Ի՞ՆՉ ՉԵՆ ԿԻՍԵԼ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆ ՈՒ ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ՉԵՆ ԿԻՍԵԼ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐՆ ՈՒ ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
"Արցախբանկի" խոշոր բաժնետեր, "Արարատ" ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական "Ֆրանկ Մյուլեր" եւ AWI ժամացույցների ընկերությունների բաժնետեր, "Իտարկո" ընկերության 80 տոկոսի բաժնետեր, ԱՄՆ քաղաքացի Հրաչ-Ներսես Կապրիելյանը հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում` դատի տալով իր երբեմնի գործընկերոջը` ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին` իր բարի անունն արատավորելու համար, պահանջելով 3 մլն դրամ բարոյական փոխհատուցում: Շրջանառվում է վարկած, որ պատգամավորի եւ գործարարի հարաբերությունները լարվեցին, երբ ամերիկահայ գործարարը փորձել է իրենց բռնած ընդհանուր գործը, այսպես ասենք, շարունակել առանց Ախոյանի: Ինչեւէ, թե ինչով է պատգամավորն արատավորել ամերիկահայ գործարարի պատիվն ու արժանապատվությունը եւ երբվանից է սկիզբ առել երբեմնի մտերիմ ընկերների թշամանքը, փորձեցինք հետաքրքրվել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԻՑ:
-Կան խոսակցություններ, որ ժամանակին Կապրիելյանի հետ բավականին լավ գործընկերներ եք եղել, եւ ձեր համատեղ բիզնեսը վատ շահույթ չի ունեցել: Ո՞րն է եղել ձեր հարաբերությունների սրման բուն պատճառը:
- Մեր հարաբերությունները լարվեցին դեռեւս 2002 թվականից, երբ այդ մարդը, չգիտես ինչու, որոշեց իմ եւ իր համատեղ ջանքերով հիմնած բիզնեսի ¥որն ի դեպ այդ ժամանակահատվածում ծաղկում էր` բառիս բուն իմաստով¤ բաժնեմասերն ամբողջությամբ վերցնել ինձանից` ներգրավելով նոր մարդկանց: Մոռանալով, որ այդ բիզնեսիª "Իտարկո քոնստրաքշն" ընկերությունն ստեղծելու գաղափարն իմն էր: Ես եմ ոտքի կանգնեցրել, կնիք հանել: Իսկ ներդրումները եղել են երկուստեք` ամեն մեկը` իր բաժնի մասով: Ընդամենը երկու տարվա մեջ մեր ակտիվներն ավելացան երեքից չորս անգամ:
- Այդ դեպքում, ո՞րն էր Ձեր անհամաձայնությունների պատճառը. որ նա փորձել է նոր մարդկա՞նց ներգրավել համատեղ բիզնես:
- Չէի ասի, որ հենց դա էր պատճառը: Բանն այն է, որ հաջողությունից հետո սկսվեց գործընկերներից հրաժարվելու սցենարը: Ինչեւէ, ես, տեսնելով նրա նման պահվածքը, լրիվ օտար մարդկանց ներգրավելու գործելաոճը, առանց վայրկյան անգամ մտածելու` որոշեցի դուրս գալ այդ բիզնեսից: Բայց մինչ օրս իմ կնոջ անունով 20 տոկոս բաժնեմասը չի վերադարձվել ինձ: Եվ արդեն տասը տարուց ավելի, մենք այս յոթգլխանի դեւի նմանվող դատերի դաշտում ենք. երբ գլուխներից մեկը կտրում ես, մյուսն է աճում:
- Այս պահին Ձեր վաղեմի ընկերը Ձեզ դատի է տվել իր բարի համբավն արատավորելու համար: Ինչո՞վ եք վիրավորել գործարարին:
- Ճիշտն ասած, ուրախացա, երբ իմացա, որ ինձ դատի է տվել` իբր իր բարի անունը արատավորելու համար, որովհետեւ հասկացա իր պատվի գինը: Ինձ համար սա առիթ է, որպեսզի հանրությունը եւս մեկ անգամ ճանաչի նրան: Չնայած նրա հետ շփվող մարդիկ արդեն քաջատեղյակ են, թե ով է նա, ինչ է իրենից ներկայացնում: Ինքը պատվից է խոսում, բայց պատիվ ունեցող մարդը գործընկերոջը հաշվետվություն կտար, տարիներ շարունակ գաղտնի չէր պահի համատեղ բիզնեսի հետ կապված փաստաթղթերը:
- Կոնկրետ` Ձեր ո՞ր արտահայտություններն են վիրավորել նրան:
- Չգիտեմ, ես շատ բան եմ ասել, ուզում եմ հասկանամ, թե որ բառերն է ինքը ընտրել: Ես շատ բան եմ ասել եւ պատրաստ եմ էլի շատ բաներ ասել: Դատարանում կծանոթանամ, թե որ բառն է նրա արժանապատվությունը վիրավորել:
"ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՆԿ ՍՏԵՂԾԵԼԸ ՀԱՑ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ՄԻ ԲԱՆ Է"
-Ըստ որոշ խոսակցությունների` Ձեր եւ ամերիկահայ գործարարի միջեւ հարաբերություններն ավելի են սրվել այն բանից հետո, երբ համատեղ որոշել էիք օֆշորում ընկերություն գրանցել: Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում վերոնշյալ խոսակցությունները, եւ արդյո՞ք Կապրիելյանը այս պահին օֆշորում ընկերություն ունի:
- Բնականաբարª ինձ հետ կապված նման խոսակցություններն էլ աբսուրդ են: Իսկ ինչ վերաբերում է Կապրիելյանին, չնայած որեւէ տեղեկություն չունեմ, բայց նրանից ամեն ինչ սպասում եմ: Նայեք` տեսեք, թե ինչ վիճակում է "Արարատ" ֆուտբոլային ակումբը, "Ձորաղբյուրի բազան": Միայն բանկը կայացավ, որովհետեւ գիտեք` էսօր Հայաստանում բանկ ստեղծելը` հաց ու ջրի պես մի բան է. ոնց որ, ասենք, հացի խանութներն են կայանում, նույն կերպ էլ բանկն է կայանում, որովհետեւ ժողովրդին գումարներ են պետք: Ինձ համար բանկերը վատ լոմբարդից վատ կազմակերպություններ են:
- Պարոն Ախոյան, վերջերս Ձեր անվան շուրջ կապված` եւս մեկ աղմկահարույց դրվագ կար, ըստ որի, Դուք կարտոֆիլի բիզնեսով եք զբաղվում թշնամի Թուրքիայում: Ի՞նչ կասեք այդ առումով:
- Ինձ համար դա ուղղակի ծիծաղելի էր, երբ առաջին անգամ լսեցի, իհարկե նման բան չկա: Ես չգիտեմ, թե ովքեր են նման ճղճիմ լուրեր տարածում իմ մասին: Իմ մասին միշտ վատը գրում են ադրբեջանցիները, բայց որ դա մեզ մոտ է արվում, ես խոր ցավ եմ ապրում:
"ՉԵՄ ԿԻՍՈՒՄ ՏԻԿԻՆ
ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԿԱՐԾԻՔԸ"
-Օրերս ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ իշխանափոխությանը պետք է հաջորդի ժամանակին մասնավորեցված ձեռնարկությունների վերադարձը պետությանը: Դուք, որպես ԲՀԿ խմբակցության գործարար դասի պատգամավոր, ի՞նչ եք կարծում, մասնավորեցման գործընթացն իրո՞ք վերանայման կարիք չունի:
- Ես չեմ ցանկանում առհասարակ մեկնաբանություն կամ գնահատական տալ Զարուհի Փոստանջյանի ասածներին: Իսկ ինչ վերաբերում է Ձեր հարցին, որպես քաղաքական գործիչ, բիզնես գործունեություն ծավալող անձնավորություն, չեմ կարծում, որ մասնավորեցման գործընթացն առհասարակ վերանայման կարիք ունի: Այլ կերպ ասածª չեմ կիսում տիկին Փոստանջյանի կարծիքը:
Հավելենք, որ օբյեկտիվությունը պահելու համար, վերոնշյալ թեմայի շուրջ մենք փորձեցինք կապվել նաեւ Հրաչ Կապրիելյանի հետ, սակայն նրա հետ կապվել մեզ առայժմ չհաջողվեց: Նրա ընկերության աշխատակիցների փոխանցմամբª պարոն Կապրիելյանն անձամբ կկապվի մեզ հետ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

