Հոկտեմբերի 10-ի ԱԺ ոչ իշխանական ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ ՙԺառանգության՚ համատեղ հանրահավաքը շարունակվում է քննարկվել, մասնավորապես քննարկվում է ՙեռյակի՚ կողմից ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին անտեսելու փաստը: ՙԻրավունքն՚ արդեն տեղեկացրել էր, որ հանրահավաքին` որպես շարքային քաղաքացի, մասնակցելու էր նաեւ ՙԺառանգության՚ անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ: Մենք փորձեցինք պարզել` ինչ տպավորություն ստացավ տիկին Բախշյանը հանրահավաքից, արդյոք մասնակցելու է ՙեռյակի՚ հաջորդ հանրահավաքին: Տիկին Բախշյանն ասաց, որ մասնակցել է որպես ՀՀ քաղաքացի. ՙՇատ կարճ կանգնել ու գնացել եմ՚:
- Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը լսելուց հետո գնացել եք: - Նույնիսկ Րաֆֆիին չեմ լսել: - Իսկ հաջորդ հանրահավաքին գնալու եք: - Հիմա չեմ խոսելու: Դեռ ժամանակը չէ: Փորձեցինք կապ հաստատել նաեւ ՙԺառանգության՚ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն ողջ օրվա ընթացքում զանգերը մնացին անպատասխան: Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ ՙԺառանգությունը՚ որոշակի հետեւություններ է արել նախորդ հանրահավաքից եւ, կարծես թե, հասկացել մամուլի որոշ հրապարակումներն այն մասին, որ ՙԺառանգությունն՚ իր առաջնորդով ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համար ՙերրորդն ավելորդի՚ կարգավիճակում է: Պատահական չէ, որ ՙԺառանգության՚ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ համագործակցող ուժերը պետք է ունենան միասնական օրակարգ, ճանապարհային քարտեզ եւ առաջիկա քայլերի հստակություն: