"ՎԵՐԱԴԱՐՁ" ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՓԼՈՒԶՈՒՄԸ
Արխիվ 12-16"ՎԵՐԱԴԱՐՁ" ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ՓԼՈՒԶՈՒՄԸ
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի եւ հաջորդ` հոկտեմբերի 24-ի` իբր "իշխանափոխության հիմք" հանրահավաքի քննարկումները, իսկ ավելի շատ` տրամաբանությունն ու ողջախոհությունը ոտնահարող քարոզչական շահարկումները շարունակվում են: Եթե դատենք քոչարյանական եւ տերպետրոսյանական քարոզչամիջոցներից` ժողովուրդը էսօր-էգուց քշելու է "հանցավոր վարչախմբին", լինելու են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ:
Ընդ որում, եթե հետեւենք քարոզիչներին, ինչպես քաղաքական գործիչների եւ "ծակ պրոֆեսոր" փորձագետների, այնպես էլ շարքային տեղեկատվական մարտիկների մակարդակով, ապա առավել հիսթերիկ վիճակ նկատվում է երկրորդ նախագահի կողմնակիցների ճամբարում:
ԻՆՉՈՒ ՉԻ ՍՏԱՑՎԵԼ
ԵՎ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ ՄԱՅԴԱՆԸ
Թե ինչու են լեւոնականները ավելի հանդարտ, նույնպես հասկանալի է: Եթե չստացվի համապետական շիլա եփելը եւ մայդանային վիճակներ ստեղծելը, ապա գոնե ԲՀԿ-ին հարվածի տակ ներքաշելը առավել քան նվազ չափով կստացվի: ԲՀԿ-ի վարկանիշը ՀԱԿմեջ անելը նույնպես կբավարարի ԼՏՊ-ի ճամբարին, քանզի ոչ իշխանական դաշտում այդ հսկայի թուլացումը կգոյացնի վակուում, որը կարող են փորձել լցնել նաեւ իրենք:
Սակայն վերադառնանք զանգվածային շարժումներին: Ըստ Ահարոն Ադիբեկյանի` 95 համայնքներում կատարված սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ 25%-ը ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ եւ. "Եթե այս թիվը վերահաշվարկենք ողջ հասուն բնակչության համար, ապա այն կկազմի 10 տոկոս, քանի որ բնակչության 25 տոկոսն ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ: Միայն 10 տոկոսն է ասել, որ ուժ կիրառելու կողմնակից է: Այսինքն` հասուն բնակչության տասից յոթը, այսպես ասենք, թամաշա անող է, երկուսը խաղաղ գործողությունների կողմնակից է, եւ ըմբոստ է ընդամենը մեկը: Այստեղից հարց է առաջանում` կարո՞ղ է այդ մեկը ստեղծել այն կրիտիկական զանգվածը, որը կհանգեցնի հեղաշրջման":
Սոցիոլոգը ճիշտ է անում, որ ինքը չի պատասխանում այդ հարցին` 10%-ը բավարա՞ր կրիտիկական զանգված է, թե՞ ոչ: Որովհետեւ զանգվածների մասնակցությունն այս կամ այն գործընթացին կախված է բազում գործոններից: Հիշենք բավականին պարզ ու հանրահայտ թիվ` Արցախյան պատերազմին մասնակցել է ընդամենը 20 հազար կամավոր: Այսինքն` չափահաս բնակչության ընդամենը մեկ տոկոսը: 1988-1994թթ. ունեինք ընդամենը մեկ տոկոս պասիոնար բնակչություն, որը հանուն վեհ նպատակների պատրաստ էր ինքնազոհության, եւ այդ մեկ տոկոսը տվեց գերազանց արդյունք` փառավոր հաղթանակ անհավասար ու աննպաստ պայմաններում: Հիմա` համեմատաբար խաղաղ պայմաններում բնակչության պասիոնար հատվածը կարող է իրեն դրսեւորել տարատեսակ ըմբոստություններում, եւ Ահարոն Ադիբեկյանը արձանագրում է աննախադեպ բարձր ցուցանիշ` 10%: Դա վիթխարի ուժ է, որը կարող է ծառայել ինչպես արարչագործ, այնպես էլ կործանարար գործընթացներին, եւ միանշանակ է, որ այդ շերտի համար անլուծելի խնդիր չի կարող գոյություն ունենալ, միայն թե լինի միավորող վեհ գաղափար եւ վստահելի առաջնորդ:
Իսկ թե ինչու երկրում հեղափոխություն չի ստացվում, չնայած շուրջօրյա եւ շատ ինտենսիվ քարոզչական ուղեղալվացման, չնայած դժվարին սոցիալ-տնտեսական խնդիրների եւ դժգոհության կուտակման, չնայած հեղաշրջման մասին երազող բավականին լայն քաղաքական խավի առկայության` պատասխանը բավականին պարզ է:
Չկա այդ միավորող վեհ գաղափարը, ու առավել եւս չկա վստահելի առաջնորդը: Դրա փոխարեն` պասիոնար շերտին առաջարկում են դրա սուրոգատները: Եվ եթե 2008-ին այդ սուրոգատները ներգրավեցին փողոցային անկարգությունների համար բավարար քանակությամբ մարդ, ապա անցյալ տարվա աշնանը կեղծ գաղափարի ու կեղծ առաջնորդի հետեւից գնացողները սահմանափակվեցին Շանթի հետեւից գնացած մի քանի տասնյակ մարդկանցով:
Հիմա ինչ էր պետք "եռյակացած" "քառյակին": ՀՅԴ-ի հեռանալուց հետո երեք կուսակցություններից երկուսը ներկայացնում էին Քոչարյան-Տեր-Պետրոսյան տանդեմը, որն ուներ վերադառնալու գերխնդիր: Ու հոկտեմբերի 10-ին ընդառաջ` ինտենսիվ քարոզչական մշակումները, կազմակերպչական բավականին մեծ ռեսուրսի վատնումը, 6-րդ շարասյան ներկայացուցիչ օլիգարխների ու չինովնիկների ստվերային գործողություններն ուղղված էին, որպեսզի այդ պասիոնար 10%-ից հնարավորինս շատերին տանել մայդանային տիպի գործողությունների: Պատահական չէր այդ երկար գովազդված հանրահավաքի համատեղումը ԵՏՄ-ի անդամակցության ստորագրման օրվա հետ` եթե հնարավոր լիներ մայդանային գործընթացի կազմակերպում, ապա դա թույլ կտար կասեցնել անդամակցության խորհրդարանական վավերացումը եւ վերադառնալ իշխանության` արդեն ամերիկյան "դաբրոյով":
Բայց այդ ամենից ստացվեց թեեւ վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքը, սակայն մեր քաղաքացիները, դժվար թե, 1988-ից ի վեր վերհիշեն այդ աստիճանի իմաստազուրկ եւ ինքնանպատակ հանրահավաք: Դրա պատճառները մի քանիսն են: Նախ` չկար միավորող գաղափարը, էլ ուր մնաց, որ այն վեհ լիներ: Իսկ անգամ զուտ իշխանափոխությունը որպես գաղափար առաջարկելը չէր կարող արդյունավետ լինել: Մեր ժողովուրդը ու առավել եւս ժողովրդի պասիոնար հատվածը ավերակներ սփռող "արաբական գարունների" ու հատկապես Եվրոպայի խոշորագույն երկիրը կործանած ուկրաինական Մայդանի փորձն աչքի առաջ ունենալով` վաղուց են համոզվել, որ իշխանական օղակներում պողոսներին պետրոսներով փոխարինելը ոչ մի դրական արդյունքի չի բերում, պարունակելով հանդերձ` երկիրը կործանելու ռիսկերը: Այն տարրը, որը չի հետաքրքրվում սեփական երկրի հետագա ճակատագրով կամ բացասական հույզերով է համակված սեփական երկրի