ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԽԱԼԱԹ ՀԱԳՑՐԱԾ ՔՆՆԻՉԸ ՀԵՌԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ՙԱյնպիսի տպավորություն էր, որ կարծես ես ՙԿամազի՚ ղեկին նստած լինեի կամ Հրաչյային բանտ նստեցրած լինեի՚,- լրագրողների հետ հանդիպմանը խոսելով հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործի մասին` այսպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի հայերի միության նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ:
Հիշեցնենք` Մոսկվայի Տրոյիցկի դատարանը մեղավոր էր ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով Պոդոլսկի մոտակայքում բեռնատարով բախվել էր ավտոբուսին, որի հետեւանքով 18 մարդ էր մահացել: Արա Աբրահամյանը հիշեց նաեւ Հրաչյա Հարությունյանին խալաթ հագցնելու պատմությունը. ՙԵթե այդ րոպեին ես այնտեղ չլինեի, կարող էր ամբողջ հայության դեմ մեծ ալիք բարձրանար: Ռուսաստանի կենտրոնական ալիքով երկու հաղորդում պատրաստեցինք այդ թեմայով, գնացինք մեկուսարան, տեսանք Հրաչյային: Ցանկանում եմ, որ բոլորդ իմանաք` ես պարտավոր չէի դա անելու, քանի որ Ռուսաստանի հայերի միության պարտավորությունների մեջ դա չէր մտնում: Պարզապես, ես դա արել եմ` որպես հայրենասեր հայ՚: Պարոն Աբրահամյանը տեղեկացրեց, որ Հրաչյային խալաթ հագցրած քննիչին իրենք պատժել ու աշխատանքից հեռացրել են: Անդրադառնալով գործարար Լեւոն Հայրապետյանի դեմ հարուցված գործին` Արա Աբրահամյանը պնդում է, որ Lեւոն Հայրապետյանն անմեղ է. ՙԺամանակ է պետք, որ քննությունը պարզի Հայրապետյանի անմեղությունը: Քննչական մարմինները զբաղված են այդ գործով՚: Արա Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ Լեւոն Հայրապետյանին աջակցելու համար դիմել է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: