ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉ ԿՏԱ ՄԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆԸ ԵՏՄ-Ն
Արխիվ 12-16Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձանք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության բուն փաստից բխող երկու դրվագների, որոնք, այսպես ասած, նույնիսկ մեխանիկորեն են բավականին լուրջ էֆեկտներ խոստանում հայաստանյան տնտեսությանը: Հիշեցնենք, որ խոսքը միասնական արտաքին քաղաքականության եւ ներքին առեւտուրն առանց մաքսային սահմանների իրականացնելու ԵՏՄ-ի անկյունաքարային բաղադրիչների մասին է:
ԱՇԽԱՏՈՒԺԻ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺ
Այս երկու գործոններն արդեն իսկ հայաստանյան տնտեսության զարգացման համար մեծ պոտենցիալ պարունակում են եւ նույնիսկ միայն հանուն դրանց արժեր անդամակցել ԵՏՄ-ին: Սակայն բաղադրիչները, որոնք նույնքան մեխանիկորեն են իրենց էֆեկտներն ունենալու հայաստանյան տնտեսության վրա, այդքանով ամենեւին էլ չեն սահմանափակվում:
Նման առանցքային դրվագներից մեկն էլ աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարն է: Այստեղ, թերեւս, կարիք էլ չկա բացատրել այն էֆեկտները, որ այդ դրվագն ունենալու է Հայաստանի վրա: Ավելի ճիշտª ունենում է տարիներ շարունակ, հաշվի առնելով, որ Ռուսաստանից ստացվող մասնավոր դրամական փոխանցումները տարեկան կտրվածքով նույնիսկ հայաստանյան պետբյուջեի հետ համադրելի մեծություն են կազմում: Սակայն այս հարցում անգամ մեր ներքին արեւմտամոլները փորձում են միանգամայն "իմաստուն" հակաճառություններ մոգոնել: Օրինակ, որ այդ փոխանցումներն առանց այդ էլ Հայաստան գալիս էին, այսինքնª ԵՏՄ-ին անդամակցելն այս հարցում բան չի փոխելու: Իսկ վերջին օրերին նույնիսկ սկսել են կշտամբել, թե ռուսական փոխանցումներն այս ամիսներին մի քիչ նվազել են. "Ռուսաստանի տնտեսական վիճակը վատացել է, հայերն առաջվա պես էլ եկամուտներ չունեն, որից էլ նվազել են փոխանցումների ծավալները: Ուրեմն էլ ինչո՞ւ միանանք նման ճգնաժամում հայտնված ռուսներին":
Այս բնույթի հիստերիկ մոտեցումները լուրջ չընդունելով, այնուամենայնիվ որոշ նրբերանգներ փորձենք հաշվի առնել: Սկսենք նրանից, որ այդ փոխանցումներն ամենեւին էլ միայն ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների հաշվին չէ, որ արվում են. գումարներ քիչ չեն փոխանցում նաեւ մեր հայրենակիցները, ովքեր արդեն իսկ Ռուսաստանի քաղաքացիներ են դարձել, եւ նաեւ այս առումովª ԵՏՄ-ին անդամակցությունը փոխանցումների առումով կտրուկ փոփոխություններ չի ենթադրում: Բայց, իհարկե, նաեւ քիչ չեն ՌԴ-ում աշխատող ՀՀ քաղաքացիներըª "խոպանչիները", որոնք այս պահին մեծ չափող աշխատում են կիսալեգալ կամ անլեգալ վիճակում, ինչն արդեն իսկ միանգամից ազդում է նրանց աշխատանքի եկամտաբերության վրա: Շատերն էլ փորձում են լեգալացնել իրենց գործունեությունը, որը նաեւ ՌԴ-ում օրենքով թույլատրված ժամկետներից երկար մնալու լուծում է դառնում: Բայց այս դեպքում էլ տարբեր գրանցումների, երկարաձգումների համար ստիպված են որոշակի գումարներ վճարել: Եվ ահա ԵՏՄ-ին անդամակցությունը, որը ենթադրում է նաեւ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունք, ոչ միայն հենց այս խնդիրներն են միանգամից լուծում, այլ այնտեղ աշխատող հայաստանյան քաղաքացիներին տեղափոխում են նաեւ պետական սոցիալական աջակցության ծրագրերի դաշտ: Ավելին. այս կերպ լուծվում են մինչեւ իսկ մարդկանց աշխատանքային ստաժի հարցերը, որի էֆեկտիվությունը ամեն մեկն էլ կտեսնի տարիներ անցª կենսաթոշակային հասակում: Այսինքնª սա, կոպիտ ասած, կիսալեգալ եւ անլեգալ վիճակից, առանց ավելորդ ծախսերի միանգամայն լեգալ աշխատանքային վիճակի անցնելու հնարավորություն է, որը միայն անլեգալության "լեւի" ծախսերի հաշվին արդեն իսկ մարդկանց եկամուտները մի փոքր ավելացնում է: Գումարած դրանª լեգալ աշխատանքը, գաղտնիք չէ, որ միանգամից բարձրացնում է աշխատավարձը:
Եվ մյուս կողմից, եթե չմտնեինք ԵՏՄ, ապա ասել, թե առաջվա պես Ռուսաստանից դրամական հոսքերը կգային, միամտություն կլիներ: Այն պարզ պատճառով, որ ԵՏՄ-ի մեկնարկի պահից երրորդ երկրների համար փակվում են ֆինանսների ¥այդ թվումª մասնավոր¤ միանգամայն ազատ արտաքին տեղաշարժի բոլոր փականները: Գումարած դրանª երրորդ երկրների աշխատուժի տեղաշարժը միանգամից էականորեն բարդանում է, ի տարբերություն ԵՏՄ երկրների ազատ տեղաշարժի: Այսինքնª ԵՏՄ-ի կազմ չմտնելու դեպքում Ռուսաստանում աշխատող կամ պարզապես ապրող ՀՀ քաղաքացիները միանգամից հայտնվում էին այն վիճակում, որում հայտնվեցին անցած տարվա կեսերից սկսած, երբ նրանց առաջ միանգամից փակվեցին Դաշնություն մուտքի դռները: Արժե՞ հիշեցնել այն խուճապը, որն առաջացավ այդ օրերին Հայաստանում, երբ հազարավոր "խոպանչիներ" ստիպված էին օդանավակայանից վերադառնալ տունª հասկանալով, որ դարձել են գործազուրկ:
ՈՂԲ ԱՌ ԿՈՐՉՈՂ ԳՐԱՆՏՆԵՐ
Ի դեպ, այստեղ, թերեւս, իմաստ ունի ներկայացնել այն "լացուկոծը", որ դրել է Հայաստանի "եվրոպականացման" հիմնական ջատագովներից մեկի համարում ունեցող, Եվրամիության ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ¥չէ մի չէª ազգային-հեղ.¤ համակարգող, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Ըստ նրաª Հայաստանի եվրասիականացման արդյունքում, ավելի կոնկրետª եվրաասոցացման այն տխրահռչակ փաստաթուղթը չստորագրելովª Եվրոպայից եկող օգնությունը կնվազի: Ավելին. "Ինձ թվում էª արդեն իսկ զգալի կրճատվել են օգնության ծավալները, այն թվերը, որոնց մասին խոսվում է, առաջիկա տարիների ընթացքում 140 մլն, 170 մլն եվրոյի մասին է: Իհարկե լիովին այլ կլինեին, եթե Հայաստանը ստորագրեր կամ նախաստորագրեր, կամ էլª գոնե մնար բանակցությունների շրջանակներում, այսինքնª հետաձգեր ստորագրությունները...": Իհարկեª հարց է, թե ում էր գնալու եվրոպական այդ օգնությունը, դրա որ մասն էին արդեն իրենց գրպաններում տեսնում տարաբնույթ արեւմտյան գրանտակերները: Որ դրանից հետո նրանք կհուզվենª իրենց համարելով կողոպտված, սպասելի էր: Այլ բան, որ մյուս կողմից էլ այդ փաստաթուղթը ստորագրելով եւ ԵՏՄ չմտնելովª Հայաստանը ենթարկվում էր տարեկան առնվազն երկու միլիարդ դոլար մասնավոր փոխանցումները կորցնելու վտանգի առաջ: Բայց դեª սա "խոպանչիների" դառը քրտինքով աշխատած փողերի մասին է, դրա գալ-չգալը մեր գրանտակերներին հաստատ բան չի տալիս: Իսկ այ կրճատվող գրանտների համար, իհարկե, արժե ողբալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