նկատմամբ, ավելի շուտ կնախընտրի արտագաղթելը, քան սեփական անձը մեծամեծ ռիսկերի ենթարկելը: Խոշոր հաշվով, մեր երկրի պասիոնար շերտը զորաշարժի կարող է ենթարկվել ոչ թե իշխանություն փոխելու` շարունակաբար միայն հիասթափություն պատճառող ֆիկտիվ արժեքով, այլ միայն այնպիսի գաղափարով, որն անպայման իր մեջ պարունակում է հայերիս նկարագրին համարժեք համազգային առաքելություն: 1988-ին դա, օրինակ, Արցախի ազատագրման գաղափարն էր, իսկ այսօր ոչ ոք դրա նույնիսկ կեսի չափի համարժեք չի կարողանում առաջարկել:
Սակայն կան նաեւ զուտ կոնկրետ քաղաքական պատճառներ, թե ինչու Մայդան չի ստացվում ու չի ստացվելու:
ԵՐԲ ՕԳՏԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ
ՕԳՏԱԶԵՐԾՄԱՆ Է ՎԵՐԱԾՎՈՒՄ
Անշուշտ, "եռյակի" բոլոր առաջնորդներն աչքի են ընկնում քաղաքական օգտապաշտությամբ, սեփական քաղաքական շահը լավ գիտակցելով: Օգտապաշտ Լեւոն Ակոպիչը շատ լավ գիտի, որ բացի մի քանի հարյուր անուղեղ ֆանատիկոսներից եւ սեփական քաղաքական փորձից, ուրիշ ռեսուրս չունի, եւ այդ պատճառով 2011-ից ի վեր փորձում է օգտագործել քաղաքականապես եւ նկարագիրը չգտած հզոր ԲՀԿ-ի ռեսուրսը: Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին ստացած 40% քվեների վիթխարի ռեսուրսը վատնեց այնպիսի անտաղանդությամբ, որ նրա կենսագրության օրինակով կարելի է գրել ձեռնարկ, թե ինչպես չի կարելի վարվել քաղաքականությունում: Նա հիմա ընդամենը ջրի երես մնալու եւ ինչ-որ փայ փախցնելու խնդիր ունի, գումարած իհարկե, ամերկյան շեֆերի առաջադրանքների կատարումը, եւ հենց այդ պատճառով նա նույն "եռյակում" կրտսեր գործընկերոջ կարգավիճակում է: Նույնիսկ քաղաքական զրո Ստեփան Դեմիրճյանը նրան հավասար կամ նրանից բարձր կարգավիճակով է օժտված այդ քաղաքական ձեւաչափում:
Եթե ՀԱԿ-ի ծեր առաջնորդը ԲՀԿ-ի ռեսուրսն ի շահ իրեն օգտագործելու նպատակ ունի, ապա այդ ռեսուրսն օգտագործելու էլ ավելի մեծ դրդապատճառներ ունի Ռոբերտ Սեդրակիչը: Բնականաբար, առաջին ու երկրորդ նախագահների տանդեմում ծերուկն ընդամենը օժանդակ դեր կարող է խաղալ իր ավելի երիտասարդ գործընկերոջ կողքը: Սակայն ԲՀԿ-ն թեեւ ստեղծման պահից քոչարյանական հենարան է, բայց ինքը` Քոչարյանը, այսօր որպես հրապարակային առաջնորդ երեւալու հնարավորություն Լեւոնից էլ քիչ ունի: Բավականին դժվար է նրան հիմա պատկերացնել հանրահավաքային հարթակում, իսկ տարատեսակ միջնորդավորված սխեմաները միշտ էլ ինչ-որ տեղ սխալ են տալիս: Նույն բազմափորձ ԼՏՊ-ի պարագայում ԲՀԿ-ի ռեսուրսն օգտագործելու փորձերը հիմնականում ավարտվեցին նրանով, որ սեփական բողոքավոր ընտրազանգվածին նվիրեց ԲՀԿ-ին: Իսկ Քոչարյանի պարագայում առկա է "ումով" հանդես գալու գերխնդիրը: Իրեն հավատարիմ օսկանյական թեւը` ի դեմս Վարդան Սիվիլիթասիչի, Նաիրա Զոհրաբյանի եւ որոշ այլ պատգամավորների, թեեւ կարողանում է ճարտար մայդանային ելույթներ ունենալ, բայց, այնուամենայնիվ, չի ներկայացնում ԲՀԿ-ն առաջին դեմքով: Իսկ ԲՀԿ առաջնորդին ավելի շուտ հոգեհարազատ է իր կուսակցության բիզնես շերտը, որը առավել զգուշավոր է, ու պատահական չէ, որ կուսակցությունը մինչեւ հիմա կոչվում է ոչ թե ընդդիմադիր, այլ` "այլընտրանք": Հոկտեմբերի 10-ի "մայդանացու" հանրահավաքին թեեւ ԲՀԿ առաջնորդը ներկայացավ ու, ըստ ամենայնի, զանգվածի զգալի, եթե ոչ գերակշիռ մասն ապահովեց, սակայն շրջահայացորեն ժողովրդին ողջունելուց հետո իր ելույթը թողեց "հաջորդ դասին": Դե, ծեր աղվես Լեւոնն էլ շտապեց շեշտել, որ ԵՏՄ-ի դեմ ոչ մի դեպքում չեն գնա, ու արդյունքում ստացվեց այն, ինչ կա: Ոչ ոք չի կարող ուղղակի տեքստով ձեւակերպել, թե ինչ է "եռյակի" ուզածը: Քանզի այնտեղ բոլորը մտածում են մի բան, ասում` երկրորդը եւ անում` երրորդը, իսկ վերադառնալու գերխնդիր դրած ՀՀ երկրորդ նախագահը հարկադրված է գործել միջնորդավորված, "վերադարձ" օպերացիան փլուզվում է գրողի ծոցը: Ինտրիգները լավ են աշխատում բյուրոկրատական ապարատի, բիզնես-միջավայրի, որոշ չափով նաեւ ներկայացուցչական մարմինների մակարդակում, սակայն, եթե շարժիչ ուժը ժողովրդական զանգվածն է, ապա արդյունավետությունն ընկնում է: Մեծ ամբոխը կարող է որպես հուժկու մեքենա աշխատել, եթե քչից-շատից անկեղծ տեխնոլոգիաներ են օգտագործվում, իսկ երբ դրա քաղաքական վերնաշենքում հավաքված է կեղծիքը կեղծիքի վրա եւ դիմակը դիմակի վրա` արդյունքում ստացվում է տապալում եւ փլուզում:
Հիմա, բնականաբար, չեն կարող նույն միտինգային զանգվածին ասել, թե գնում ենք կռիվ անելու, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին բերենք իշխանության: Փոխարենը` էլի հեքիաթներ են առաջարկվում, բայց դրանց պաշարն էլ է սպառվում: Վերջին հեքիաթը, որ հիմա առաջարկում եմ` իբր ԵՏՄ-ի անդամակցության պատճառով Արցախը Հայաստանից անջատվելու է մաքսակետով, նույնիսկ կրկնօրինակում են ադրբեջանական քարոզչության մարազմատիկ թեզերը, իբր Արցախն Ադրբեջանին է վերադարձվում առանց մեկ կրակոցի: Սակայն այդ հեքիաթը բավականին հեշտ է ջարդվում: Այսպես, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հնչեցրեց այն պարզագույն փաստը, որ մաքսակետի մասին բանակցությունների օրակարգում ոչինչ չկար, դա բանակցությունների առարկա չէր: Բայց առավել դաժան հարված հասավ ամբողջովին յուրային, արեւմտամետ Ալիկ Արզումանյանից. "Բացառում եմ որեւէ մաքսակետի տեղադրում Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանին, դա ինքնասպանություն կլինի, առավել եւս որ երբեք մենք չենք ընդունի, որ Ղարաբաղը Ադրբեջանի մեջ է մտնում: Մեր իշխանությունները դա երբեք թույլ չեն տա, ես բացառում եմ դա ուղղակի: Մենք այնպես պետք է անենք, որ նյարդայնություն չառաջացնի մեր գործընկերների մոտ":
Դե ինչ, ֆենիտա լա կոմեդիա: Պատրաստվենք ԵՏՄ-ի համաձայնագրի խորհրդարանական վավերացմանը: Ձեռի հետ էլ, ամսի 24-ին կդիտենք հերթական քաղաքական կրկեսը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

