ԶԱՐՄԱՆՔ
Արխիվ 12-16
Մեր ժամանակները լի են անակնկալներով: Զորօրինակ, զարմանքով հայտնաբերեցինք, որ կյանքից, աշխարհից ու ինքնիրենից մշտապես դժգոհ ՙԺառանգության՚ գլխավոր քարտուղար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ շատ գոհ է Երեւանի տոնից. ՙԱյսօր դստերս հետ ողջ օրը թափառեցինք տոնական Երեւանում: Կանխավ ասեմ` Երեւանն այսօր տեսա այնպիսին, ինչպիսին տեսել եմ այցելածս եվրոպական քաղաքները` Աստծո գրեթե ամեն օր` ուրախ, մարդաշատ, միջոցառումներով ու հետաքրքիր անկյուններով լի, պոզիտիվ: Շատ ուրախացա` տեսնելով այդքան երիտասարդություն, մարդկային հոսք, շարժում: Ամենակարեւորը` ՇԱՐԺՈՒՄ, որը այլեւս չեմ զգացել վերջին տարիներին: Նախ` աղջիկս որոշեց, որ մենք պետք է միանանք քաղաքապետարանի մոտից մեկնարկած երթին (Պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ):
Աղջիկս էլ իմ նման հակումներ ունի` երթային զանգվածային միջոցառումների: Բայց ես զգացի, որ պառավել եմ ու հազիվ եւ հանուն դստերս ինձ քարշ տվեցի Հանրապետության հրապարակ: Մեզ շատ դուր եկան Կիրովի անվան այգում կազմակերպված միջոցառումները` համերգը, շոգեքարշը, բատուտները, մուլտֆիլմերի բարեհամբույր հերոսները, ովքեր իրենք էին երեխաներին համոզում իրենց հետ նկարվել (փող էլ չպահանջելով), կարուսելները, որտեղ արդեն բարի պապիկը էլ չէր կարողանում հսկել, թե ով է փող տվել ու զգում էիր, որ լիքը փող չունեցող երեխաներ օգտվում են՚: Հետաքրքիր է, այդ ի±նչ է պատահել Ս. Սաֆարյանին, որ հանկարծ այդպիսի լավատեսությամբ է լցվել: Չլինի± այնքան է ուրախացել հանրահավաքի ընթացքում ՙեռյակի՚ խայտառակ լինելուց, որ ամեն ինչ աչքին այժմ վառ ու լուսավոր է երեւում:Բայց, օրինակ, նրա կուսակից ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ մասին Գալուստ Սահակյանը լիովին ճիշտ էր ասել, երբ հերթական խորհրդարանական ճվոցին ի պատասխան` արձագանքել էր, որ ժամանակն է բժիշկ կանչել: Ահավասիկ, ինչ հայտարարություն է հրապարակել սույն պատգամավորուհին խորհրդարանական ժամով. ՙՀայ ժողովրդի դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին դռնբաց դատական նիստում` դատարանում (նստավայրը` Երեւան, Ազատության հրապարակ), քննեց Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը եւ Հանուն հայ ժողովրդի եւ ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի` Հայ ժողովրդի դատարանը վճռեց. Սերժ Ազատի Սարգսյանին դատապարտել ցմահ ազատազրկման, Սերժ Ազատի Սարգսյանից բռանագանձել հայ ժողովրդից հափշտակված գույքը, Սերժ Ազատի Սարգսյանի նկատմամբ պատժի կրումը նշանակել ՙՎարդաշեն՚ քրեակատարողական հիմնարկում: Դատավճիռը մտնում է օրինական ուժի մեջ հայ ժողովրդի կամքով՚: Ու ի±նչն է հետաքրքիր` այդ տեքստը նա տարածել է ՙԺառանգություն՚ խմբակցության լրատվական ծառայության անունից: Հետաքրքիր է, ումի±ց է բաղկացած այդ ծառայությունը, եւ ինչպե±ս կընկալի այդ ՙծառայության՚ տարածած տեքստը խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Հավանաբար, ստիպված կլինի դա մարսելու համար դիմել քյավառցիների ավանդական միջոցին, այլապես Փոստանջյանը ում ասես կհասցնի խելագարության:
