ՙ"ՍՊԱՆԵԼ ԿԱՄ ՍՊԱՆՎԵԼ". ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ՞Ր
Արխիվ 12-16"ՍՊԱՆԵԼ ԿԱՄ ՍՊԱՆՎԵԼ".
ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԿԱ՞Ր
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուª Վահե Ղուկասյանի քրեական գործի դատավարությունը կարծես թե ստանում է որակական նոր ուղղվածություն: Այսպիսի եզրակացության համար հիմք կարող է հանդիսանալ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած իրադարձությունները: ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՂԱԴՐՈՂԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է ԱՇԽԱՏԵԼ
2013թ. ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած "անմոռանալի" արյունահեղ փոխհրաձգության նկարագիրը ընթերցողին կհիշեցվի քիչ անցª իրավապահների եւ մեղադրյալի տեսանկյուններից: Հիմա նշենք միայն մեղադրանքի "ներածական" մասը. "Վահե Անդրանիկի Ղուկասյանը, գործով չպարզված շարժառիթով ցանկացել է սպանել Գյումրի քաղաքի բնակիչ` Հարություն Սամսոնի Խաչատրյանին: Այդ նպատակով` 2013 թվականի ապրիլի 23-ի առավոտյան, իր հետ վերցնելով, իր կողմից գործով չպարզված ժամանակահատվածում անհայտ անձից ապօրինի ձեռք բերված "ԱԿ-74 ինքնաձիգը...":
Համաձայնենք. դիտավորյալ սպանության մեջ անձին մեղադրանք առաջադրելու համար չպարզված հանգամանքները չափից ավելին են: Սակայն առաջին ատյանի դատարանը "յոլա գնաց" նախաքննությամբ ձեռք բերված "արժանահավատ" այլ ապացույցներով եւ Վահե Ղուկասյանին դատապարտեց 17 տարվա ազատազրկման: Մեղադրող կողմը այնքան վստահ էր, որ վերադաս դատարանն էլ իր հերթին "յոլա կտանի" գործը, որ վերաքննությանն էր ներկայացել դատարկաձեռն: Սաª չափազանցություն չէ. վերաքննիչ դատարանը, կարծես թե, մտադրված չէր "տնավարի" անցկացնել քննությունը եւ անթույլատրելի համարեց այն փաստը, որ մեղադրողն անդրադարձ չի կատարում վերաքննիչ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին եւ ներկայացնում է առաջին ատյանում արտասանած իր ճառը: Դրանով դատարանը պարզ հասկացրեց, որ "ջուրը" այս դեպքում չի անցնի, եւ մեղադրողը պարտավոր է պատճառաբանված հերքել պաշտպանության կողմից ներկայացված փաստերն ու հանգամանքները:
"ՊԱՇՏՊԱՆՅԱԼՍ ԱՎԵԼԻ ԴԻՊՈՒԿ ԷՐ ԳՏՆՎԵԼ..."
Պաշտպանության կողմի հիմնական թեզն այն է, որ Վահե Ղուկասյանը պաշտպանվել էր, եւ հակառակորդի կրակոցով հրահրված փոխհրաձգության ժամանակ նա ավելի դիպուկ էր կրակել, իսկ վերաքննիչ բողոքի պահանջն էª սպանություն եւ մահափորձ կատարելու վերաբերյալ մեղադրանքը համարել անհիմն:
Վերադառնանք 2013-ի իրադարձություններին: Իրավապահները "փաստել" էին, թե Վահե Ղուկասյանըª "Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում հանդիպելով "Մերսեդես Բենց" ավտոմեքենայում գտնվող Հարություն Խաչատրյանին եւ տեսնելով Հարություն Խաչատրյանին մեքենայից իջնելիս` ինքնաձիգը ձեռքին իջել է իր մեքենայից եւ նկատելով Հարություն Խաչատրյանի անչափահաս դստեր` Քնարիկ Հարությունի Խաչատրյանի` ավտոմեքենայից դուրս գալու եւ հոր կողքին կանգնած լինելու հանգամանքը, Հարություն Խաչատրյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, աստիճանաբար առաջանալով` առնվազն 3 անգամ կրակել է Հարություն Խաչատրյանի ուղղությամբ... Հարություն Խաչատրյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու իր հանցավոր մտադրությունը Վահե Ղուկասյանը չի կարողացել իրականացնել, քանի որ Արտյոմ Կարապետյանն, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահված "Մակարով" ատրճանակը ձեռքին իջել է ավտոմեքենայի վարորդի նստատեղից` ընկերոջը եւ երեխային պաշտպանելու նպատակով, որի ընթացքում Վահե Ղուկասյանը չդադարեցնելով կրակահերթ արձակելը` ապօրինաբար Արտյոմ Կարապետյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակել է նաեւ նրա վրա... Իսկ Արտյոմ Կարապետյանն իր եւ Հարություն Խաչատրյանի կյանքը հանրության համար վտանգավոր ոտնձգությունից պաշտպանելիս, անհրաժեշտ պաշտպանության վիճակում փոխադարձ կրակոցներ է արձակել Վահե Ղուկասյանի ուղղությամբ...":
Վահե Ղուկասյանը ստացել էր թեթեւ մարմնական վնասվածք, իսկ Արտյոմ Կարապետյանը մահացել էր:
Իսկ ահա ըստ Վահե Ղուկասյանիª փոխհրաձգության պատճառ էր դարձել այն, որ ինքը փողոցում պատահական հանդիպել էր "Մերսեդես Բենց" ավտոմեքենային, ազդանշան տալով պահանջել էր թույլ տալ իրեն վազանց կատարել, որին հաջորդել էին "Մերսեդեսի" "վիրավորական" մի քանի ազդանշաններ: Արդյունքում, մեքենաների վարորդները որոշել էին կանգնել` միմյանց "բացատրել" երթեւեկության կաննոները: "Բացատրական" գործընթացը, ըստ Վահե Ղուկասյանի, սկսել էր "Շեկոն", նույնª Արտյոմ Կարապետյանըª "Մակարովի" երկու կրակոցով: Դրանից հետո եւ միայն ինքնպաշտպանության նկատառումներով, ատրճանակից ավելի "արդյունավետ" գործադրվել էր ինքնաձիգը...
"ՎԵՐԻՇ-ՆԻՎԵՐԻՇ"
Հարգելով հայրենական արդարադատությունն ու ցանկանալով հարգել դատարանների կողմից կայացված ակտերը, համարում են, որ վերջիններս պետք է ինչ-որ չափով տարբերվեն "վերիշ-նիվերիշ" թղթախաղից: Մինչդեռ, առաջին ատյանի դատարանի ներքին համոզմունքից բխած եզրակացությունները, համոզված եմ, չեն կարող բավարարել ոչ միայն երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձին ու նրա պաշտպանին, այլեւ կողմնակի դիտորդին: Համոզվեք ինքներդ. "Ամբաստանյալ Վահե Անդրանիկի Ղուկասյանի կողմից գործի հանգամանքներին չհամապատասխանող նման հակասական ցուցմունք տալը եւ պատճառաբանությունները մտացածին են, նպատակ են հետապնդում` խուսափելու քրեական պատասխանատվությունից ու պատժից, եւ նրան մեղսագրվող հանցավոր արարքները ապացուցված են գործով ձեռք բերված եւ դատաքննությամբ հետազոտված հետեւյալ ապացույցներով":
Որո՞նք են այդ ապացույցները:
Դատարանն արժանահավատ էր համարել վկաներ` Սոնյա Գյարանյանի, Ասյա Խաչատրյանի, Տաթեւիկ Կարապետյանի, Մերուժան Ղազարյանի, Սարգիս Գասպարյանի, Գարիկ Խաչատրյանի եւ Շուշանիկ Օհանյանի գործի մինչդատական վարույթում տված ցուցմունքները: Այսինքն այն ցուցմունքները, որոնք տրվել էին քննիչին:
Դատարանն անարժանահավատ էր համարել նույն վկաներª Սոնյա Գյարանյանի, Ասյա Խաչատրյանի, Տաթեւիկ Կարապետյանի, Մերուժան Ղազարյանի, Սարգիս Գասպարյանի, Գարիկ Խաչատրյանի եւ Շուշանիկ Օհանյանի դատաքննությամբ տված ցուցմունքները: Այսինքն այն ցուցմունքները, որոնք նրանք տվել էին դատարանում:
ԴԱՏԱԽԱԶԻՑ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԳԼՈՒԽ ՉՀԱՆԵՑԻՆՔ
