ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԿԵՍ ԴԱՐՈՎ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԵԼ ԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Արխիվ 12-16ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԿԵՍ ԴԱՐՈՎ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԵԼ ԵՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
Ի զարմանս մեզ, երեկ "Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները" համաժողովում բանախոսների շարքում տեսանք նաեւ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ, ով ժամանակին, կարծես թե, վերապահումով էր խոսում ԵՏՄ անդամակցության մասին, իսկ այսօր խոսում է այդ միության դրական կողմերի մասին: Սակայն, մեր դիտարկմանն ի պատասխան, պարոն Բոստանջյանը նշեց.-Նման բան չկա, ես միշտ էլ դրական եմ վերաբերվել այդ միությանը: Ավելին` 2013 թվականի սեպտեմբերի 3-ից առաջ էլ, դեռ շատ շուտ ես միշտ ասել եմ, որ միակ ուղին սա է, եւ միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գտնվելու պարագայում Հայաստանի Հանրապետությունը կարող է գրանցել ինչ-որ հաջողություններ, ու դրա համար հիմքեր կան:
- Կոնկրետ ի՞նչ հիմքեր կառանձնացնեք:
- Մասնավորապես` մեր արտադրական կուլտուրան. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ապրանքատեսակները, շրջանառության կամ ապրանքափոխանակության ենթակա տեսականին, ըստ էության, Եվրոպան բացի այն, որ չի ընդունի, չենք էլ կարող արտահանել առաջիկա 5-10 տարիների ընթացքում: Ուրեմն` միայն Եվրասիական տնտեսական միության ամբողջ այդ մեծ շուկան կարող է սպառող դառնալ մեր ապրանքների համար: Բացի այդ, ինչպես ասացի իմ ելույթի ժամանակ, Հայաստանի Հանրապետությունն ի տարբերություն այլ երկրների (չեմ ուզում նրանց վիրավորական բաներ ասել), բայց պոտենցիալ առումով ավելի բարձր է: Եվ պայմանավորված այդ հանգամանքով, եթե լինեն ներդրումներ, եթե լինի որեւէ գործի նախաձեռնում, ապա հավատացեք, որ ԵՏՄ-ն առաջին հերթին դիմելու է Հայաստանին, ինչպես եղել է կենտրոնացված կառավարման տարիներին:
- Ի վերջո, այս միությունը մեզ համար շահավե՞տ էր, թե՞ այլընտրանք չունեինք:
- Ավելի շուտ` այլընտրանք չունեինք: Իհարկե, հասկանալի է, քաղաքակրթված, ավելի զարգացած, մեծ արժեքների տեր երկրների շրջանում հայտնվելը վատ բան չէ, բայց արի ու տես, թե մենք ինչ ունեինք. ճանապարհը ցույց տվե՛ք: Չէ՞ որ այստեղ պետք է այդ ճանապարհներն էլ մտածենք` մենք այլընտրանք ունեի՞նք, թե` ոչ: Ուրեմն` բացի նրանից, որ այլընտրանք չունեինք, պետք է հաշվի առնեինք, որ խոշոր երկրները, մասնավորապես Արեւմուտքն ու Ռուսաստանը բեւեռներ են, որոնք ինչ-որ քաղաքական նպատակներ են հետապնդում: Եվ այստեղ ինչ-որ միամտաբար պետք չէ մտածել, թե մենք հակված չենք այսպիսի կամ այնպիսի որոշում կայացնելու: Մենք արդեն կես դարով մեր անվտանգությունը հանձնել ենք Ռուսաստանին, ավելին` ընդհանրապես մեր անվտանգությունը միշտ գտնվել է Ռուսաստանի ձեռքում: Ու այս ամենի արդյունքում, պատկերացնո՞ւմ եք, հանկարծ մտածեինք, թե մենք ունենք մեծ հնարավորություն` ավելի լայն դաշտով խոսելու, մտածելու, քայլելու... Խոշոր երկրներ են, նրանց հետ կատակ անել չի՛ կարելի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

