ՙԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԼԻՆԻ՚
Արխիվ 12-16ՙԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԼԻՆԻ՚
Թե ինչ հեռանկարներ են ուրվագծվում Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուց հետոª փորձեցինք հետաքրքրվել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.-Ասեմ, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական միություն է` հենված անդամ պետությունների տնտեսական շահերի վրա: Եվ դրանով իսկ կազմակերպվում է մաքսային ընդհանուր տարածք ունենալու առեւտրատնտեսական հարաբերությունները` ապրանքների ծառայությունների եւ աշխատանքների համապատասխան ստանդարտների բերելու, դրանց մուտքը եւ դրանց շարժունակությունը անդամ պետությունների տարածքում ազատականացնելու, դյուրացնելու, ներդրումային ընդհանուր միջավայր ստեղծելու եւ տնտեսական փոխհարաբերություններ կազմակերպելու առումով: Բնականաբարª որոշ տեսանկյունից այս ամենը դիտարկելով, կարող են ասել, օրինակ, գիտեքª այստեղ կան նաեւ քաղաքական խնդիրներ: Կամ կարող են ասել նաեւ, որ տնտեսական արդյունավետությունը հիմնավորելու համար անհրաժեշտ է նաեւ անվտանգության միասնական խնդիրների շուրջ մտածել եւ այլն: Այսինքնª սրանք պահի գործընթացի առումով կարող են լինել եւ օբյեկտիվ դիտարկումներ, եւ` սուբյեկտիվ: Հետեւաբար ասել, որ այսօր ի հայտ են գալիս քաղաքական խնդիրներ կամ վաղը դրանք ընդհանրապես բացառվելու են` չի կարելի: Ամեն դեպքումª Եվրասիական տնտեսական միությունը բացառապես տնտեսական միություն է, եւ սա բազմիցս հայտարարել են Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների ղեկավարները, այդ թվումª նաեւ մեր երկրի նախագահը:
Այս գործընթացը բխում է ՀՀ-ի տնտեսական երկարատեւ եւ կարճաժամկետ շահերից, գումարած Հարավային Կովկասի համար անհրաժեշտ կայուն զարգացումները` անվտանգության համապատասխան հովանոցը, որը մենք ուզում ենք անպայման ունենալ, ի հեճուկս Ադրբեջանի քաղաքականության, որը ամբողջությամբ ներկայանում է որպես տարածաշրջանային անվտանգության սպառնալիք: Եվ, բնականաբար, նաեւ անվտանգության համապատասխան ամուր հիմքեր ստեղծելու համար, կենսական նշանակություն ունեցող շահերով պայմանավորված է կայացվել այս որոշումը` նախորդ տարվա սեպտեմբերի երեքին: Եվ հոկտեմբերի 10-ին այդ որոշման առաջին կարեւորագույն քայլը` իրականացման առումով կատարվեցª ստորագրվեց պայմանագիր, ըստ որի ՀՀ-ն միանում է ԵՏՄ-ին: Հաջորդ մեր քայլը կլինի ներպետական վավերացման ընթացքը:
- Երբ պայմանագիրը կներկայացվի ԱԺ վավերացման:
- Մենք, ըստ էության, պետք է հասցնենք մինչեւ հաջորդ տարվա հունվար ավարտել բոլոր ներպետական գործընթացները: Որովհետեւ մյուս պետությունները ԵՏՄ-ի ստեղծման պայմանագիրն արդեն իսկ վավերացրել են իրենց խորհրդարաններում:
- Վերջերս հաճախակի է խոսակցության թեմա դառնում այն հարցը, որ չնայած մենք անդամագրվում ենք ԵՏՄ-ին, բայց ՌԴ-ն շարունակում է Ադրբեջանի հետ զենքի առք ու վաճառք իրականացնել: Ի±նչ կասեք այդ առումով:
- Տնտեսական միությունը ո°չ Հայաստանին, ո°չ Ռուսաստանին, ո°չ Ղազախստանին, ո°չ Բելառուսին, ո°չ էլ ապագայումª Կիրգիզիային չի սահմանափակելու այլ` ԵՏՄ-ի ոչ անդամ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունները: Չեմ կարծում, որ նման տեսակետներ արտահայտողները քաղաքականությունից հասկացողներ են, դա զուտ արկածախնդրություն է, որը մեզ համար չէ: Հատկապես մեր տարածաշրջանում, մեր աշխարհագրական դիրքում գտնվող պետությունները պետք է նման հարցերում զգույշ լինեն: Մենք նմանատիպ կարճաժամկետ խնդիրներով անվտանգություն չենք ապահովի. անվտանգությունը պետք է երկարաժամկետ եւ հավասարակշռված լինի ժամանակակակից աշխարհում: Թե չէ տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արեւելքում:
- Պարոն Զաքարյան, կարող եք ասել, թե ինչ նկատի ուներ Նազարբաեւը, երբ ասում էր` ՀՀ-ի հետ անդամակցելուց առաջ փոխզիջումային բանակցություններ են ընթացել:
- Ես չեմ կարող մեկնաբանել Նազարբաեւի հայտարարությունը, բայց ծանոթ լինելով ստորագրված պայմանագրին` կարող եմ ասել` ՀՀ-ի անդամակցության հետ կապված որեւէ խնդիր, խոչընդոտ անդամ պետությունները չեն տեսել: Իսկ ՀՀ-ն երբեք չի միացել եւ չի միանա այնպիսի համաձայնագրի, որը թեկուզ մի փոքր անգամ հակասելու է մեր ռազմավարական շահերին:
- Որքանով եք հնարավոր համարում խոսակցություններն այն մասին, որ ԵՏՄ-ին անդամագրվելով` Հայաստանը կարող է խնդիրներ ունենալ հարեւան Վրաստանի հետ: Հաշվի առնելով այն փաստը, որ հիմնական ապրանքաշրջանառությունը իրականացվում է հենց այդ պետության միջոցով, իսկ Վրաստանը գնում է դեպի Եվրոպա:
- Մենք ունենք այդ համաձայնագրի հավելվածներից մեկը, որը վերաբերում է հենց այդ հանգամանքին. կարգավորում է Վրաստանով մեր ապրանքների տարանցման հնարավորությունները: Այնպես որ, մենք Վրաստանի հետ որեւէ խնդիր չենք ունենա, քանի Վրաստանը մեզ համար շատ կարեւոր պետություն է, որի հետ ունենք երկկողմ շատ պրոգրեսիվ հարաբերություններ: Չպետք է մոռանալ, որ այսօր հայ-վրացական սահմանն ունի շատ կարեւոր, երկկակի նշանակություն: Եթե Վրաստանը վերջնականապես ասոցացվի Եվրամիության հետ, ապա հայ-վրացական սահմանը կունենա Հայաստանի համար Եվրամիության սահմանի նշանակություն, իսկ Վրաստանի համար` Եվրասիական տնտեսական միության սահմանի նշանակություն: Եվ այստեղ անհրաժեշտ է, որ եւ վրացական, եւ հայկական կողմը գտնեն հնարավորություններª օգտվելու, եւ ոչ թե հակասություններ: Եվ վերջապես Վրաստանն ունի իր շահերը, որոնք մենք հարգում ենք, եւ մենք էլ ունենք մեր շահերը: Այնպես որ, այստեղ պրոբլեմներ փնտրելը կամ փորձել գոյություն չունեցող խնդիրներ բերել եւ քննարկել, կարծում եմ` ճիշտ չէ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

