ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ`ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ.«ՔՆՆՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻՆ ԱՌՆ
Արխիվ 12-16ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ`ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ.«ՔՆՆՎՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ»
«Իրավունքն» այսօր ՀՀ քննչական կոմիտեից պարզեց` այս տարի հունիսի 20-ին Արարատի մարզի զորամասերից մեկում մեկ տարվա ժամկետային զինծառայող Գրիշա Խաչատրյանի սպանության գործով հարուցված քրեական գործի շրջանակներում, բացի նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանից, ձերբակալված այլ անձ կա՞, թե՞ ոչ:
Հիշեցնենք, «Իրավունքի» հետ զրույցում Գրիշա Խաչատրյանի մայրը` Նազիկ Վարդանյանը, սեպտեմբերի 27-ին հայտարարել էր. «…Դեպքից անմիջապես հետո (նկատի ունի որդու սպանությունը-խմբ.) կանչել էին ամուսնուս ու նրան ասել՝վարկածներից մեկի համաձայն՝ եւս մի հոգի կա, ով վերացրել է երեխային, իսկ թե ով է նա, իրենք էլ չգիտեն»:
Գրիշայի մորաքրոջ դուստրը՝ Հայանե Հարությունյանը, էլ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ դեպքի հետ կապված երեք վարկած են ներկայացնում. գուցե մի երրորդ անձ է կրակել Գրիշա Խաչատրյանին, երկրորդ՝ Գրիշայի կողքին գտնվող զինվորներից մեկն է կրակել, երրորդ՝ Գրիշա Խաչատրյանն ինքնասպան է եղել: Ինքնասպանության վարկածը, սակայն, ըստ Գայանե Հարությունյանի, չեն կարողանում ապացուցել:
Քննչական կոմիտեից դեպքի առնչությամբ մեզ հայտնեցին հետեւյալը. ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ հունիսի 20-ին՝ ժամը 10:35-ի սահմաններում, N զորամասի մարտական հենակետում, գլխի շրջանում հրազենային գնդակային վնասվածքներով հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանի դիակը: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Զննվել է դեպքի վայրը, կատարվել են դեպքի վայրի տեսալուսանկարահանումներ, այլ անհրաժեշտ քննչական գործողություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին (սպանություն) մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել է դիրքի անձնակազմը: Նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ հարցերի պարզաբանման նպատակով նշանակվել են՝ դատաձգաբանական, դատակենսաբանական, դատաբժշկական, ինչպես նաև դատահետքաբանական, դատամատնադրոշմային, դատաձգաբանական համալիր և դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ: Դեպքի վայրը չպահպանելու և այն խեղաթյուրելու համար՝ ՀՀ քր. օր-ի 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով 23.06.2014թ.-ին ձերբակալվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Առաքելի Կիրակոսյանը: Հունիսի 25-ին նրան նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել։ Քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատաբժշկական, դատահետքաբանական համալիր փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել հարցաքննված անձանց ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում:
Ինչ վերաբերում է հարազատների կողմից ներկայացված վարկածներին, քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քննվում են գործին առնչվող հնարավոր բոլոր վարկածները, բայց քանի որ գործը նախաքննության փուլում է, առայժմ ոչինչ չեն կարող հայտնել:
Սոնա Դավթյան