Բայց նման է, ոչ միայն Զարուհի Փոստանջյանի, այլեւ ծերուկ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ մոտ է տարել: Ահա մի հատված նրա ելույթից. ՙԱվելի հարմար պահ, երբ վարչախումբը բոլորովին մեկուսացված է ու բարոյալքված, իսկ ընդդիմությունը` առավելագույնս համախմբված ու վճռական, եւ երբ ժողովրդի համբերության բաժակը լցվել է մինչեւ պռունկ, իսկ միջազգային հանրությունն էլ երես է թեքել Հայաստանի իշխանություններից, դժվար է պատկերացնել՚: Զարմանալի է, այդ որտե±ղ է տեսել ծերուկը ՙմիջազգային հանրության՚ կողմից երես թեքելը` ու հենց այն պահին, երբ Մինսկում ստորագրվեց Հայաստանի մուտքը ԵՏՄ: Թե± նրա համար միջազգային հանրությունը բաղկացած է միայն ԱՄՆ-ից ու Եվրոպայից, իսկ ցամաքի 1/6-ը զբաղեցնող Ռուսաստանը, էլ չենք խոսում Ղազախստանի ու Բելառուսի մասին, պարզապես չի տեսնում... Կամ չի տեսնում մեր հարեւան Իրանին, Վրաստանին, բազում այլ երկրներ: Ուստի զարմանալով հանդերձ, մնում է եզրակացնել, որ կամ ԼՏՊ-ն արդեն կարիք ունի Ռոբերտ Քոչարյանի ասած, ՙուրիշ մասնագետի՚, կամ պարզապես կեղծավոր դերասանություն էր անում, երբ հայտարարում էր, որ ԵՏՄ-ի իրողությունն անշրջելի է, իսկ դրա դեմ հանդես եկողները ՙջղաձգվում՚ են:
Դե, եթե ԼՏՊ-ի պես ՙգիգանտները՚, մեղմ ասած, հակատրամաբանական բաներ են ասում, ապա չպետք է զարմանալ, որ տարատեսակ ծակ պրոֆեսոր ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ կոչեցյալները դեմքի ամենալուրջ արտահայտությամբ պատմում են քաղաքականությանը վերաբերող Գյուլնազ տատի հեքիաթներ: Մի կողմ թողնենք այն հեքիաթը, իբր էսօր-էգուց Արցախը մեզանից կանջատեն մաքսային սահմանով եւ հում-հում կուտեն` այդ հեքիաթից արդեն կոշտուկներ են գոյացել ամբողջ ժողովրդի թմբկաթաղանթների վրա: Ներկայացնենք ավելի ՙթարմոտ՚, բայց ոչ պակաս զարմանալի հեքիաթ. ՙՀոկտեմբերի 24-ին ակնկալում եմ, որպեսզի հենց ԲՀԿ առաջնորդի ծրագրային ելույթով ազդարարվի իշխանափոխության գործընթացի սկիզբը, ինչի պարագայում շատ կարճ ժամանակում հանրահավաքի մասնակիցների պակաս չենք ունենա Ազատության հրապարակում, որը լիովին բավարար կլինի իշխանություններից հրաժարական պահանջելու, իսկ չհամաձայնելու դեպքում նրանց հրաժարական պարտադրելու համար: Պարզ է, որ խնդիրները մեկ օրում չեն լուծվելու, բայց իշխանափոխության գործընթացի սկիզբ պետք է համարել հոկտեմբերի 24-ը: Հատկապես որ, ե°ւ քաղաքական ուժերը, ե°ւ հանրությունը պատրաստ են պայքարի՚: Պատկերացնում եք` որ ԲՀԿ-ն ազդարարի իշխանափոխության սկիզբ... Ախր, աչքերովս տեսնեմ` չեմ հավատա ու կգնամ աչքերս ստուգելու:
Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

