Ու՞Մ "ՀԱՆՃԱՐԻՆ" ԷՐ ՎՆԱՍ "ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԸ"
Արխիվ 12-16"ՀԵՌՈՒՍՏԱԹԱՏՐՈՆԸ"
Տարիներ առաջ հայկական հեռուստատեսությամբ եթեր էր հեռարձակվում "Հեռուստաթատրոն" ծրագիրը, որն ուներ մեծ լսարան: Ծրագիրը համարվում էր այն որակյալ հաղորդումներից մեկը, որի վրա աշխատում էին անվանի եւ պրոֆեսիոնալ ռեժիսորներ: Յուրաքանչյուր երկուշաբթի հաղորդաշարի հավատարիմ լսարանը սպասում էր հեռուստատեսային տարբերակով ցուցադրվող ներկայացումներին: Հաղորդաշարը հեռուստատեսությամբ որոշ ժամանակ ցուցադրվելուց հետո, չգիտես ինչու, դուրս եկավ եթերից: "Հեռուստաթատրոնին" անմիջապես փոխարինելու եկան ցածրորակ հաղորդումները եւ սերիալները: Այս անգամ ոչ միայն երկուշաբթի, այլեւ շաբաթվա բոլոր օրերին եթերից լսարանին սկսեցին մատուցել այն, ինչը "մոդայիկ" էր եւ "պահանջված":
Արդյո՞ք հայ հասարակության շրջանում չկար "Հեռուստաթատրոնի" պահանջարկը, թե ժամանակի հետ փոխվեց նաեւ հայ ակնդրի ճաշակը: Այս թեմայի շուրջ "Իրավունքը" զրուցեց հեռուստատեսությունում մեծ ներդրում ունեցած անձնանց հետ:
"Հեռուստաթատրոն" հաղորդաշարի ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ ՀՐԱՉՅԱ ԱՇՈՒՂՅԱՆ- Հայկական հեռուստատեսության կազմավորման առաջին իսկ տարիներին, շնորհիվ շատ անվանի մարդկանց, սկսեց գործել "Հեռուստաթատրոնը": Շատ փոքր շենքում եւ շատ դժվարությամբ ստեղծվում էին բազմաթիվ ներկայացումներ: Մեր լավագույն դերասաններն էին` Հրաչյա Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Մետաքսյա Սիմոնյանը, Մարգո Մուրադյանը եւ այլք: Նրանք այս պայմաններում ցուցադրում էին իրենց ներկայացումները: Մենք տարեկան ներկայացնում էինք 15-20 եւ ավելի հեռուստաներկայացումներ, դրանք ե՛ւ դասական, ե՛ւ ժամանակակից դրամատուրգիայի լավագույն նմուշներն էին: Այսօր մեր ֆիլմադարանում պահպանվել են բազմաթիվ ներկայացումներ, ու միշտ ժողովրդից լսել եմ, որ նրանք ցանկանում են տեսնել այդ ներկայացումները: Նախկինում հայկական հեռուստատեսությունը տարբերվում էր ԽՍՀՄ ժամանակաշրջանի բոլոր հեռուստատեսություններից նրանով, որ մշակութային շատ հաղորդումներ ուներ: Շատ քիչ հեռուստաընկերություններ կային, որ ունեին հեռուստաթատրոն հասկացողությունը: Մեզ մոտ այդ հասկացողությունը դրված էր լավ հիմքերի վրա: Մեր ներկայացումները շատ ավելի որակյալ էին, քան այսօրվա սերիալները, որտեղ կասկածելի դերասանական վարպետությունից ու ռեժիսորական աշխատանքից ոչինչ չկա: Այսօր տեխնիկական բոլոր հնարավորությունների դեպքում ինչո՞ւ նորից չվերսկսել "Հեռուստաթատրոնը": Ի՞նչ է, մտածում են, որ հաղորդաշարը կրկին եթեր վերադառնալու դեպքում մենք ձեռնո՞ց կնետենք այլ հաղորդումների:
Հեռուստահաղորդավար, ռեժիսոր, լրագրող ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ- Հաղորդման շրջանակներում շատ անվանի թատերախմբեր են եկել Հայաստան եւ իրենց խաղը հեռուստատեսային տարբերակով ներկայացրել հանրությանը: Այսօր այդ հաղորդումն իրոք անհրաժեշտություն է, եւ մեծ թերություն է, որ այն չկա: "Հեռուստաթատրոնը" մեծ հնարավորություն էր տալիս դերասաններին իրենք իրենց լուրջ բեմադրությունների մեջ ներկայացնելու, այլ ոչ թե էժանագին սերիալներում: Կար մի ժամանակ, որ այդ հաղորդումն ուղիղ եթերով էր հեռարձակվում: Հաղորդման բացն զգացվում է:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

