-ն: Արծվիկ Մինասյանի խոսքով` հայեցակարգը մանրամասն քննարկվում է ՀՅԴ-ի կողմից: "Ընդհանուր առմամբ, հայեցակարգը բացահայտում է գործող համակարգի թերությունները եւ առաջարկում լուծումների ընդհանուր ուղղությունները",- պատասխանեց ՀՅԴ պատգամավորը: -Փաստորեն, այդ սահմանադրական բարեփոխումներն ընդունելի՞ են Ձեզ համար:
- Ընդհանուր ուղղություններով` այո: - Պրն Մինասյան, ՀՅԴ-ն իրեն վիրավորված չի՞ համարում, որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը "եռյակի"` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ՀՅԴ-ին փոխարինեց ՀԺԿ-ով` այսպիսով "եռյակը" ՀԺԿ-ի միջոցով "քառյակ" դարձնելով: - Մենք բազմիցս ենք ասել եւ հիմա էլ կրկնում ենք: Իրենք ինչ ուզում են` թող անեն, ՀՅԴ-ին երբեք ոչ ոք չի կարող պահեստային ֆոնդի նստարանին նստեցնել եւ որոշել, թե ՀՅԴ-ին ումով կարող է փոխարինել: - ՀՅԴ-"եռյակ" համագործակցությունը կշարունակվի՞: - Մենք` որպես ընդդիմադիր ուժ, քննարկում ենք այն հարցերը, որոնք համընկնում են "եռյակի" հետ: Իսկ եթե տեսակետների համընկնում չլինի, համագործակցություն, բնականաբար, չի լինի: ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