«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԹՇՆԱՄՈՒ ԲԵՐԱՆԸ ԼԵԶՈՒ ՉԴՆԵՆՔ, ՄԻՆՉԴԵՌ ԴՆՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՇԱՏ ԵՆՔ ԴՆՈՒՄ»
Արխիվ 12-16«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԹՇՆԱՄՈՒ ԲԵՐԱՆԸ ԼԵԶՈՒ ՉԴՆԵՆՔ, ՄԻՆՉԴԵՌ ԴՆՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՇԱՏ ԵՆՔ ԴՆՈՒՄ»
Օրերս «Իրավունքը» ներկայացրել էր թիֆլիսաբնակ բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, Վրաստանի գրողների միության «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր, համանուն գրական-մշակութային հասարակական կազմակերպության նախագահ ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ հարցազրույցը, ով նաեւ «Վրաստան» թերթի սեփական թղթակիցն ու բաժանորդագրության ծառայության ղեկավարն է, ՀՀ Օքրո Օքրոյանի անվան «Աստված սեր է» գրական հիմնադրամի Վրաստանի հետ կապերի բաժնի վարիչը: Տիկին Բոստանջյանը նախորդ զրույցում անդրադարձել էր Վրաստանում հայապահպանության խնդիրներին, իսկ այժմ ներկայացնում ենք հարցազրույցի մշակութային հատվածը:
«2015-ԻՆ ՆԱԽ ՆՎՎՈՑ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ»
-Մյուս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ըստ Ձեզ, մենք պատրա՞ստ ենք այն պատշաճ նշելու:
- Հարցեր կան, որ պիտի մեր մեջ ուղղենք: Գտնում եմ` 2015-ին նախ նվվոց չպետք է լինի: Էս նվվոցը սարսափելի է, ուզում եմ, որ մենք խնդրողի դերում հանդես չգանք: Ուզում եմ` պահանջողի դերում լինենք ու դրա համար մեր միջից պիտի հանենք շատ բաներ, որոնք մեզ խանգարում են լինել պահանջատեր: Երբեմն այնքան սխալ ձեւով ենք գործն առաջ տանում, որ մեզ թույլ չի տալիս պահանջել մեկ ուրիշից: Մեր մեջ կա իրար «գցել», եթե հայը հային «գցում է», թուրքից ես ինչո՞ւ պետք է ինչ-որ բան պահանջեմ: Եթե հայը փողի համար կարող է հոգի ծախել, ի՞նչ պահանջեմ թշնամուց: Ուզում եմ, որ թշնամու բերանը լեզու չդնենք, մինչդեռ դնում ենք ու շատ ենք դնում: Մեծ աշխատանք է այսօր տարվում Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու համար: Այո՛, պետք է նշենք, պետք է աշխարհն իմանա, բայց աշխարհն այս մասին արդեն շատ լավ գիտի: Ու այսօր ոչ բոլորը, բայց կան մարդիկ, որոնք արդեն այս տարելիցը վերածում են ինչ-որ ինքնացուցադրման բեռի: Ավելին` ոչ միայն մարդիկ, այլեւ կազմակերպություններ էլ կան, որոնք արդեն չեն էլ խորանում, թե ինչ, ինչպես ու որտեղ, որովհետեւ իրենց միայն ձեւն է հետաքրքիր:
-Դուք նշեցիք, որ «սարսափելի է նվվոցը», բայց, այնուամենայնիվ, մենք 100 տարի ողբացել ենք ու չենք պահանջել…
- Չեմ ընդունում, որ ամեն ապրիլի 24-ին ներկայացնում են սարսռալի, ամենաողբերգական, ամենադաժան տեսաարանները: Թող լինի, բայց դա չպետք է մասսայական բնույթ ստանա: Օրինակ, մենք հիմա տպագրել ենք Վալերի Հունանյանցի գիրքը, որը հիշողության ձեւով Կոմիտաս է ներկայացնում: Ի դեպ, ես եմ թարգմանել ու հրատարակել ամերիկահայ Ավիկ Դերենցի հովանավորությամբ Թբիլիսիում տպագրվող իմ հիմնադրած (թարգմանական գրականության գրադար» մատենաշարով: Սա ամբողջ ժողովրդի պատմությունն է տվել, բայց չկան այդտեղ ցնցող տեսարանները: Ի վերջո, ինչո՞ւ ենք այդ ցնցող տեսարանները ներկայացնում, այդ խեղճերի դաժան կադրերը ի ցույց դնում, որ մարդիկ մեզ խղճա՞ն: Ես գտնում եմ, որ հայը հպարտ ազգ է եւ պետք չէ, որ ինձ խղճան: Ես հայուհի եմ եւ ուզում եմ, որ ինձ հասկանան, գնահատեն եւ գնահատելով ընդունեն ու վերադարձնեն այն, ինչ մեզ է պատկանում: Կարեւորն այն է, որ ցեղասպանությունը աշխարհը ճա-նա-չի, մինչդեռ չգիտեմ այս միջոցառումներով մենք կկարողանա՞նք ստիպել ճանաչել: Ուղղակի, չեմ ուզում, որ լալկան երանգներ հաղորդվեն այս ամենին, չեմ ուզում խղճալի վիճակում հանդես գանք: Ցեղասպանությունը մեր ցավն է, բոլորի հետ է, բոլորիս մեջ է նստած, սա մինչեւ գերեզման ամեն մի սերնդի պիտի ուղեկցի ու դրա համար ենք արդար դատ ուզում: Այնպես որ, եթե այս երբեմն ամպագոռգոռ կոչերը կօգնեն գործին, ապա դեմ չեմ դրան, իսկ եթե չեն օգնի` դեմ եմ:
- Իսկ ի՞նչն է Վրաստանին խանգարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
- Ձեր հարցին հարցով պատասխանեմ՝ իսկ ինչո՞ւ Իսրայելը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, երբ ինքը հոլոքոստ է տեսել: Ուրեմն` պատասխանս սոսկ ենթադրելի կարող է լինել: Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերն է, այդքան հե՞շտ է այս դեպքում հարաբերություն փչացնելը ...Վերջ, արդեն գնաց շահի, խաղի հարց… Ժամանակի «բնավորություն»…Ժամանակի համապատկերում… Սա է նաեւ երկրներին կապում այսօր: Ես չգիտեմ՝ աշխարհն այս ձեւով ո՞ւր է գնալու, երբ պատերազմի ուրվականը շրջում է ամենուր:
«Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒՆԻ ԹԱԽԻԾՆ
ՈՒ ԿԱՐՈՏԸ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
-Քանի դեռ շատ չենք խճճվել քաղաքականության մեջ, վերադառնանք մշակութային հարցերին: Խոսակցություններ կային, որ այս տարի տերյանական միջոցառումը Գանձայում քաղաքականացված էր: Ի±նչ կասեք այս մասին:
- Այս տարի չեմ եղել միջոցառմանը, բայց լսել եմ այդ մասին այնպիսի մարդկանցից, ովքեր ուղեղ ունեն ու մի քանի տարի առաջ էլ ինքս ներկա լինելով` այդպես եմ մտածել: Այնպես որ, հավատում եմ: Չի՛ կարելի, մշակույթը պետք է մնա մշակույթ: Ուրեմն` Տերյանին դուրս եք բերում որպես քաղաքական գործի՞չ, բա ո՞ւր մնաց նրա քնարերգությունը, ո՞ւր մնաց Տերյանի թախիծն ու կարոտը: Ի՞նչ գործ ունի թախիծն ու կարոտը քաղաքականության հետ: Այս մշակույթը պիտի պահպանենք մաքուր ձեւով, իսկ դրա նախնական ձեւը ապաքաղաքականն է: Սրա մասին ես կասեմ ու կգոռամ: Իհարկե, ինքս էլ եմ ինչ-որ քաղաքականություն տանում, ի վերջո, հայ-վրացական ժողովուրդների բարեկամություն պրոպագանդելը նույնպես քաղաքականության պես մի բան է: Բայց լրիվ միջոցառումը սկսել քաղաքական ելույթներով` որտեղ քաղաքական գործիչների կողքին մշակույթի գործիչը խեղճ-խեղճ կանգնում է, թե երբ իրեն պետք է երկու րոպեի խոսք տան ու ասեն` երկու րոպեից ավելի չպիտի խոսես, ես դա չեմ ընդունում:
- Ի դեպ, որքանով տեղյակ ենք` օրերս լույս է տեսել Ձեր նոր` «Հենց այսպես» վերնագրով գիրքը, որը գրեթե համընկավ Ձեր հոբելյանական տարեդարձի հետ: Ի՞նչ տվեց Ձեր նոր, ինչպես Դուք կասեիք` «հոգեզավակի» ծնունդը:
- Մի քիչ ուշացավ, տխրեցի մի քիչ...Բայց, չեմ թաքցնում, հենց տեսա գրքի շապիկի նկարը, այնպես ուրախացա. կարծես առաջին գիրքս էի տեսնում, մինչդեռ 31-րդն է…Երեւի հոբելյանական է , բարի կամքի դրսեւորում է, դրա համար... Վերջին մեկ տարվա մտորումներս են այս գրքում… Մեր շուրջը տեղի ունեցող այն ամենաանցակալիի, տհաճի ու վտանգավորի մասին, մարդկային այն սառնասրտության, այն շահով, ատելությամբ, կեղծիքով միավորված մարդկային փոխհարաբերությունների մասին, ինչը մտահոգում է մարդկանց… Լավի ու լուսավորի մասին էլ կա...դա էլ եմ անցկացրել հոգուս քուրայով ու դրա մասին էլ գրել...Այն մասին, ինչ ուզում եմ, որ լինի... Ուզում եմ, որ բարիքը շատ լինի. աճի, բազմանա, ուզում եմ ուշադրությունը շատ լինի, չանտեսվի ոչ ոք ու ոչինչ…Այս գիրքը մի անգամ եւս համոզմունք տվեց ինձ, որ գնահատող մարդիկ կան, որ մարդկային հոգու լույսը անմեռանելի է իսկապես...Այդ լույսի ցոլքերն են ասես գրքիս վրա...Ու այդ ցոլքերը ջերմությամբ ու ուրախությամբ են համակել հոգիս...Այդ ուրախության համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին՝ գրքիս հրատարակության բարի կամքով աջակցելու համար, գեղեցիկ հրատարակություն, որը սիրով իրականացրեց Երեւանի «Ծիծեռնակ» հրատարակչությունը՝ ի դեմս տնօրեն, բանաստեղծուհի, գրքիս խմբագիր Անուշ Վարդանյանի... Մարդկային հոգու լույսն իսկապես անմեռանելի է...Անուշ Վարդանյանն էլ հենց հուրախություն իմ, նախաձեռնեց գրքիս հրատարակությունը՝ որպես նվեր հոբելյանիս... Հենց այսպես:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

