ԹԵ ՈՎ Է ԱՅԴ ՄԵԿ ՈՒՐԻՇԸ
Արխիվ 12-16
Դժվար թե, դեռեւս մնացած լինի որեւէ քիչ թե շատ քաղաքականացված մարդ, որը չի հասկանում, թե ինչին է կամ ում է ուղղված վերջին շրջանի միտինգային ակտիվությունը: Թեեւ գուցե միայն Րաֆֆի Հովհաննիսյանն է, որ անտեղյակ է կամ ձեւ է տալիս, թե անտեղյակ է եւ չգիտի` ինչին է մասնակցում եւ ինչ նպատակով: Թեեւ բոլորը միաբերան ասում են, որ ոչ արտաքին քաղաքականության վերաբերյալ առաջարկություններ ունեն, ոչ էլ երկրի սոցիալ-տնտեսական բարեփոխման մասին, եւ միակ բանը, որի համար պայքարում են, որպեսզի երկրում որեւէ բարեփոխում չլինի, իսկ իրենք ստանան իշխանության աթոռները: Այսինքն ամեն ինչ մնա` ինչպես որ կա, միայն թե Սերժ Սարգսյանի փոխարեն` նախագահի աթոռում նստած լինի մեկ ուրիշը: Թե ով է այդ մեկ ուրիշը, նույնպես բոլորին պարզ է, եւ ինչքան էլ հին ստախոս աղվես Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձի հանրահավաքի մասնակիցներին համոզել, որ Ռոբերտ Քոչարյանը այս ամենի հետ կապ չունի, պարզից էլ պարզ է, որ այս ամենը նախաձեռնվել է մի նպատակով. Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել պրեզիդենտի աթոռին: Այդ նպատակի հետ յուրաքանչյուր կողմ կապում է իր հաշվարկներն ու երազանքները:
ԲՀԿ-ում կուտակված օլիգարխիկ կապիտալը, որը Սերժ Սարգսյանի օրոք որոշակի դիսկոմֆորտ է ապրում, հույս ունի վերականգնել Ռոբերտ Քոչարյանի օրոք իր ունեցած դիրքերը: ՀՀՇ-ականներն իրենց հերթին հույս ունեն, մասնակցելով Քոչարյանի վերադարձին, ստանալ իշխանության եւ բիզնեսի մեջ իրենց մասնաբաժինը: Ամերիկացի Րաֆֆի Հովհաննիսյանը հույսեր է փայփայում ժամանակի ընթացքում շարժումը շուռ տալ հակառուսական ալիքի վրա, իսկ Ռոբերտ Քոչարյանին իշխանության վերադարձնելու դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համատեղ ջանքեր գործադրել` Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու ուղղությամբ:
Հասկանալի է, որ իշխանությունը նույնպես տեսնում է Քոչարյանի` ռեւանշիստական գործողությունները: Հենց դրա հետ է կապում Քոչարյանին նվիրված գործիչներից մեկի` Արմեն Գեւորգյանի հրաժարականը: Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո Արմեն Գեւորգյանը թեեւ դուրս էր եկել նախագահականի շենքից, այնուամենայնիվ, մինչ օրս պահպանել էր փոխվարչապետի պաշտոնը: Սակայն հավանաբար վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանը անցել է կարմիր գիծը, եւ դա անդրադառնում է իր քաղաքական թիմի վրա:
Սակայն հարցը չի սահմանափակվում միայն Ռ. Քոչարյանի քաղաքական հենարաններով: Հավանաբար, ուշադրության կենտրոնում է հայտնվել նաեւ Քոչարյանի ֆինանսատնտեսական բազան: Եվ առաջին հերթին` Ռոբերտ Քոչարյանի կողմից գրպանած Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը Հայաստանի ամենամեծ եւ ամենաշահութաբեր ձեռնարկությունն է: Ի դեպ, այստեղ է, որ պետք է փնտրել Սուրիկ Խաչատրյանի վերադարձի առեղծվածի բանալին: Ակնհայտ է, որ Լիսկայի վերադարձը պոպուլյար քայլ չէր: Սակայն պետք է ենթադրել, որ իշխանություններն այդ քայլին գնացին ստիպված: Բանն այն է, որ Սուրիկ Խաչատրյանի փոխարեն մարզպետ էր նշանակվել Վահե Հակոբյանը` Մաքսիմ Հակոբյանի որդին: Իր հերթին` Մաքսիմ Հակոբյանը նույնպես Ռոբերտ Քոչարյանին նվիրված մարդկանցից մեկն է եւ երկար տարիներ զբաղեցնում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պաշտոնը: Նրա պաշտոնից հեռացման հարցը դրվել էր դեռեւս գարնանը, սակայն հետագայում, հավանաբար կառավարության փոփոխությունների արդյունքում առաջ եկած ժամանակավոր մեղմացմանը իշխանությունների եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ` Մաքսիմ Հակոբյանը որոշ ժամանակ շարունակեց ղեկավարել կոմբինատը: Սակայն ինչպես վերը նշեցինք` Ռոբերտ Քոչարյանը հավանաբար հատել է կարմիր գիծը, եւ իրենց պաշտոններից զրկվեցին հայր եւ որդի Հակոբյանները: Կարելի է ենթադրել, որ միակ մարդը, ով կկարողանա վերահսկողության տակ պահել Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական բազա հանդիսացող Զանգեզուրի կոմբինատը, հենց Սուրիկ Խաչատրյանն է: Եվ պատահական չէ, որ Արմեն Գեւորգյանի հրաժարականի հիմքում նշվում է Սուրիկ Խաչատրյանի վերադարձը Սյունիքի մարզպետի պաշտոնին:
Այս ամենի հետ կապված` չի կարելի չնշել Զարուհի Փոստանջյանի այն պահանջը, ըստ որի` եռյակը պետք է Ռոբերտ Քոչարյանին հանցագործ համարի եւ ժողովրդին վերադարձնի Քոչարյանի կողմից եւ Քոչարյանի օրոք սեփականաշնորհված հարստությունները: Սակայն դա արդեն ինքնասպանություն կլինի եռյակի եւ հատկապես ԲՀԿ-ի համար:
Ա. ՕԳԱՆԵՍՈՎ

