"ՕԼԻԳԱՐԽՆԵՐ+ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐ+ՀՀՇՆԵՐ" ՁԵՎԱՉԱՓԻ ՑՈՒԳՑՎԱՆԳԸ
Արխիվ 12-16"ՕԼԻԳԱՐԽՆԵՐ+ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐ+ՀՀՇՆԵՐ" ՁԵՎԱՉԱՓԻ ՑՈՒԳՑՎԱՆԳԸ
Վերջապես տեղի ունեցավ այն իրադարձությունը, որին սպասում էինք տարիներ շարունակ` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականը: Դա խորհրդանշական ֆիգուր է, որն ինքն իրենով մարմնավորում էր քոչարյանական ներկայությունը կառավարությունում: Հիմա դա չկա: Պարզապես իրադարձություններն են արագացել: Դա կարելի է ընկալել նաեւ որպես յուրահատուկ պատասխան` քոչարյանականների կողմից ներքաղաքական կայունությունը խաթարելու փորձերին:
Ի դեպ, "եռյակի" հաջորդ հանրահավաքից առաջ բավականին դաժան քայլ կատարվեց նաեւ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի ձեռամբ: Փոխոստիկանապետը հայտարարեց, որ ոստիկանությունը չի պատրաստվում հոկտեմբերի 24-ին, ընդամենը կատարելու է հասարակական կարգի պահպանման գործառույթ, իսկ եթե անկանախատեսելի իրադարձություններ լինեն, ապա ոստիկանությունը կպատասխանի անկանխատեսելի քայլերով: Բնականաբար` օրենքի շրջանակներում:
ԴԵՄՔԵՐ ԵՎ ԴԻՄԱԿՆԵՐ
"Եռյակը" իր գործիչներով արդեն լիովին խճճվել է սեփական դիրքորոշումների մեջ: Մեկի ասածը մյուսի ասածի հետ չի բռնում, քարոզչամիջոցներն էլ հրապարակում են մարազմը մարազմի հետեւից, ու այնպիսի "լուրեր", "վերլուծություններ" եւ "փորձագիտական եզրակացություններ" են մատուցում ընթերցասեր հասարակությանը, որ, ինչպես իրավացիորեն նկատեց ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, մնում է սրանց ասել` վերցրեք ձեր մաշված, վայրկյանը մեկ խզացող փչացած ձայնապնակը ու մայդաններդ քաշեք...
Հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում հրապարակային ելույթների հարթությունում: Այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չգիտի հոկտեմբերի 24-ի հանրահավաքին կմասնակցի՞, թե ոչ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու նախորդ հանրահավաքին ընդհատեց իր ելույթը եւ գնաց մյուս առաջնորդների հետ խորհրդակցելու, բացատրում է այսպես. "Քանի որ մինչ օրս դեռ հասունացած չէ հանրահավաքի ամբողջական նպատակը, ծրագրային քարտեզը եւ առաջնային քայլերը, այդ հարցերն էի ուզում պարզել": Պարզե՞ց արդյոք` թան էլ չէ փրթած մածուն. "Խորհրդակցության արդյունքները կտեսնենք մոտ ապագայում... Պետք է հստակ նպատակ, ծրագրային քարտեզը, քայլերի հերթականությունը, բովանդակությունը ճշգրտվի, ակնկալում եմ, որ դրանք տեղի կունենան մինչեւ հոկտեմբերի 24-ը": Դե պարզ է, ամսի 10-ին Րաֆֆին կատարեց "քեռի Սեմի" հանձնարարությունը` մեծ բազմության առջեւ հայտարարելով, որ Եվրասիական միությունը "քըխ" է, սակայն դրանից հետո չգիտեր` ինչ է նախատեսված գործընկերների կողմից, որ մտածի` թե ինչ ասի: Մինչեւ այս պահն էլ չգիտի, կամ ձեւ է անում, որ չգիտի:
Կամ` ԼՏՊ-ն: Նույն ելույթի ընթացքում հասցրեց ասել, որ ԵՏՄ-ն "անշրջելի իրողություն է", ու միաժամանակ հայտարարեց, որ այդ նույն ԵՏՄ մտնելու համաձայնագիրը ստորագրող իշխանությունը կատարյալ միջազգային մեկուսացման մեջ է: Հիմա ո՞ր պահին էր նա առավել կեղծավոր, երբ փորձում էր ներկայանալ որպես ԵՏՄ-ի կողմնակի՞ց, թե` երբ իր ցանկությունն իրականության տեղ էր ներկայացնում` "հանցավոր ռեժիմի" պահով: Ու նաեւ նույն հարթակից հայտարարեց, որ "քառյակը" միեւնույնն է կա, 4-րդը Ստեփան Դեմիրճյանն է` իր ՀԺԿ-ով: Ուզում էր "շուստրի" ձեւով գործընկերներին փաստի առաջ կանգնեցնել, թե իրենց ձեւաչափում ունի ոչ թե մեկ, այլ երկու ձայն: Բայց ԲՀԿ-ն` պատգամավոր Միքայել Մելքումյանի շուրթերով, դրանից հետո նրա պորտը տեղը դրեց` հայտարարելով. "Սա "եռյակի" ֆորմատն է, ես չգիտեմ` ՀԺԿ-ն, եթե նման ցանկություն ունի, կարող է մասնակցել, բայց հատուկ հրավեր չկա, ես կրկնում եմ` սա առաջվա "եռյակի" ֆորմատով հանդիպում է լինելու":
