ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՐՃՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾԵՐ»
Արխիվ 12-16ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿԱՐՃՎԵԼ ԵՆ ԱՎԵԼԻ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԻ ԳՈՐԾԵՐ»
Թուրքիայի դատախազությունը որոշել է դադարեցնել իշխանության վերին էշելոններում կոռուպցիայի գործի հետաքննությունը, որն ավելի վաղ հանգեցրել էր երեք նախարարների : Ընդհանուր առմամբ քննության տակ է գտնվել 53 մարդ, բայց քննությանը չի հաջողվել կոռուպցիոն սխեմաներում նրանց մասնակցության համոզիչ ապացույցներ գտնել: -
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ անսպասելի չէր կոռուպցիոն սկանդալի գործի կարճումը: «Այսպես ասած, իսլամամետների ու դատախազության միջեւ պայքարն ավարտվեց` հօգուտ Էրդողանի: Բայց Թուրքիայում կարճվել են ավելի սկանդալային բնույթի գործեր»,- ասաց պրն Մելքոնյանը:
Մեր զրուցակցի խոսքով` Էրդողանն իր իշխանությունն ամրապնդելուց ու նախագահ դառնալուց հետո պետք է աներ ամեն ինչ կոռուպցիոն սկանդալը փակելու համար, քանի որ այդ գործն ուղղված էր իր, իր ընտանիքի ու մերձավորների դեմ:
Եթե ներքաղաքական դաշտում Թուրքիան ինչ-ինչ հաջողություններ է գրանցում, արտաքին քաղաքական ճակատում, սակայն, Անկարան պարտություններ է գրանցում: ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչը խայտառակություն է անվանել ՄԱԿ-ի ԱԽ-ում 2015-2016թթ. ժամանակավոր անդամի կարգավիճակ ձեռք բերելու Թուրքիայի ձախողված փորձը:
Ըստ նրա՝ միջազգային հանրությունը չի քաջալերում Էրդողանի Արդարության եւ զարգացման կուսակցության քաղաքականությունը, մասնավորապես Սիրիայի եւ Իրաքի հարցում: Ռ. Մելքոնյանի խոսքով` ուրախալի է, որ Թուրքիայի` ծայրահեղ իսլամիստներին սատարելու գործողություններն ու Սիրիայի ներքին գործերին միջամտելը միջազգային հանրության կողմից անարձագանք չեն մնում: «Բայց համաշխարհային պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ քաղաքակիրթ հանրությունը շատ արագ մոռացել են Թուրքիայի մասին հնչեցրած կոշտ գնահատականներն ու քայլերը Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ: Այս անգամ, կարծում եմ, նման զարգացում է լինելու, ավելին` չի բացառվում, որ Թուրքիային ՄԱԿ-ի ԱԽ-ում ժամանակավոր անդամի կարգավիճակ ձեռք բերելու Թուրքիայի ձախողված փորձի դիմաց Անկարային այլ ձեւով կգոհացնեն: Հետեւաբար, հաշվի առնելով այս ամենը` ավելորդ ոգեւորվելու կարիք չկա»,- եզրափակեց թուրքագետը:
Սոնա Դավթյան

