"ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՈԼՈՐՏՆ ԱՅՍՕՐ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ Է, ՔԱՆ ԵՐԵԿ"
Արխիվ 12-16"ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ ՈԼՈՐՏՆ ԱՅՍՕՐ
ԱՎԵԼԻ ԼԱՎ ՎԻՃԱԿՈՒՄ Է, ՔԱՆ ԵՐԵԿ"
ՀՀ ժողովրդական արտիստ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ դիտարկմամբ. "Հայ երգի, ազգային երգի ոլորտն այսօր ավելի լավ վիճակում է, քան երեկ, բայց ոչ լիարժեք ու բավարար. լրացումների կարիք դեռ շատ կա",- "Իրավունքի" հետ զրույցում ասաց Թ. Պողոսյանն ու հավելեց. "Ընդհանրապես ցանկացած ազգային ծրագիր պետք է ունենա պետական հովանավորություն, ոչ թե մնա առանձին անհատների ուսերին, ովքեր էլ հաճախ սիրողական մակարդակի են գործ անում: Ճիշտ է, նրանք հայրենասեր, նվիրյալ մարդիկ են, բայց ոչ պրոֆեսիոնալ, այդ իսկ պատճառով արդյունքը լինում է ոչ ցանկալի: Լավ որակ ստանալու համար պետք է ամեն ինչ պետականորեն համակարգել":
Խոսելով հանրակրթական դպրոցներում պարը հիմնական առարկա դարձնելու մասին` մեր զրուցակիցը նշեց. "Ժողովրդական, ազգագրական պարը, ի դեմս Գագիկ Գինոսյանի ջանքերի, կյանքի է կոչվում, որին ես շատ կողմ եմ. այն իր մեջ ունի բացառիկ կարեւոր` միասնության խորհուրդ, եւ դա երեխայի մեջ պետք ներարկել դեռեւս դպրոցից: Ազգային երգի հետ զուգահեռաբար նաեւ ազգային պարը պետք է քայլի":
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

