ՀԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՀԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՏ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ կառավարության նիստից հետո մի քանի կանայք ուղղակի հարձակվեցին կառավարության շենքի վրա ու փորձեցին ներս սողոսկել: Մինչ ոստիկանությունը փորձում էր հանգստացնել տիկնանց ու "վնասազերծել", վերջիններս աղմկում ու լաց էին լինում: Ավելին` նրանցից մեկն անգամ պատրաստվում էր բնակություն հաստատել հենց կառավարության շենքում` ասելով. "Հերի՛ք եղավ, 4 տարի ա` քուչեքն եմ": Մյուսն էլ շարունակեց. "Դեղս չխմեմ` ուշքս կգնա, էլ չեմ դիմանում": Ի վերջո, ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ականջալուր եղավ եւ հանդիպեց ցուցարարների հետ: Պարզվեց, որ աղմկող տիկնայք տարբեր հատվածներում կառուցապատումների նպատակով օտարված բնակտարածքների, մասնավորապես` Ֆիրդուսի, Արամի եւ Բուզանդի փողոցների բնակիչներն են: ՀՀ վարչապետը անհատական կարգով լսեց նրանց խնդիրները` ընդգծելով կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքների եւ փաստաթղթային տարբեր հարցերի լուծման անհրաժեշտությունը` հստակ ժամանակացույցի համաձայն:
Կառավարության ղեկավարը հավատացրեց բնակիչներին, որ նրանց խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:
Ինչեւէ, իրականում կանանց անեծքներն ու ամոթանքները բոլորովին էլ կապ չունեին ներկայիս կառավարության հետ, քանի որ վերոնշյալ խնդիրը նախկին կառավարությունից ժառանգած ոչ ցանկալի բեռն է:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

