ԻՐԱՎԱԲԱՆ. «ԵԹԵ ԼԻՆԵԻ ԵԽԽՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ,ՄԻԵԴ-Ի ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԷԻ ԸՆՏՐԻ»
Արխիվ 12-16ԻՐԱՎԱԲԱՆ. «ԵԹԵ ԼԻՆԵԻ ԵԽԽՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ,ՄԻԵԴ-Ի ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՑ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԷԻ ԸՆՏՐԻ»
Ինչպես հայտնի է, ՄԻԵԴ-ի Հայաստանի դատավորի մրցույթի փաստաթղթերում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել, որոնց մասին բարձրաձայնել էին «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի իրավաբանները: Վերջիններս պատկան մարմիններին կոչ արեցին հետամուտ լինել իրենց ՀԿ-ի կողմից հրապարակած փաստերին, ձեռնարկել համապատասխան գործողություններ, հրատապության կարգով քննարկել բոլոր կեղծիքներին առնչվող հարցերը: Իսկ ահա 3 թեկնածուներին նրանք հորդորեցին ինքնաբացարկ հայտարարել:
«Իրավունքն» այսօր «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի իրավաբան Լուսինե Հակոբյանից պարզեց՝ պատկան մարմիններն իրենց հայտարարություններին որեւէ կերպ արձագանքե՞լ են, թե՞ ոչ: Լուսինե Հակոբյանն ասաց, որ կոնկրետ իրենք դիմել են մրցութային հանձնաժողովին, սակայն հանձնաժողովը, առանց քննելու մրցույթի փաստաթղթերում հայտնաբերված բազմաթիվ խախտումները, միանգամից անցել է հարցազրույցի փուլին: Դրանից հետո միայն ամփոփիչ նիստում անդրադարձել են բարձրաձայնված խախտումներին: «Հարցազրույցի փուլի ավարտից հետո`գիշերվա ուշ ժամին, ամփոփիչ նիստում որոշում են քննել խախտումները: Ուշ ժամին հրավիրում են երկու դատավորներին (նկատի ունի Արայիկ Մելքումյանին և Նորա Կարապետյանին-խմբ.), որոնք փոխանակ պարզաբանում տալու գրել են. «մի ամփոփեք մեր հարցազրույցներն ու մեզ էլ հանեք մասնակիցների ցուցակից»: Սա անսպասելի էր, քանի որ Նորա Կարապետյանը հարցազրույցի ընթացքում ավելի ցուցանիշ է արձանագրել, քան օրինակ, հաղթողների ցուցակում հայտնված Նելիկ Հարությունյանը»,- մանրամասնեց փաստաբանը:
Լուսինե Հակոբյանը հիշեցրեց` Արմեն Հարությունյանի փոստային ծրարը տեղամասային փոստային բաժանմունք մուտք է գործել փաստաթղթերի վերջնաժամկետ հայտարարված սեպտեմբերի 24-ի` ժամը 18:00-ից ուշ՝ 18:45 րոպեին: Մյուս երկու թենածուների՝ դատավորներ Արայիկ Մելքումյանին և Նորա Կարապետյանի փոստային ծրարներն առհասարակ գոյություն չեն ունեցել:
«Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի իրավաբանը չբացառեց, որ միգուցե մրցույթի արդյունքները ընդունելի չլինեն ԵԽԽՎ-ի համար, եւ Հայաստանում կայացած մրցույթը չեղյալ համարվի: «Օրինակ, երկու շաբաթ առաջ ԵԽԽՎ-ն երկրորդ անգամ մերժել է Սլովակիայի ներկայացրած ցուցակը: Սա նշանակում է, որ նույն ցուցակը երկրորդ անգամ հնարավոր չէ ներկայացնել: Այնպես որ չի բացառվում, որ այս սցենարը Հայաստանի դեպքում էլ կրկնվի»,- ասաց իրավաբանը:
Ի դեպ, Լուսինե Հակոբյանի խոսքով ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուներից երեք ոչ ոք իրենց հայտարարությանը չի արձագանքել, որը նշանակում է` իրենք չեն կարծում, որ եղել են խախտումներ:
Իրավաբանին խնդրեցինք նաեւ հրապարակել այն չափանիշները, որոնց հիման վրա ԵԽԽՎ պատգամավորներն ընտրում են դատավորին: Մարդու իրավունքների եվրոպական կոնվեցիայի 21-րդ հոդվածը հստակ սահմանում է. դատավորը պետք է ունենա բարոյական բարձր նկարագիր եւ պետք է դատական դաշտում բարձր որակավորում ունեվող իրավագետի չափանիշներին համապատասխանի: «Եթե ես լինեի ԵԽԽՎ պատգամավոր, այս երեք թեկնածուներից ոչ մեկին էլ չէի ընտրի»,- եզրափակեց Լուսինե Հակոբյանը:
Սոնա Դավթյան

