ՙՙՀԱԿ-Ը ՓԼՈՒԶՎԵՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԳՆԱՑ ԲՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ՚
Արխիվ 12-16ՙՀԱԿ-Ը ՓԼՈՒԶՎԵՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ,
ԵՐԲ ԳՆԱՑ ԲՀԿ-Ի ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ՚
Երեկ ՙԱզդակ՚ լրագրողական ակումբում ՙՔրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՚ կուսակցության նախագահ ՍՈՍ ԳԻՄԻՇՅԱՆԸ հիմնականում խոսեց հոկտեմբերի 10-ի հանրահավաքի մասին եւ ասաց, որ, այո, երկրում պետք է լուրջ փոփոխություններ իրականացնել, եւ դրանք պետք է տեղի ունենան առանց ցնցումների ավելացնելով. ՙԱստված չանի, ուկրաինական տարբերակը տեղի ունենա Հայաստանում՚: -Մեզ հարկավոր են նոր գաղափարներ, նոր մոտեցումներ, քանի որ պրոբլեմները խորանում են, ուստի փոփոխություններն անհրաժեշտ են` ժողովրդի ակտիվացմամբ: Ես ուրախ եմ, որ ժողովուրդը ակտիվ էր, բայց փոփոխություններ կատարելու համար ավելի մեծ զանգված է հարկավոր եւ այնպիսի հարցադրումների առաջ քաշում, որպեսզի ազգովի կանգնեն դրա կողքին:
- Ձեր կարծիքով` իշխանափոխության կարիք կա:
- Ես կընդունեմ ցանկացած քաղաքական կուրսի փոփոխություն, եթե դա ոչ միայն ասվի, այլ նաեւ արվի: Լինելով ընդդիմություն` ես դա կողջունեմ, եւ եթե կարիք լինի, ես եւս կաջակցեմ ցանկացած իշխանության: Ինձ համար իշխանավորի անունը կարեւոր չէ, այլ կարեւոր է, թե ինչ է ուզում եւ ինչպես է իրականացնում: Իրական իշխանությունն այն է, որտեղ կա ժողովրդի վերահսկողություն:
- Ինչպես կգնահատեք երեք ոչ իշխանական ուժերի լիդերների հայտարարությունը եւ մասնակցե±լ եք հանրահավաքին:
- Ոչ, չեմ մասնակցել: Եթե դուք հիշում եք, ես ՀԱԿ-ի լիիրավ անդամ եմ եղել, որտեղ 18 կուսակցությունների միավորմամբ` կոնսենսուսով որոշումներ էին կայացվում: Իսկ հիմա մնաց ՀՀՇ-ն: Պրոբլեմները սկսվեց այն պահից, երբ քաղաքագիտական նպատակներով` Լ. Տեր-Պետրոսյանը գնաց ԲՀԿ-ի հետ համագործակցության: Դա իր մոտեցումն է, բայց հենց այդտեղից որոշումներ ընդունելը դժվարացավ ՀԱԿ-ում: Ցանկացած որոշում կարելի է ընդունել, եթե դրան տրվում է տրամաբանված բացատրություն:
Ինչ վերաբերում է լիդերներին, ապա ես կցանկանայի, որ հանրահավաքը ավելի որակյալ լիներ եւ ավելի մեծ վստահություն ունենային լիդերները: Մի մասը նախկին իշխանավորներ են, մի մասը այսօրվա իշխանավորների մաս են կազմել, եւ նույնիսկ մարտի 1-ին նախկին իշխանությունների հետ ժողովրդի դեմ զենք են կիրառել, իսկ մյուսն էլ, նախագահական ընտրություններին ստացավ ժողովրդի լուրջ վստահության քվեն, բայց որեւէ փոփոխություն, առաջխաղացում տեղի չունեցավ: Կցանկանայի, որ նման հանրահավաքների ժամանակ, եթե իշխանափոխություն տեղի չի ունենում, ապա փոխադարձ ազդեցություններով կամ ճնշումներով առաջ գնային: Հարցն այն է, որ մենք ուզում ենք միանգամից ունենալ մաքսիմալ արդյունք:
ՙԹԵ ՈՐՔԱՆՈՎ ԵՆ ՀՐԱՇԱԼԻ`
ԹՈՂ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՍԻ՚
-Ձեր կարծիքով` ինչպես պետք է եռյակը կամ քառյակը առաջ գնա, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ եռյակում միասնական օրակարգ չկա: Այսուհետ` կարելի± է նրանց հրաշալի համարել:
- Որքան լայն է քաղաքական ուժերի շրջանակը, այնքան` լավ, բայց կարեւորը դա չէ: Իմ պատկերացմամբ` այս ուժերը բավական տարբեր են, կա արեւմտամետ ուժ, կան անհասկանալի կեցվածք ունեցող ուժեր եւ այլն: Անհասկանալի է առհասարակ, թե ինչպես ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը կարող են համագործակցել, կամ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը` այն դեպքում, որ մի քանի տարի առաջ լարված հարաբերություններ էին: Լավ կլինի, որ ժողովուրդը տա այդ հրաշալիի գնահատականը: Ցավոք, այն, ինչ տեսնում եմ, կրկնությունն է 2008 թվականի. նոր գաղափար եւ նոր խոսք չկար:
- Եթե հաշվի առնենք` հոկտեմբերի 10-ի հանրահավաքին մի առաջնորդը չխոսեց, մյուսն ինչ ասաց` ոչ ոք գրեթե չլսեց, եւ միայն ԼՏՊ-ն խոսեց եւ կրկնեց այն ամենը, ինչ ասում է միշտ: Ձեր կարծիքով` մյուս հանրահավաքին ընդառաջ` վստահությունն այլեւս կորած չէ±:
- ԲՀԿ առաջնորդը, քանի որ գիտի, որ ազդեցիկ խոսքի շնորհք չունի, հրապարակային գործիչ չէ, այլ տնտեսական գործիչ է, դժվար է ՀՀ 1-ին նախագահի կողքին ելույթ ունենալը` անկախ նրանից, որ նա կրկնողություն էր անում: Այսօր մեր երկրում երկու կռվախնձոր կա: Մեկը` ԵՏՄ-ի հարցն է, որն արդեն լուծվեց, մյուսը գերտերություններն են. մեկը` Արեւմուտքը, մյուսը` Ռուսաստանը, որը ձգտելու է, որ Հայաստանում կայունություն լինի, իսկ Արեւմուտքը կանի ամեն բան, որ ապակայունություն մտցնի եւ ՌԴ-ի համար ստեղծի խնդիրներ: Այս երկու ծանր հարցերը կան, որոնց պայքարը կարող է ոչ ցանկալի եւ ոչ հայանպաստ իրավիճակներ ստեղծել:
ՉԷԻ ՑԱՆԿԱՆԱ, ՈՐ ՕԼԻԳԱՐԽԸ
ԻՄ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԼԻՆԵՐ
-ԲՀԿ առաջնորդը մինչ հանրահավաքը ասել է, որ հնարավոր է` իր թեկնածությունն առաջադրի նախագահական ընտրություններում: Ձեր գնահատականը` դրա հետ կապված:
- Դա ցանկացած մարդու սահմանադրական իրավունքն է, բայց ես չէի ցանկանա, որ իմ երկրի նախագահը չլիներ քաղաքական դեմք: Իսկ Գագիկ Ծառուկյանը տնտեսական դեմք է, իր կուսակցությունն էլ պետք չէ քանակով գնահատել, այլ` ծրագրերի որակով, իսկ ես առանձնապես լուրջ ծրագրեր այնտեղ չեմ տեսնում: ԲՀԿ-ն նյութական ռեսուրսների վրա ստեղծված կառույց է: Հետեւաբար, ես չէի ցանկանա, որ իմ երկրի նախագահը լիներ օլիգարխ: Իսկ օլիգարխ նշանակում է օրենքները շրջանցելով` ունենալ որոշակի չակերտավոր հաջողություններ: Լինելով օլիգարխ` լավ կլինի շարունակի իր գործունեությունը տնտեսական ոլորտում, եւ այն ունեցվածքը, որն ունի, լավ կլինի, որ իշխանությունը պարտադրի` ասելով` այդ ունեցածդ օգտագործի տնտեսությունը զարգացնելու համար եւ ոչ թե 500 հազար դոլարանոց մեքենա քշիր կամ 1000 մետր տուն ունեցիր: Այդ ունեցվածքը քո ձեռքի տակ է, բայց դա այս պետությանն է: Օլիգարխների հետ կարելի է լեզու գտնել եւ բերել տնտեսական դաշտ եւ օգտակար լինել մեր տնտեսությանն ու արդյունաբերությանը, եւ ոչ թե գան եւ սկսեն քաղաքականությամբ զբաղվել:
- Հանրահավաքի ժամանակ ԲՀԿ առաջնորդն ասաց, որ նա եկել է ժողովրդին լսելու, իսկ ՀԱԿ առաջնորդն էլ, դիմելով ժողովրդին` ասաց, որ նրանք չեն որոշում, թե ինչ շարունակություն պետք է լինի: Ինչպե±ս կմեկնաբանեք երկու լիդերների այս հակասությունը:
- Այս իմաստով Լ. Տեր-Պետրոսյանն ավելի ազնիվ է, քանի որ քաղաքական առաջնորդները հաշվի նստում են ժողովրդի ցանկությունների հետ, բայց երբեք նրանց ցանկությունների հետեւից չեն գնում, որից հետո ժողովուրդը մտածում է` գնալ նրանց հետեւից, թե± ոչ: Եթե ժողովուրդը հենվեր նախկին պայքարների վրա, ապա չպետք է գար միտինգին, իսկ նախկինում ԲՀԿ-ն իշխանություն էր, ՀԱԿ-ը գտնվում էր մի գործընթացի մեջ, որը տապալվեց: Ամեն անգամ ժողովուրդը գալիս է նոր հույսով, նոր պայքարի տեսակ տեսնելու: Եվ հիմա ի±նչ է նշանակում` եկել եմ ձեզ լսելու, այսքան ժամանակ, ինչ է, չէիք լսել ժողովրդին: Ես սա խաբեություն եմ համարում: Պետք է գալ եւ ասել, թե ինչպես ես պայքարելու եւ իրականացնելու այն փոփոխությունները, որոնք հասունացել են:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

