«ԻՆՉՔԱՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ, ՆՈՒՅՆՔԱՆ ԷԼ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈ
Արխիվ 12-16«ԻՆՉՔԱՆ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԸ, ԱՅԴՔԱՆ ԷԼ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԵՆ ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ». ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ
Այս տարի հուլիսի 24-ին ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում «Ով պիտի պաշտպանի մեր հոգևոր անվտանգությունը կամ հաղորդում ապօրինի գործունեության մասին» վերտառությամբ գրառում էր թողել, որը վերաբերում էր մայրաքաղաքի տարբեր հատվածներում քարոզվող աղանդավորական գրականությանը: ՀՅԴ անդամը, սակայն, չէր բավարարվել միայն ֆեյսբուքյան գրառմամբ, այլեւ հայցով դիմել էր Կենտրոնի ոստիկանություն:
Այսօր «Իրավունքը» Լիլիթ Գալստյանից պարզեց` իրավապահները ի՞նչ ընթացք տվեցին նրա հայցին: «Անկեղծ ասած` ոչնչի չհասա, ոչ մի պատասխան չեմ ստացել ոստիկանությունից, անգամ հանցակազմի կամ զանցանքի բացակայության մասին գրավոր պատասխան չեմ ստացել, հակառակ գրավոր դիմումիս»,- պատասխանեց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ այսօր էլ Եհովայի վկաները իր կարծիքով շարունակում են ապօրինի գործունեություն ծավալել: Խնդիրը, ըստ Լ. Գալստյանի, միայն իրավական դաշտում չէ. աղանդավորական բոլոր կառույցների դեմ պայքարը հանրության բոլոր շերտերի խնդիրն է: «Ինչքան մեր զինվորի համար սպառնալիք են դիպուկահարները, այդքան էլ հոգևոր անվտանգության համատեքստում սպառնալիք են աղանդավորական կառույցները»,- վստահ է մեր զրուցակիցը: ՀՅԴ անդամի համոզմամբ գործող օրենքը թույլ է տալիս պաշտպանել մեր հոգեւոր անվտանգությունը, պարզապես բավարար կամք ու ցանկություն է անհրաժեշտ խնդիրը լուծելու համար:
Եհովայի վկաներն իրենց գրականությունը և քարոզչությունը տարածում են ոչ միայն Օպերայի խաչմերուկում, այլեւ մայրաքաղաքի տարբեր բանուկ հատվածներում. «Երկու օր առաջ, օրինակ, Եհովայի վկաներն ինձ մոտեցան Տերյան-Իսահակյան խաչմերուկում»: Լիլիթ Գալստյանը, սակայն, ձեռքերը ծալած չի պատրաստվում նստել: «Արդեն խոսել եմ Մայր Աթոռի պատասխատուների հետ, հարցը նաեւ քննարկվել է ՀՅԴ Գերագույն մարմնում, առաջիկայում կփորձենք կլոր սեղանների ու քննարկումների միջոցով հարցին անդրադառնալ`ընդգրկելով հանրության ավելի լայն շրջանակներ»,- եզրափակեց ՀՅԴ անդամը:
Սոնա Դավթյան

