ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ... ՉԻՇԽԱՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Արխիվ 12-16ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ...
ՉԻՇԽԱՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Այժմ ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ տարատեսակ քարոզչական կայքերում եւ "Ֆեյսբուքում" չափազանց հաճախ ծամծմվում է "հեղափոխություն" բառը, մեկ էլ հիշատակվում է "ռեժիմը խուճապի մեջ է" արտահայտությունը: Արդեն շատերը այնքան են ձանձրացել այդ քաղաքականամերձ ծամոնից, որ հումորներ են կառուցում "ռեժիմի խուճապի" թեմայով:
Ինչեւէ, ինչ-որ մեկը խուճապի մեջ է (բայց հաստատ դա իշխանությունը չէ), եւ ինչ-որ տեղ հեղափոխություն է հասունանում: Իսկ այժմ փորձենք գլուխ հանել այդ "ռեբուսից"` "ով, որտեղ, ինչ" տարբերակով:
ՓՆՏՐՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՐԳ, ԳՏՆՈՂԸ ԿՊԱՐԳԵՎԱՏՐՎԻ
Դարիս մեծագույն ներքաղաքական առեղծվածն այժմ մնում է չիշխանական "եռյակի" հանրահավաքային օրակարգը: Մինչեւ հաջորդ հանրահավաք էլ օր չմնաց, սակայն ոչ ոք այդ օրակարգից տեղյակ չէ: ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը պնդում է, որ այդ օրակարգը կա, բայց բոլորից գաղտնի է պահում, իսկ "Ժառանգությունը" պնդում է, որ օրակարգ դեռ չկա: Խեղճ Րաֆֆի Հովհաննիսյանը անգամ նախորդ հանրահավաքին ընդհատեց իր ելույթը, որպեսզի ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի առաջնորդներից պարզի այդ առեղծվածային օրակարգը:
Համ էլ, "եռյակի" գլխին կախված է անհարմար մի հարցադրում` վերաբերմունքը Եվրասիական միությանը: Այժմ էլ ոչ ոք չի կարող ասել, որ համաձայնագրին ծանոթ չէ, այդ պատճառով կարծիք հայտնել չի կարող: Համաձայնագիրը ոչ միայն ստորագրված է, այլեւ բավականին երկար ժամանակ է, ինչ հրապարակված է: Հիմա "Ժառանգությունը" հստակորեն "քըխ" է համարում ԵՏՄ-ն ու առաջ քաշում խորհրդարանական վավերացման ժամանակ զուգահեռաբար ԼՂՀ անկախության ճանաչման հարցը: Անհասկանալի է, նրանք դրանով ուզում են իբր երաշխավորե՞լ, որ ՀՀ-ԼՂՀ մաքսային սահման չի լինի, թե՞ երազում են Արցախը շեշտակիորեն դուրս դնել ԵՏՄ-ի տարածքից ու դրանով իսկ զոռով արդիականացնել եւ ասպարեզ բերել մաքսային սահման դնելու հարցը: Ի դեպ, ԵՏՄ-ի հակառակորդների մոտ էլ ուրիշ քարոզչական թեզ չի մնացել, բացի անվերջ հավաստիացումներից` իբր Հայաստանի ու Արցախի միջեւ մաքսային սահման է բուսնելու: Այդ փչացած ձայնապնակն այնքան են օգտագործել, որ մշտապես զուսպ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը այդ հարցադրմանն արդեն պատասխանում է "ձեզ հազար ենք ասել, որ մաքսային սահման չի լինի" ոճով:
Հիմա ինչքա՞ն կարող են օգտագործել այդ փչացած ձայնապնակը` մինչեւ հաջորդ կամ հերթական "բախտորոշ" հանրահավա՞քը, մի ամի՞ս, մինչեւ տարեվե՞րջ... Բայց, միեւնույնն է, հանրությունը առիթ ունենալու է համոզվելու, որ ճիշտ էր անում` այդ հեքիաթին չհավատալով:
Հիմա նույն ԵՏՄ-ի հարցում ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի մոտեցումները: ԲՀԿ առաջնորդն ասել է, որ իրենցից երբեք ոչ ոք չի լսել եւ չի լսի որեւէ արտահայտություն` Ռուսաստանի դեմ: Դա արդյո՞ք նշանակում է, որ ԲՀԿ-ն կողմ է ԵՏՄ-ին, թե նման բան չի նշանակում: Կամ էլ, ԼՏՊ-ի ասածը, որ ԵՏՄ-ն անշրջելի իրողություն է, եւ դրա դեմ դուրս եկողները "ջղաձգվում" են: Հիմա ՀԱԿ առաջնորդը կո՞ղմ է ԵՏՄ-ին, թե պարզապես դա ընկալում է որպես անհաղթահարելի չարիք: Համ էլ, եթե "եռյակի" ներսում կա կտրականապես դեմ արտահայտվող "Ժառանգություն", եւ ԲՀԿ ու ՀԱԿ, որոնք պնդում են, որ դեմ չեն, արդյո՞ք դա չի հանգեցնի աշխարհաքաղաքական կարճ միացման...
Լավ, գլուխը քարը, որ ԵՏՄ-ի հարցում մեկին տերտերն է դուր գալիս, մյուսին` իրիցկինը, բայց, ի վերջո, օրակա՞րգն ինչ եղավ: Կոնկրետ ինչ են պահանջում` 12 կետե՞րը, որոնց մասին ժողովուրդը մոռացել է, սահմանադրական բարեփոխում չանե՞լը, ինչը նույն ժողովրդի համար չինական այբուբենի պես բարդ բան է, իշխանափոխությո՞ւնը... Թե՞ հոկտեմբերի 10-ի պես նորից կասեն, թե եկեք` ձեզ հաջորդ հանրահավաքին կասենք, թե ինչ անել: Բայց պարզ է, որ դժգոհ քաղաքացին, ինչքան ձգձգվի օրակարգի մասին հարցը, այնքան ավելի քիչ հավես կունենա գալ հասնել հրապարակ, որպեսզի լսի, թե ինչ "քըխ" են իշխանությունները ու ինչ աստիճանի "երկիրը երկիր չէ": Չէ՞ որ եղանակի ցրտելուն պես դա առավել հարմարավետ կլինի լսել տաք խոհանոցի պայմաններում` հարեւան Գվիդոնից կամ նարդու խաղընկեր Շմավոնից:
"ԵՌՅԱԿԻ" ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Օրակարգ չլինելը դեռ քիչ էր, հիմա էլ խառնաշփոթի աստիճանը ավելացրեցին Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշինյանը եւ դաշնակները: Օրինակ, հանրահավաքներին չմասնակցող Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ "եռյակը" բանակցություններ է վարում իշխանությունների հետ, եւ հիմա "եռյակը" չի կարող դա ոչ մեկնաբանել, ոչ էլ չմեկնաբանել: Զառան ու Նիկոլն էլ առաջ են քաշում Ռոբերտ Քոչարյանին հանցագործ ճանաչելու հարցը, նախկինում եղած սեփականաշնորհումները, նախկինում եղած քաղաքական սպանությունները եւ այլն, ու այդ ամենը նաեւ ձգվում հասնում է մինչեւ Լեւոն Ակոպիչի նախագահության ժամանակաշրջանը: Եվ ստացվում է, որ "եռյակը" պետք է ե՛ւ հնչեցնի "հրաժարիմք ի Քոչարյանե" աղոթքը, ե՛ւ մեղա գա ԼՏՊ-ի օրոք կատարված հանցանքների համար:
Հիմա, բնականաբար, կարեւորվում է ԲՀԿ-ի կեցվածքի հարցը: Չէ՞ որ ռեալ ֆինանսական, մարդկային եւ այլ ռեսուրսներով օժտված է միայն ԲՀԿ-ն, իսկ "եռյակի" մյուս կուսակցությունները առանց ԲՀԿ-ի, ինչպես կասեր ռուսը, զրո են առանց փայտիկի: ԼՏՊ-ն հայտարարեց, որ "եռյակը" Քոչարյանի հետ կապ չունի: Ճիշտ է, դա բալասան է "Ժառանգության" եւ Րաֆֆիի տանջված սրտի համար, բայց արդյո՞ք այդպիսի հայտարարություն չպետք է աներ Քոչարյանի հենարան համարվող ԲՀԿ-ն: Հիմա Լեւո՞նն է որոշում ԲՀԿ-ի դիրքորոշումը, թե նա պարզապես իր ավագ գործընկերոջը փաստի առաջ է կանգնեցնում: Դեռեւս 2011-ի "Քաղաքագիտական վերլուծության" շրջանակներում ՀԱԿ առաջնորդը չէր էլ թաքցրել, որ ցանկանում է ԲՀԿ-ին պոկել իշխանական համակարգից եւ օգտագործել "ավազակապետության կազմաքանդման" նպատակով: Հիմա ԲՀԿ-ն ուզո՞ւմ է օգտագործվել: Դե, այս պահին պարզ է, որ Րաֆֆին ինչ-ինչ վարդագույն հույսեր է փայփայում, որ ռուսների գործերը շատ վատ կընթանան, եւ կգա պահը, երբ Լեւոնի հետ միասին միգուցե կարողանան նախաձեռնել Հայաստանը ԵՏՄ-ից պոկելու գործընթաց: Այսինքն, խոշոր հաշվով, պարզ են ՀԱԿ-ի եւ "Ժառանգության" հատվածական շահերը:
Հիմա ինչպես է կողմնորոշվելու ԲՀԿ-ն: Կա 3 տարբերակ` վերադառնալ իշխանամետ դաշտ, խաղալ Ռոբերտ Քոչարյանի խաղը, փորձել խաղալ ինքնուրույն: Հիմա ԼՏՊ-ի ասածը արդյո՞ք նախանշան էր, որ ԲՀԿ-ն պոկվում է Քոչարյանից, եւ արդյո՞ք այդ պատճառով է Վարդան Սիվիլիթասիչը իզութոզով կորել: Բայց այդ դեպքում մի՞թե ԲՀԿ-ն չի ստանա հարվածներ ե՛ւ իշխանությունից, ե՛ւ Ռոբերտ Սեդրակիչից: Եվ մի՞թե այդ պայմաններում իրենց կոնֆորտային կզգան ԲՀԿ-ում ընդգրկված խոշոր բիզնեսի ներկայացուցիչները: Եվ մի՞թե չկա հավանականություն, որ ԲՀԿ-ի ինքնուրույն խաղի արդյունքները վերջում չի յուրացնի բազմափորձ եւ "քցելուն" սովոր Լեւոն Ակոպիչը:
Ռոբերտ Քոչարյանի խաղը խաղալու տարաբերակը շարունակելու դեպքում պրոբլեմատիկ է, թե ինչպես եւ ինչ հեքիաթներով դա թաքցնել նույն բողոքավոր ընտրազանգվածից, եւ դա կհանգեցնի զանգվածին հիասթափեցնող ու սեփական վարկանիշին հարվածող անորոշությունների եւ դատարկ խոսակցությունների ժամանակաշրջանը: Իսկ իշխանամետ դաշտ վերադառնալու դեպքում ապագա ընտրություններում ԲՀԿ-ն կունենա ուղիղ այնքան խաղալու տեղ, ինչքան նրան կտրամադրի իշխող ՀՀԿ-ն:
Ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ն դեռ վերջնական չի կողմնորոշվել, թե այդ 3 տարբերակներից որով առաջնորդվի: Հնարավոր է, որ չկողմնորոշվի նաեւ հաջորդ հանրահավաքին, ու արդյունքում կլինի մարող հանրահավաքների շղթա: Այո, հեղափոխության հոտ գալիս է, քանզի ինչպես սովորեցնում էր հեղափոխության տեսաբան Վլադիմիր Իլյիչը, հեղափոխական իրավիճակ ստեղծվում է, երբ ներքեւները չեն ուզում, իսկ վերեւները չեն կարողանում: Հիմա հենց այդ իրավիճակն է չիշխանական դաշտում: Այսինքն, եթե հեղափոխություն լինի, դա կլինի ոչ թե երկրում, այլ քաղաքական դաշտի այդ հատվածում: "Եռյակի" վարկանիշը ուժգին դղրդոցով կզրոյացվի, կգոյանա քաղաքական վակուում: Հիմա ո՞վ այն կլցնի` "եռյակից" մի կողմ քաշված դաշնակնե՞րը, այժմ լուսանցքում գտնվող արեւմտամետնե՞րը, ինչ-որ նոր ընդդիմադիր ո՞ւժ կծնվի: Հենց այդ ներընդդիմական հեղափոխությունից է առավելագույնս նյարդայնանում Ռոբերտ Սեդրակիչի ճամբարը, եւ դրանից մի քիչ նվազ` Լեւոն Ակոպիչի կողմնակիցները: Ու այդ նյարդային վիճակը, վարկանիշի կորստի սպասումը բերում է քարոզչական աբսուրդի աներեւակայելի նմուշների արտադրության: Օրինակ, արդեն հասցրել են հնչեցնել նույնիսկ քաղաքական ֆանտաստիկայի ժանրին պատկանող վարկած, իբր Շանթ Հարությունյանի եւ նրա աջակիցների դատավճռից հետո նրանց պաշտպանությամբ զբաղվողները դա անում են Բաղրամյան 26-ի ուղղակի հանձնարարությամբ:
Ինչեւէ, սպասենք ֆարսի վերածված "թեժ աշնան" հետագա զարգացումներին: Ու, թեեւ ոմանք երազում են, որ "ամբոխները խելագարված" քշեն-տանեն իշխանությանը, բայց նման է, որ ավելի շուտ այդ "ամբոխները" Ազատության հրապարակի հարթակից կքշեն-կտանեն ձախողակ, հատվածական շահերի գերի, սկզբունքայնությունից իսպառ զուրկ "տիտղոսային" ընդդիմադիրներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

