Օրերս Վարդենիսում կատարված աղմկահարույց սպանության վերաբերյալ որոշ մանրամասներ մեզ հետ զրույցում հայտնեց Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը: Քաղաքապետի խոսքով. "Միմյանց հետ վիճաբանել են եղբայրներ:
Գրիշա Մանուկյան եւ Արամ Մանուկյան եղբայրները վաղուց թշնամական, լարված հարաբերություններ են ունեցել իրենց եղբոր` Սարգսի հետ: Դեպքի օրը Գրիշա Մանուկյանն իր եղբոր` Արման Մանուկյանի եւ ընկերների հետ պատահաբար հանդիպել են Սարգսին, նրա հետ փորձել պարզել իրենց հարաբերությունները: Բայց Սարգիսը արհամարհական վերաբերմունք է ցույց տվել ու հայհոյել Գրիշա Մանուկյանին, որի պատճառով Արման Մանուկյանը ձեռքով հարվածել է նրա դեմքին: Այս դեպքից հետո նա իր ավտոմեքենայով դիմել է փախուստի: Բայց որոշ ժամանակ անց, Գրիշա Մանուկյանը դարձյալ հանդիպել է նրանց ու դարձյալ փորձել են պարզել իրենց հարաբերությունները, սակայն խոսակցությունը վերաճել է փոխադարձ հայհոյանքի: Արդյունքում` Սարգիսը իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակել է իր եղբոր` Արման Մանուկյանի վրա եւ դիմել փախուստի: Փաստորեն, վերջում եղբայրների թշնամանքը վերածվեց մարդասպանության":