ԲՀԿ-ի ներսում էլ կարծիքների այլընտրանքը մի տեսակ բազմազան է: Կուսակցության առաջնորդը գլխանց ասել էր, որ որոշողը պետք է լինի ժողովուրդը, եւ իրենք այդ ժողովրդի կամքը կկատարեն: Բայց արի ու տես, որ ԼՏՊ-ն "հիմա" գոռացող ժողովրդին դրեց-անպատվեց, հայտարարեց, որ ժողովուրդը պետք է առաջնորդվի "քառյակի" որոշումներով, անգամ եթե այդ որոշումները չի հասկանում կամ իրեն դուր չեն գալիս: Ժողովրդի հանգամանքը "ջրեց" եւ Միքայել Մելքումյանը` հայտարարելով. "Ամեն ինչ իր սցենարով գնում է` ծրագրված, գործողությունների հաջորդականությամբ": Հիմա ժողովո՞ւրդն է որոշում, թե գոյություն ունի սցենար, ու այդ սցենարով նույն ժողովրդին կույր գործիքի պես օգտագործում են: Հիմա սցենար կա՞, թե չկա, եթե կա` ինչու են այն թաքցնում խեղճուկրակ ամերիկացի Րաֆֆիից: Ի դեպ, որոշ մանրամասներ էլ բացահայտել է Զարուհի Փոստանջյանը` որ մինչեւ հանրահավաքը "Ժառանգության" առաջնորդը փորձել է հանդիպել ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդների հետ` հանրահավաքի օրակարգը կանխավ ճշտելու համար, սակայն նրան մերժել են:
Կարճ ասած, "եռյակում" բոլորն ուզում են բոլորին խաբած ու օգտագործած լինել, ու միաժամանակ բոլորն ուզում են խաբած ու օգտագործած լինել հանրահավաքի եկող բողոքավոր ժողովրդին` ինչպես յուրաքանչյուրը իր սեփական նպատակով, այնպես էլ բոլորը միասին այն նպատակով, որը ժողովրդին չեն ասում: Այդ չասվող նպատակն էլ Ռոբերտ Քոչարյանին իշխանության վերադարձնելն է: Ու երբ բոլորը դիմակներով են հանդես գալիս, բոլորը թաքցնում են իրական նպատակները եւ հանրությանը կեղծիք են մատուցում, արդյունքում ստացվում է ոչ թե ժողովրդական շարժում, այլ, կներեք, բառդակ: Ու եթե միտինգավոր ժողովուրդը առաջնորդվի թասիբի տարրական նորմերով, ապա պետք է որոշեր կամ այլեւս չգալ հաջորդ հանրահավաքների, կամ բարձրանալ հարթակ ու առաջնորդող գործիչների հետ անցկացնել բացատրական աշխատանք` զուտ ժողովրդական լեզվով: Սակայն, թե ինչպիսի "ժողովուրդ" է լցնում հրապարակը` ակամա հնչեցրեց Նաիրա Զոհրաբյանը: Նա առաջարկեց բոլոր նրանց, ովքեր կտրուկ հեղափոխական քայլերի կողմնակից են, սեփական ուժերով փորձել գոնե մի քիչ ժողովուրդ հավաքել հրապարակում: Այսինքն` ժողովուրդ բերողը ԲՀԿ-ն է, իսկ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը:
ՍՈՎՈՐԱԿԱՆ ՑՈՒԳՑՎԱՆԳ
Եթե պարզ խոսենք, ապա կարող ենք արձանագրել, որ ի դեմս "եռյակի" գործիչների` միտինգային հարթակում ներկայացված են օլիգարխների, ամերիկյան շպիոնօնիկների եւ ՀՀՇ-ականների շահերը: Բոլորի շարժիչ, բայց ստվերային ուժը իշխանության վերադառնալ ձգտող Ռոբերտ Քոչարյանն է: Ծերուկ Տեր-Պետրոսյանը հույս ունի նրանից իշխանության բաժին ստանալ, չէ՞ որ շուն-գել, բայց երբ Քոչարյանը վարչապետ էր, նա այդ վարչապետի մոտ նախագահ էր աշխատում: Րաֆֆին էլ, թերեւս, հույս ունի, որ արդեն Լեւոնի օգնությամբ կկարողանա իշխանության մեջ հզոր արեւմտամետ թեւ ստեղծել, եւ եթե բախտը բանա, ապա մնաս բարով ասել ԵՏՄ-ին: Իսկ որպեսզի Քոչարյանի վերադարձն ընդհանրապես ստացվի, պետք է պահպանել կառավարման այն համակարգը, որն առկա է այսօր եւ ոչ մի դեպքում չանցնել խորհրդարանական համակարգին: Դրա համար էլ աչքի գրող է արդեն իսկ ՀՀ նախագահի կողմից հաստատված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Բայց, գրողը տանի, արի ու սահմանադրական իրավագիտությունից անչափ հեռու ժողովրդի գլուխը մտցրու այն հեքիաթը, որ այդ հայեցակարգը դավադրության նախագիծ է, որի օգնությամբ Սերժ Սարգսյանը պետք է հավերժացնի իր իշխանությունը: Մոտավորապես նույն բարդության խնդիր է, ինչ համոզել, որ մածունը սեւ է, թեեւ դեռեւս խորհրդային հեռուստադիտողը տեսել էր ֆիլմը` հոգեբանական մանիպուլյացիոն տեխնոլոգիաների մասին, ուր գիտափորձի մասնակից երեխաները սեւ գնդիկ տեսնելով` այն սպիտակ էին անվանում, իսկ աղի շիլան համոզված ձեւով անվանում էին քաղցր...
Բայց, կարծես թե, գեբելսյան տարբերակով ստերը ժողովրդի գլուխը մտցնելու ժամանակն էլ պակասություն է տալիս, ստերը պսակազերծողներ էլ հայտնվում են նաեւ անսպասելի տեղերից: Օրինակ, Րաֆֆիին կրտսեր գործընկերոջ տեղ դնելու հարցում թերեւս չափն անցել են, եւ արդեն կատաղել է ԱՄՆ-ում գործակալական կուրսեր անցած Զարուհի Փոստանջյանը: Նա առաջարկում է "եռյակին" ու հատկապես ԲՀԿ-ին յուրահատուկ թեստ` լինել ընդդեմ ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ Ռոբերտ Քոչարյանին ճանաչել հանցագործ, հետո էլ վերանայել սեփականաշնորհման արդյունքները օրինականության տեսակետից` ընդհուպ կուլակաթափության աստիճան: Հիմա ինչպե՞ս կարող են Քոչարյանին հանցագործ հռչակել, եթե իրական նպատակը նրան իշխանության բերելն է, ինչպե՞ս կարող են վերանայել սեփականաշնորհումը, եթե Քոչարյանը հենց օլիգարխիայի շահերի արտահայտիչն է, ԲՀԿ-ում էլ լիքն են նրանք, ովքեր այդ սեփականաշնորհման արդյունքում հարստացան: Ճիշտ է, ԼՏՊ-ի օրոք կատարված սեփականաշնորհման մասին Զարուհի Փոստանջյանը չի խոսում, բայց միանշանակ ԼՏՊ-ին մեղադրում է 1995-ին կեղծիքով Սահմանադրությունն անցկացնելու եւ անբարոյական ավտոլիտար կերպար լինելու մեջ. "Քաղաքական գործիչները զսպում են իրենց էմոցիաները, իսկ նա, ով վիրավորում է, նրան ընդունում են` որպես բարոյականությունից զուրկ մարդու": Դե, քոչարյանական պահով նույն "եռյակին" քաուքանդ է անում Նիկոլն իր "քաղաքացիական պայմանագրով", էլի ուրիշ գործիչներ, ի պատասխան էլ քոչարյանական քարոզչամեքենան հանդես է գալիս այնպիսի նյութերով, որ դրանց հեղինակներն ակնհայտորեն, Քոչարյանի ասած, "ուրիշ մասնագետի" կարիք ունեն: Եթե առաջ բոլոր նրանց, ով դուրները չէր գալիս, պիտակում էին "Բաղրամյան 26-ի հաճախորդ", ապա հիմա արդեն կպցնում են Իլհամ Ալիեւին ծառայող, ադրբեջանցուն հավասար մարդկանց պիտակ: Հասել է նույնիսկ կուրիոզի, որ նույն ազերիների դեմ պատերազմած Սասուն Միքայելյանին են անվանել ազերի, ինչին, օրինակ, Ստյոպիկ Սաֆարյանն արձագանքել է. "Մենք ջհանդամ, գոնե Սասունին դա չասեին":
Հենց այդպես էլ ապրում ենք: Թեժ աշնան փոխարեն` այս անգամ ստացվել է լրիվ կրկեսային աշուն: Ու "եռյակի" մոտ "սիրո աշունը" ոչ միայն կրկնվելու միտումներ ցույց չի տալիս, այլ կարող է ընդհանրապես չստացվել:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