Եվ ահա երեկ տեղի ունեցած Վերաքննիչ քրեական դատարանի հերթական նիստում մեղադրող Շիրոյանը այս գործում այդքան առանցքային դեր ունեցած հիշատակված ցուցմունքների փոփոխման առնչությամբ միայն պարզաբանեց. "Առանց պատճառաբանելու, փոխել են իրենց ցուցմունքները` դեպքը նկարագրելով այլ կերպ, որոնք հակասում են նաեւ Ղուկասյանի ցուցմունքներին: Եվ այն, որ չեն պարզվել պաշտպանության տակ առնվելու շարժառիթները, չի նշանակում, որ վերջիններիս դատաքննական ցուցմունքները իրականություն են": Այսինքն` մեղադրողը եւս փաստում է, որ մտքներով անգամ չի անցել պարզել, թե ինչու են վկաները փոխել իրենց ցուցմունքները: Իսկ դա տվյալ գործում առավել քան կարեւոր դրվագ է, քանի որ, եթե վկաները ճիշտ ցուցմունք են տվել նախաքննության ժամանակ եւ կեղծը` դատավարության ընթացքում, ապա դա կնշանակի, որ այդ մարդկանց վրա եղել են բուռն ճնշումներ, նրանց կաշառել են, սպառնացել եւ այլն: Իսկ դա, ըստ էության, կլիներ նոր հանցագործություն, որը բացահայտելու համար իրավապահները նույնիսկ պարտավոր էին միջոցներ ձեռնարկել: Չեն ձեռնարկել, ուրեմն հանցագործությո՞ւնն են պարտակել: Կամ կարող է լինել երկրորդ տարբերակը, որ վկաները նախաքննության ընթացքում են կեղծ ցուցմունքներ տվել եւ դատարանում պատմել են իրականությունը: Բայց չէ՞ որ դա էլ կնշանակի, որ նախաքննության ժամանակ են նրանց կեղծիք պարտադրել` դրանով իսկ սպանության գործը շեղելով օրինական ընթացքից: Ամեն դեպքում, եթե նման մեծ թվով մարդիկ ցուցմունքները միանգամից փոխում են, ապա դա առնվազն ակնարկում է, որ կամ սկզբում կամ վերջում նրանց վրա կողմնակի ապօրինի ներգործություն է եղել: Իսկ առանց այդ փաստը պարզելու ու նոր մեղավորներ ի հայտ բերելու, սպանության գործը դատարանում այս համառությամբ առաջ տանելը առնվազն տարօրինակ է:
Եվս մեկ տարօրինակ հանգամանք. նույն մեղադրող դատախազը Վահե Ղուկասյանի` ինքնաձիգով քաղաքում ման գալու փաստի առնչությամբ երեկ դատարանում հետեւյալն ասաց. "Ղուկասյանը առավոտյան վերցնելով ինքնաձիգ եւ ատրճանակ` դուրս է եկել տնից եւ շրջել քաղաքում: Եթե Ղուկասյանը որեւէ մեկին սպանելու նպատակ չուներ, ապա ո՞րն էր հիշյալ զենքերը ավտոմեքենայում քաղաքում շրջելու իմաստը` առանց մտավախություն ունենալու, որ դրանք կարող են իր մոտ հայտնաբերվել": Ճիշտ է, որն է դրա իմաստը, առավել եւս որ ոչ միայն ավտոմեքենայում զենք պահելով քաղաքում ֆռֆռալը, այլ առհասարակ ապօրինի զենք ունենալը քրեորեն պատժելի արարք է: Բայց չէ՞ որ նախաքննությունն էլ է փաստել, որ Վ. Ղուկասյանի վրա էլ դիմացից են կրակել: Ընդ որում` դիմացի կանգնածներն էլ պատահական մարդիկ չէին: Ուրեմն ինչո՞ւ նույն տրամաբանությունը մեղադրող կողմը այստեղ էլ չի կիրառում, թե դիմացիններն էլ զինված Վահեին էին փնտրում. այլապես ինչո՞ւ էին նրանք զենքով դուրս եկել քաղաք. "Առանց մտավախություն ունենալու, որ դրանք կարող են իր մոտ հայտնաբերվել": Այսինքն, սա հի՞մք է այս կամ այն կողմին առաջինը կրակողի մեղադրանք ներկայացնելու համար:
Չէ, ամենեւին էլ չենք ուզում ասել, թե Վ. Ղուկասյանը չի եղել առաջին կրակողը: Բայց ինչքան հետեւեցինք գործի նյութերին, այնտեղ պարզապես կոնկրետ փաստերով հիմնավորված չէ, թե իրականում ով է եղել առաջինը կրակողը, եւ ով` պաշտպանվողը: Իսկ դա նշանակում է, որ նախաքննությունն ու առաջին դատավարությունը, մեղմ ասած, բազում հարցերի պատասխաններ չեն տվել, այսպես ասած, լիարժեք չեն: Իսկ սա արդեն պակաս ողբերգություն չէ, քան Գյումրիի բուն կրակոցները:
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

