ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ՞ ՍՈԴՈՄԱՑՎԻ
Արխիվ 12-16ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆ ՉԻ՞ ՍՈԴՈՄԱՑՎԻ
Երեկ մամուլում տարածված տեղեկություններից կարելի էր ենթադրել, որ աշխարհի վերջը, իսկապես, մոտ է: Ռուսական եւ հայկական լրատվամիջոցներում առկա տեղեկատվության համաձայն` Վատիկանում Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների Սինոդը, որն այս օրերին Վատիկանում ընտանիքի թեմային նվիրված արտակարգ գագաթնաժողով է հրավիրել, կոչ է արել մեծ հարգանքով վերաբերվել համասեռամոլներին եւ ոչ ավանդական զույգերին: Ավելին` հունգարացի կարդինալ Պիթեր Էրդոնն իր ելույթում անդրադառնալով վերոնշյալին` նշել էր, թե մարդկանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին իրենք կան: Կաթոլիկ եկեղեցու կողմից ընտանիքի մասին ավանդական պատկերացումների խեղման այս մտահոգիչ հարցի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների վարիչ-տնօրեն Տ. ՀՈՎԱԿԻՄ եպիսկոպոս ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ.
- Նախ նշեմ, որ սա ընդամենը հատված է ժողովի համազեկուցող Բուդապեշտի կարդինալ Էրդրոնի միջանկյալ զեկույցից, որը տարածում գտավ մամուլում: Այդ փաստաթուղթը դեռ զարգացման փուլում է, վերջնական չի ընդունվել: Վերջնական կարող է ընդունվել միայն հաջորդ տարի եպիսկոպոսաց ժողովում: Երբ վերջնական կհրապարակվի եւ երբ այդ փաստաթուղթը կուղարկեն այլ եկեղեցիներ, այդ պարագայում մենք տեսակետ կհայտնենք: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Կաթոլիկ եկեղեցին իր դիրքորոշումը` ավանդական ընտանեկան արժեքների շուրջ, փոփոխի, որովհետեւ արքայության հասնելու երկու ճանապարհ կա` առաջինը` դա կուսակրոն վանական կյանքի միջոցով, երբ դու քեզ նվիրում ես Աստծուն, երկրորդը` ընտանիքի միջոցով: Իսկ ընտանիքը լինում է բացառապես կնոջ եւ տղամարդու միջոցով: Կաթոլիկ եկեղեցին հնարավոր է, որ առիթ տա, որպեսզի նման կարգի մարդիկ վերադառնան եկեղեցի, բայց չեմ կարծում` իր ընկալումներն ու ուսմունքը` ընտանիքի եւ ընտանեկան ավանդական արժեքների շուրջ, փոխի: Կրկնում եմ` սա ընդամենը Բուդապեշտի եպիսկոպոսի արտահայտած կարծիքն է, որն իր ճառում ասել է, թե կարեկցանքով պետք է մոտենանք այդ կարգի մարդկանց:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

