ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԲԱԽՈՒՄ ՉԿԱ՞
Արխիվ 12-16Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ բեմադրած "Դեպք մետրոյում" ներկայացման առաջնախաղը: Այդ առթիվ "Ազդակ" լրագրողական ակումբում հյուրընկալված սունդուկյանցիներն առաջնախաղից առաջ լրագրողների հետ զրույցում նախ խոսեցին ներկայացման, թատրոնում սերունդների համերաշխության եւ նոր անելիքների մասին:
Ըստ ներկայացման բեմադրիչ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ` բեմադրելիս հիմնվել են 70-ականների հանրաճանաչ "Դեպք մետրոյում" ֆիլմի կինոսցենարի վրա, որի թեման մինչեւ օրս էլ դեռ արդիական է. "Այնպիսի խնդիրներ են բարձրացվում ներկայացման մեջ, ինչպիսիք են` անտարբերությունը, վախի մեջ ձեւավորված հասարակությունը, եւ ներկայացվում է միայնակ մարդու պատմություն: Մենք կարողացել ենք ֆիլմի սցենարն ադապտացնել բեմի համար: Սունդուկյանի բեմը մեծ հնարավորությունների, բայց մեծ պահանջներ ներկայացնող բեմ է եւ, իմ խորին համոզմամբ, դա մեզ մոտ ստացվեց":
Ներկայացման մեջ հիմնականում ներգրավված են Սունդուկյան թատրոնի երիտասարդ դերասաններ, որովհետեւ ըստ ռեժիսորի` գործող անձինք հիմնականում երիտասարդներ են, բոլորն էլ պատրաստակամ են եւ մինչեւ վերջ նվիրված. "Կարող եմ ասել, որ այդ բեմադրության մեջ կարողացել ենք ժամանակակից թատերային մոտեցումով հանդես գալ, որը մեզ հաջողվել է":
Թատրոնի գլխավոր ռեժիսոր ՏԻԳՐԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ էլ ասաց, որ ներկայացումն արդեն իր տեղը գտել է թատրոնի հիմնական խաղացանկում. "Այն երիտասարդական ուժերով, բայց ոչ երիտասարդական ներկայացում է` Սունդուկյան թատրոնին վայել քաշ ունեցող ներկայացում է":
Դերասան ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆՆ էլ հավելեց. "Գեղարվեստական խորհուրդն իր հավանությունը տվել է այս ներկայացմանը, եղավ հանձնում, որի ընթացքում եղան դիտողություններ: Ես նույնպես գեղարվեստական խորհրդի անդամ եմ, բայց իմ կողմից չեղան դիտողություններ` շատ էի հավանել ներկայացումը: Մեր երիտասարդները լավն են, ժամանակն է այդ ծանր բեռը նրանք ուսերին տանեն` սկսած գլխավոր դերերից":
Ներկայացման դերակատար ՆԱՐԵԿ ՀԱՅԿԱԶՅԱՆՆ էլ իր կերպարի մասին խոսելով` հավելեց. "Դիմացինի թուլությունից է ծնվում չարությունը` դիմացինի անզորությունից: Ուզում եմ, որ իմ մարմնավորած կերպարի միջոցով երիտասարդությունը ոչ թե տեսնի ու կրկնօրինակի, այլ սովորի լինել այն ուժեղ հասարակությունը, որն ուղղակի թույլ չի տալիս չարագործություն անել":
"Իրավունքի" այն հարցին, թե ինչպե՞ս ընդունեցին երիտասարդ դերասաններն արդեն վաստակ ունեցող դերասանների դիտողությունները, թե ամեն դեպքում սերունդների բախում կա թատրոնում, Նարեկ Հայկազյանը հաստատեց, որ սովորաբար այդ դիտողությունները հեշտությամբ են ընդունվում իր եւ իր գործընկերների կողմից. "Անկախ ամեն ինչից` դիտողությունն անում է մի դերասան, որն ունի մեծ փորձ ու անցած ճանապարհ, եւ չլսել նրան` հանցագործություն կլինի, որովհետեւ դա ինձ համար չէ, այլ իմ հանդիսատեսի: Եթե դու մտածող դերասան ես, լսում ես մեծ փորձ ունեցող ավագ սերնդին ու դրա վրա դնում ինչ-որ մի մաս քեզանից եւ շարունակում քո ճանապարհը": Թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանն էլ հավելելով երիտասարդ դերասանին ասաց. "Բարեբախտաբար` պարզ դեմքով կարող եմ ասել, որ այսօր մեր թատրոնում սերունդների բախում չկա: Շատ տարիներ այդպես է եղել, երիտասարդներին խանգարել են, ձեռքները բռնել են, չեն թողել աշխատեն, ա՛յ, բախումը դա է":
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

