Հայաստանի` Մաքսային միության անդամակցման արդյունքում ձեռք բերված արտոնությունների ու կնքված պայմանագրերի մասին առավել մանրամասն սկսել են խոսել ինչպես այս գործընթացը համակարգողները, այնպես էլ տնտեսագետները: Հատկապես ուշագրավ է այն, որ մեծ մասն այն դրական է համարում: Կարեւոր մի կետի մասին եւս իրազեկում ենք տնտեսվարող սուբյեկտներին: "Չի լինելու մաքսային սահման", - երեկ տեղի ունեցած "Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության տնտեսական հեռանկարները" համաժողովի ժամանակ նշեց ՀՀ նախագահի խորհրդական ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆՆ ու հավելեց.- "Սա նշանակում է, որ մեր կողմից ազգայնացված ապրանքները դեպի Եվրասիական միությունից այլ երկրներ չեն անցնում ոչ մի մաքսային գործընթացի միջով, ինչպես ժողովուրդն է ասում, "զատամոշկա" եւ "ռազտամոշկա" չեն անցնում:
Նույնը նաեւ այն ապրանքները, որոնք գալիս են այդ երկրներից: Միայն մի փաստաթուղթ է լրացվում, որը պետք է Վրաստանի տարածքով անցնելու համար, որն իր մեջ չի պարունակում ոչ մի մաքսային հետեւանքներ` մեր տնտեսվարող սուբյեկտների համար: Դա հստակ ֆիքսված է մեր պայմանագրում":