«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ»՝ ԵՐԱՍԽՈՒՄ
Արխիվ 12-16«ԿԻՆՈԱՇՈՒՆԸ»՝ ԵՐԱՍԽՈՒՄ
Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից իրականացվող ամենամյա «Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագրի պատասխանատուները այս տարի ցուցադրություններ են նախատեսել նաև Հայաստանի սահմանմերձ բնակավայրերում։ Ծրագրի հեղինակները կարեւորելով սահմանմերձ շրջանների նշանակությունն ու դերը մեր երկրի սահմանների ամրության գործում, այս տարի առաջին անգամ «Կինոաշնան» ցուցադրումների ցանկում ավելացրել են «սահմանպահ գյուղերը»։ Առաջին ցուցադրությունը նախատեսված էր հենց Արարատի մարզի Երասխ գյուղում՝ հոկտեմբերի 17-ին։ Պատերազմից տուժած ու դեռեւս լիովին չվերականգնաված դպրոցի բակում այդ օրը գյուղի համար անսովոր իրարանցում էր։ Աշակերտները տոնական տրամադրությամբ հավքվել էին դպրոցի բակում՝ կինո նայելու։ Երասխցիների համար ընտրվել էին հին ու նոր հայկական ֆիլմեր՝ մեծերի ու փոքրերի համար։ Երեխաները հաճույքով դիտեցին մանկապատանեկան «Գժուկ» ֆիլմերի ընտրանին ու վերջին տարիներին արտադրված մուլտերը, իսկ գյուղում տեղակայված զինվորական մասում իրենց ծառայությունն իրականցնող երիտասարդների ու գյուղի բնակիչների համար ցուցադրվեցին Արցախյան պատերազմի մասին պատմող Ն․Բելյաուսկենեի «Եթե բոլորը․․․» ֆիլմը, ինչպես նաեւ հայկական հին ու սիրված կարճամետրաժներ՝ «01-99»-ը, «Տերն ու ծառան», «Տժվժիկը»։ 800 բնակիչ ունեցող Երասխ սահմանմերձ գյուղում վերջին անգամ կինո մեծ էկրանի վրա ցուցադրվել էր 27 տարի առաջ՝ գյուղի ակումբում, որտեղ ժամանակին կար ֆիլմերի ցուցադրության համար անհրաժեշտ տեխնիկա ու դահլիճ։ Երասխում նոր ֆիլմերը ամենաուշն էր հասնում՝ Արմաշից հետո, քանի որ ամենավերջին գյուղն էր՝ սահմանին շատ մոտիկ։ Այս մասին պատմեց Երասխի միջնակարգ դպրոցի պահակը՝ Աբով Գրիգորյանը։ Տարեց երասխցին մեղմ ժպիտով ու ակնածանքով խոսեց այն օրերից, երբ գյուղն ուներ մեծաթիվ բնակչություն, աշխույժ մշակութային կյանք, իսկ մարդիկ էլ ուրախ էին ու անհոգ։ Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանը, որը վերջին երկու տարիներին է ղեկավարում համայնքը, նշեց, որ նման նախաձեռնությունները ոգևորղ են, հատկապես, սահմանին ապրողների համար։ «Նրանք ապրում են այստեղ ու իրենց գոյությամբ պահում սահմանը, նրանց հասու չեն մշակութային միջոցառումները, կինոն, թատրոնը, այնպես, որ այս ցուցադրությունը ուղղակի նվեր է բոլորիս»,-նշեց գյուղի ղեկավարը։ Ցուցադրության համար անհրաժեշտ տեխնիկան (շարժական կինոէկրանը՝ ավտոբուսով) տրամադրել է «Փյունիկ» հիմնադրամը։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

