ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ" ԿՐԱ՞ԿՆ Է ԳՑԵԼ
Արխիվ 12-16"ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ" ԿՐԱ՞ԿՆ Է ԳՑԵԼ
"Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ "Իրավունքը" պարզեց` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կընդունե՞ն "Ժառանգության" այն պայմանները, որոնք հնչեցվել են "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից: "Դրանք Զարուհի Փոստանջյանի պայմաններն են, ոչ թե` "Ժառանգության",- ասաց կուսակցության փոխնախագահը:-Այդ դեպքում` ինչո՞ւ է Զարուհի Փոստանջյանը խոսել կուսակցության, ոչ թե իր անունից:
- Ես դա հիմա ճշտում եմ:
- Բայց ինչպես կարող էր տիկին Փոստանջյանը նման ինքնուրույն քայլ անել` առանց կուսակցության հետ համաձայնեցնելու:
- Զարուհի Փոստանջյանն ամեն ինչ կարող է: Իր խիզախությունն ու ազատությունը թույլ են տալիս, որ ինքը նման մոտեցում ցուցաբերի: Ավելին ասեմ` մեր կուսակցության անդամների նկատմամբ որեւէ խիստ սահմանափակումներ չեն դրվում: Իսկ "Ժառանգության" պաշտոնական տեսակետը ներկայացնում են Րաֆֆի Հովհաննիսյանը, ես, Ռուբեն Հակոբյանը, մամլո խոսնակը:
- Կարելի՞ է ենթադրել, որ լուրջ չեք վերաբերվում "Ժառանգություն" խմբակցության նախկին ղեկավարի` Զարուհի Փոստանջյանի հայտարարություններին:
- Դրանք բնականաբար լուրջ մոտեցումներ են, բայց դրանք իր, ոչ թե "Ժառանգության" մոտեցումներն են: Զարուհի Փոստանջյանն օգտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի ընձեռած ազատությունից, որից օգտվում են կուսակցության մյուս անդամները, եւ արտահայտել իր մոտեցումները: Բայց վերջնական որոշումները կայացվում են "Ժառանգության" վարչությունում, խորհրդում, համագումարում:
- Պրն Մարտիրոսյան, համաձա՞յն եք տիկին Փոստանջյանի այն տեսակետին, որ ԲՀԿ-ն պետք է ընդունի Ռոբերտ Քոչարյանին` որպես հանցագործի եւ հետամուտ լինի նրա քրեական հետապնդմանը եւ օրինական դատավճռով ազատազրկմանը:
- Ես կարիք չունեմ մեկնաբանելու Զարուհի Փոստանջյանի կարծիքը, քանի որ նա իմ հարգարժան գործընկերն է:
- Իսկ ԲՀԿ-ն Ռ. Քոչարյանին հանցագործ կճանաչի՞, թե՞ ոչ:
- Ես չգիտեմ: Ես չեմ մեկնաբանում Զարուհի Փոստանջյանի խոսքերը:
- Լավ: Իսկ համամի՞տ եք Ձեր գործընկերոջ տեսակետներին:
- Ես կարող եմ հանդիպել Զ. Փոստանջյանին եւ իմ համամիտ լինել-չլինելու մասին խոսել նրա հետ: Ես չեմ կարծում, որ իմ հարգարժան գործընկերոջ ասածները հրապարակավ պետք է մեկնաբանեմ:
- Կես կատակ-կես լուրջ` տիկին Փոստանջյանը "Ժառանգությանը" կրա՞կն է գցել:
- Ոչ, Զ. Փոստանջյանը "Ժառանգությանը" կրակը չի գցել: Նա ներկայացրել է իր մոտեցումները: Արշալույսները մեզ մոտ խաղաղ են:
- Արդյո՞ք "Ժառանգությունը" կմասնակցի "եռյակի" հաջորդ` հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին:
- Այո:
- Րաֆֆի Հովհաննիսյանը նախորդ անգամվա նման ելույթ կունենա՞:
- Դա իր որոշելիք խնդիրն է: Կցանկանա` կունենա:
- Եթե "Ժառանգությունը" մասնակցում է "եռյակի" հաջորդ հանրահավաքին, նշանակո՞ւմ է, որ "եռյակի" ուժերն արդեն ունեն միասնական օրակարգ, որի կարեւորության մասին երկուշաբթի խոսել էր Րաֆֆի Հովհաննիսյանը:
- Մենք հույս ունենք, որ մինչ հոկտեմբերի 24-ի հանրահավաքը միասնական այդ օրակարգը կլինի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

