ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
2007 թվականից սկսած Բրիտանական թանգարանը իրականացնում է վերապատրաստման միջազգային դասընթացներ, որը նպատակ ունի ձեւավորել լայն աշխարհագրությամբ եւ մշակութային բազմազանությամբ աչքի ընկնող մասնագետների ցանց: Յուրաքանչյուր տարի Բրիտանական թանգարանը հյուրընկալում է մասնագետներ երկու տասնյակից ավել երկրներից, որոնք ներկայացնում են թանգարաններ, գիտահետազոտական հաստատություններ, համալսարաններ եւ այլն:
Բրիտանական թանգարանի Վերապատրաստման հերթական դասընթացը տեղի ունեցավ սույն թվականի օգոստոսի 3-ից սեպտեմբերի 13-ը: Կարևորելով մշակութային դաշտում կադրերի վերապատրաստման անհրաժեշտությունը, ինչպես նաև ելնելով ՀՀ մշակույթի նախարարությանը ծրագրի մասնակցության համար երաշխավորեց նախարարության ենթակայությամբ գործող երկու տարբեր թանգարանների երիտասարդ մասնագետների. Երևանի Ռուսական արվեստի թանգարանի փոխտնօրեն Մարինե Մկրտչյանի և Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Հայկ Մկրտչյանի թեկնածությունները:
Ծրագրի ընդհանուր տևողությունը կազմել է 40 օր, որի մեծ մասը մասնակիցները անցկացրել են Բրիտանական թանգարանում, ինչպես նաև Լոնդոնի մյուս նշանավոր թանգարաններում:
Լոնդոնից վերադառնալուց հետո «Իրավունքը» զրուցեց Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող ՀԱՅԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ, ով պատմեց դասընթացին իր մասնակցության, ծրագրի կարևորության եւ ընդհանուր տպավորությունների մասին:
ՄԵՆՔ ԼԻԱՐԺԵՔ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԷԻՆՔ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ.
-Դասընթացին մասնակցող երկրների աշխարհագրությունը բավականին ընդգրկուն էր և հիմնականում առնչվում էր Բրիտանական թանգարանի հավաքածուին: Մասնակիցներ կային Եգիպտոսից, Թուրքիայից, Հունաստանից, Պաղեստինից, Սուդանից, Պակիստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Օմանից ընդհանուր առմամբ 20 մասնակից: Հայաստանը ծրագրին մասնակցում էր առաջին անգամ: Մասնակիցներին Բրիտանական թանգարանը տեղաբաշխել էր թանգարանի տարբեր բաժիններում և մենք հայտնվել էինք Բրիտանական թանգարանի Միջին Արևելքի բաժնում: Ծրագիրը ներառում էր դասախոսություններ, պրեզենտացիաներ, էքսկուսիաներ, այցելություններ ֆոնդապահոցներ, քննարկումներ, վարժանքներ: Դասընթացը անցկացնում էին Բրիտանական թանգարանի առաջատար մասնագետները և ընդգրկում էին այնպիսի թեմաներ, ինչպես փաստաթղթավորում, դրամահավաքություն, էքսկուրսիա, բրենդինգ, շուկայավարություն, կրթական ծրագրեր, պահպանություն և վերականգնում, լսարանի ուսումնասիրություն և այլն: Դասընթացը անցնում էր շատ կառուցողական և արդյունավետ միջավայրում: Այդ արդյունքներից մեկը եղավ այն, որ Մարինե Մկրտչյանը հարց բարձրացրեց Անահիտ աստվածուհու դիմաքանդակի պիտակը փոխելու և լուսավորությունը հավուր պատշաճի ապահովելու համար, որոնք խոստացվեց շտկել մինչև տարվա վերջ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄ ՑՈՒՑԱԴՐԵՑԻՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ՄԱՐԴԻԿ ՃԱՆԱՉԵՆ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ.
-Մասնակիցներից յուրաքանչյուրը իր գործունեության մասին պրեզենտացիա էր պատրաստել: Ես ներկայացրեցի պրեզենտացիա, որը վերաբերվում էր ՀՀ թանգարաններում տիրող իրավիճակին և վերջում ցուցադրեցի կարճ ծանոթագրական ֆիլմ Հայաստանի մասին, քանի որ շատերի համար Հայասատանը անհայտ էր: Կային մարդիկ, որ չգիտեին թե որտեղ է Հայաստանը, էլ ուր մնաց ճանաչեին առանձին վերցրած թանգարաններ: Իհարկե խոսքս վերաբերվում է վերոնշյալ մասնակից երկրներին, քանի որ Բրիտանական թանգարանի անձնակազմը բավական իրազեկ էր Հայաստանից, նրա մշակութային և պատմական ժառանգությունից:
Ծրագրի կարոր ձեռքբերումներից մեկն եմ համարում Բրիտանական թանգարանի Միջին Արևելքի բաժնի գրադարանի համալրումը անգլերենով հրատարակված գրքերով Հայաստանի անցյալի ու ներկայի, պատմական ժառանգության, գրականության, ժամանակակից արվեստին նվիրված: Քանի որ մեր դասընթացի մաս էր կազմում աշխատանք գրադարաններում, ուստի միտք առաջացավ օգտագործելու հարմար առիթը և կատարել համագործակցության առաջին քայլը: Բրիտանական թանգարանի աշխատակիցների համար սա շատ ոգևորիչ էր, որովհետև մի մեծ արկղ լի գրքերով Հայաստանի վերաբերյալ նրանք վաղուց չէին ստացել, այն էլ անգլերեն լեզվով:
Դասընթացի բաղկացուցիչ մաս էր կազմում մի առարկայի շուրջ ներկայացվելիք ցուցահանդեսը, որը պետք է տեղ գտներ ծրագրի առաջին փուլի վերջում: Շատ պատահական թանգարանի հագուստի ֆոնդում գտանք արկղիկ, որի մեջ կային հայկական տարազի փոքր մոդելներ: Բրիտանական թանգարանի հավաքածու այն հայտնվել էր 1932 թվականին եւ ըստ թանգարանի աշխատակցի դրանք պետք է, որ նախատեսված լինեին տիկնիկների համար: Մենք առաջ քաշեցինք մեկ այլ վարկած, որ դրանք եղել են դերձակի մոդելներ: Այդ տարազների հիման վրա Երևանի Ռուսական արվեստի թանգարանի փոխտնօրեն Մ. Մկրտչյանը անցկացրեց ցուցադրություն, որը կրում էր «Կյանքը փոքր չափերով» խորագիրը: Ցուցադրության բաղկացուցիչ մաս էր կազմում քարտեզը,, որը ներկայացնում էր թե պատմական Հայաստանի, որ նահանգում մարդիկ ինչպիսի տարազներ են կրել: Տվյալ դեպքում այդ տարազները շատ նման էին Թիֆլիսահայերի կրած հագուստին:
ԱՅՍ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ ԿՓՈՐՁԵՆՔ ՆԵՐԱՌԵԼ ՆԱԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԹԵՄԱՆԵՐ.
-Դասընթացի մի կարճ ժամանակահատված մասնակիցները տեղաբաշխվեցին Մեծ Բրիտանիայի տարբեր քաղաքների թանգարաններ, որի նպատակն էր ծանոթանալ ավելի փոքրամաշտաբ թանգարանների գործունեությանը, իրականացվող ծրագրերին, կառավարմանը և այլն: Ինձ բաժին էր ընկեր հեռավոր Գլազգո քաղաքը, որը ինձ ուղակի ապշեցրեց թանգարանների կառավարման իր բազմազանությամբ և հարուստ հավաքածուներով: Չնայած պետք է նշեմ, որ ես որոշ ժամանակ բացակայեցի Անգլիայից, քանի որ որպես խոսնակ հրավեր ունեի հեռավոր Թայվանից՝ մասնակցելու ԻԿՕՄ-ի Թանգարանային բրենդին նվիրված միջազգային գիտաժողովին: Զեկույցը, որը պետք է ներկայացնեի այնտեղ, կոչվում էր ՛՛Թանգարանի ընկալումը որպես բրենդ՛՛, որը պատրաստել էինք գործընկերոջս Դավիթ Պողոսհանի հետ համատեղ: Հանդիսանալով թանգարանների միջազգային խորհրդի Մարքեթինգի և հանրահռչակման կոմիտեի խորհրդի անդամ ուրախությամբ պիտի նշեմ, որ 2015թ. ԻԿՕՄ-ի վերոնշյալ կոմիտեի տարեկան գիտաժողովը կանցկացվի Երևանում: Այս դեպքում ևս մենք ստացել ենք ՀՀ մշակույթի նախարարության աջակցությունը: Թե ինչ թեմա կունենանք դեռ հստակ չէ, բայց հավանաբար առնչվելու են նոր հազարամյակի մարտահրավերներին:
ԿԱ ԳԱՂԱՓԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՋԱԶԶ ԵՐԵԿՈ ԱՎ. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՅԳՈՒՄ.
- Մեզ մոտ թանգարանային ժամն ավարտվում է 17:00-ին և աշխատանքից հետո մարդիկ հնարավորություն չունեն այցելել թանգարան: Այս բացը այսօր հաջողությամբ լրացվում է տարվա մեջ ընդամենը մեկ անգամ, երբ ՀՀ թանգարաններ միանում են թանգարանային գիշեր կոչվող ակցիային, որը ի ուրախություն մեզ գնալով ավելի ու ավելի ժողովրդական է դառնում և կարծես վերածվում է տոնի: Մեծ Բրիտանիայում թանգարաններն ամեն ուրբաթ օր բաց էին մինչեւ կեսգիշեր եւ բավականին մեծ հերթեր էին գոյանում թանգարանների առջև: Մեր թանգարանների այցելուների մեջ ամենացածր տոկոսը թերևս երիտասարդներն են, որնոց թանգարան բերելու այլ և հետաքրքիր մեթոդներ ու մեխանիզմներ են պետք, իսկ դրան հասնելու համար ժամանակ և միջոցներ են պետք: Իսկ եթե ավելի գլոբալ նայենք, ապա թանգարան հաճախելու ավանդույթը պետք է ձևավորել դեռ վաղ տարիքում, ընտանիքում: Ամեն դեպքում դանդաղ աճ արդեն իսկ նկատելի է, այսինքն` հնարավոր է, որ մոտ ապագայում տեսնենք այն գեղեցիկ տեսարանը, երբ երիտասարդ զույգը իր երեխայի հետ գոնե հանգստյան օրերին կայցելի թանգարան եւ դրանից ամենեւին էլ ամոթ չի զգա:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

